Լրահոս
Օրվա լրահոսը

«Ռեկետը» լիցենզավորված է եւ անխուսափելի

Օգոստոս 04,2010 00:00

Նախորդ օրը «Առավոտը» ստացավ պետական եկամուտների կոմիտեի պատասխանը, որին սպասել էինք ավելի քան մեկ ամիս: Դրանում, մասնավորապես, գրված է. «Առավոտ» օրաթերթի հուլիսի 31-ի համարում տեղ գտած «Ռեկետն էլ ո՞նց է լինում» հրապարակման վերաբերյալ հարկ ենք համարում պարզաբանել հետեւյալը. «Լիցենզավորման մասին» ՀՀ օրենքի 43-րդ եւ ՀՀ Մաքսային օրենսգրքի 59-րդ հոդվածների համաձայն, մաքսային փոխադրողի գործունեությունը, այսինքն՝ մաքսային հսկողության ներքո գտնվող ապրանքների տեղափոխումը մեկ մաքսային մարմնից մյուսը լիցենզավորման ենթակա գործունեություն է: Տեղեկացնենք, որ տվյալ գործունեությամբ զբաղվելու համար առայժմ լիցենզավորվել է միայն մեկ տնտեսվարող սուբյեկտ՝ «Վիլլա Տրանս» ՍՊԸ-ն. այս ընկերությունը մաքսային փոխադրողի լիցենզիա ստացել է 2009թ.-ի օգոստոսի 20-ին: «Վիլլա Տրանս»-ը գործում է Սյունիքի տարածաշրջանում եւ սպասարկում է միայն Մեղրիի մաքսային կետով իրականացվող բեռնափոխադրումները: Մյուս մաքսային կետերում նմանատիպ գործունեություն ծավալելու համար լիցենզավորման հայտեր ՀՀ ՊԵԿ-ն առայժմ չի ստացել: Եվ այդ պատճառով էլ լիցենզավորման պահանջն առայժմ կիրառվում է միայն Մեղրիի մաքսակետում: Մյուս մաքսային կետերում նույնպես մաքսային փոխադրողի ինստիտուտի ներդրումը մեծապես կբարձրացներ մաքսային հսկողության ենթակա բեռնափոխադրումների նկատմամբ իրականացվող հսկողության արդյունավետությունը: Սակայն, ինչպես արդեն նշվել է, այս պահին այլ մաքսակետերում մաքսային փոխադրողի գործունեություն ծավալելու վերաբերյալ լիցենզավորման հայտեր ՀՀ ԿԱ ՊԵԿ-ը չի ստացել, եւ «Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 68-րդ հոդվածի 4-րդ մասին համապատասխան, այդ մաքսային կետերով բեռնափոխադրումներ իրականացնողներին լիցենզավորման պահանջ առայժմ չի ներկայացվում:
Մեկ մաքսային մարմնից մյուսը մաքսային հսկողության ներքո գտնվող ապրանքների փոխադրումը մաքսային հսկողության կարեւորագույն ռիսկերից է՝ կապված փոխադրման ընթացքում ապրանքների բեռնաթափման, լրաբեռնման եւ ապօրինի այլ գործողությունների իրականացման բարձր հավանականության հետ: Մաքսային փոխադրողը չեզոքացնում է այդ ռիսկը՝ ստանձնելով փոխադրման պատասխանատվությունը, դրանով իսկ երաշխավորելով փոխադրման համար օգտագործվող տրանսպորտային միջոցներում գաղտնարանների բացակայությունը եւ մաքսային ապահովման միջոցների կիրառումից հետո տրանսպորտային միջոցի բեռնային մասի անձեռնմխելիությունը: Փոխադրման ընթացքում բեռի կորստի, որակազրկման, սահմանված ժամկետում բեռը նշանակման վայր չհասցնելու, փոխադրման ընթացքում մաքսային ապահովումները վնասվելու եւ փոխադրման ընթացքում մաքսային կանոնների ցանկացած այլ խախտման համար օրենքով սահմանված պատասխանատվությունը կրում է լիցենզավորված անձը:
«Վիլլա Տրանս»-ի գործունեության արդյունքում էապես նվազել է տրանսպորտային միջոցներում գաղտարանների օգտագործմամբ մաքսանենգության ռիսկի հավանականությունը՝ Մեղրիի մաքսակետով իրականացվող բեռնափոխադրումներում: Նախկինում հարկային դաշտից դուրս գործող բազմաթիվ անհատ բեռնափոխադրողներ այսօր ստիպված են գործել հարկային դաշտում: Այս հանգամանքը չէր կարող դժգոհությունների տեղիք չտալ: Սակայն ՊԵԿ-ը մաքսային փոխադրողի ինստիտուտի ներդրումը եւ հետագա զարգացումը համարում է ռազմավարական խնդիր եւ այդ ուղղությամբ շարունակելու է իրականացնել անհրաժեշտ քայլեր: Նշված քայլերի համատեքստում կարեւորագույններից մեկը լինելու է սպասարկման որակի բարձրացմանն ուղղված պահանջների շարունակական ներկայացումը լիցենզավորված անձանց:
«Վիլլա Տրանս»-ը առանձին տնտեսվարող սուբյեկտ է եւ որեւէ կապ չունի ՊԵԿ-ի հետ: Ինչ վերաբերում է «Վիլլա Տրանս»-ի կողմից սահմանված ծառայությունների սակագներին, ապա դա իրականացվում է տվյալ լիցենզավորված ընկերության եւ մաքսային փոխադրում իրականացնելու համար հանձնարարական տվողի միջեւ կնքված պայմանագրի հիման վրա, հետեւաբար ՊԵԿ-ը իրավասու չէ միջամտել նրանց հարաբերություններին: Մաքսավորը ոչ թե ներմուծողին ստիպում է «Վիլլա Տրանս»-ի օգտին մուծումներ կատարել, այլ պահանջում է բեռնափոխադրման ընթացքում պահպանել լիցենզավորման մասին ՀՀ օրենքի 43-րդ եւ ՀՀ Մաքսային օրենսգրքի 59-րդ հոդվածների պահանջները»:

Նկատենք, որ մեզ դիմած տնտեսվարողները պնդում էին, որ բոլոր գործառույթները, որոնք նշված են այս պարզաբանման մեջ, եւ որոնք, իբրեւ, իրականացնում է «մաքսային փոխադրող» «Վիլլա Տրանսը» (ինչի մասին, ի դեպ, որեւէ խոսք չկա նրանց գործունեության ցանկում, որը ներառված է «Գործարար տեղեկատու» դասակարգչի բազայում), ընդամենը թղթի վրա են, եւ իրականում ոչինչ չի արվում: Հավելենք, որ այս պարագայում ակնհայտ է անհավասար մրցակցությունը. նրանք, ովքեր իրենց բեռները բերում են Մեղրիով, ստիպված են մուծել այդ գումարները, ինչ է թե՝ «Վիլլա Տրանսը» որոշել է լիցենզիա հանել, իսկ մյուս տարածաշրջաններով ՀՀ մտնող բեռները շատ լավ էլ առանց որեւէ վիլլաների ու տրանսերի գալիս են՝ որեւէ գումար չմուծելով: Կարծում ենք, ՊԵԿ-ի այս պարզաբանումը որոշ ճարպիկների լավ գաղափար կտա, թե ինչպես կարելի է չեղած տեղը, օդից փող վաստակել՝ գնում ես, լիցենզիա ես ստանում մյուս մաքսակետերում մաքսային փոխադրողի գործունեություն ծավալելու անվան տակ, մի սեղանիկ ես դնում սահմանին եւ վերջ՝ փողերն իրենք գալիս են, լցվում գրպանդ: Իսկ քանի որ այդ երեւակայական ծառայությունների սակագների հարցում էլ ՊԵԿ-ը որեւէ իրավասություն չունի, ապա թիվ կրակելը մնում է լիցենզիա ստացողի ախորժակից կախված:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել