Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

ՏԽՈՒՐ ԿԱՆԽԱՏԵՍՈՒՄՆԵՐ

Օգոստոս 04,2010 00:00

ՀՀ ԿԲ կանխատեսումների համաձայն՝ 2010 թ. շաքարավազի գները համաշխարհային շուկայում կաճեն՝ պայմանավորված շաքարավազի սպառման ռեկորդային բարձր մակարդակով՝ մինչեւ 158 մլն տոննա։ Սակայն գների կտրուկ աճը կզսպվի շաքարավազի արտադրության  աճով։ 2010-11 մարքեթինգային տարում սպասվում է 164 մլն տոննա շաքարավազի արտադրություն, ինչը 12 մլն տոննայով ավելի է նախորդ տարվա ծավալներից։ Համաշխարհային արտադրության աճը կլինի շաքարավազի արտադրության հետեւյալ խոշոր կենտրոններում՝ Բրազիլիա (աճը՝ 12%), Հնդկաստան (աճը՝ 27%), Չինաստան (աճը՝ 21%): Իսկ ԵՄ-ում, հակառակը, կանխատեսվում է շաքարավազի արտադրության 17% անկում։ Արդյունքում շաքարավազի համաշխարհային պաշարները կավելանան 2%-ով՝ 27 մլն տոննայով։ News.am-ն իր հերթին նկատում է, որ ներկայումս շաքարավազը ՀՀ մանրածախ առեւտրի ցանցում վաճառվում է 1կգ-ը 300 դրամով՝ տարեսկզբի համեմատ էժանանալով մոտ 30 դրամով (9%)։ Սակայն հունվար-մայիսին միջազգային շուկայում շաքարավազն էժանացել էր 55%-ով, այսինքն՝ մեզ մոտ գնանկումը համահունչ չէ միջազգային զարգացումներին։ Մայիսից հետո շաքարավազի միջազգային գները դրսեւորել են ոչ մեծ աճի միտումներ՝ անցյալ շաբաթվա ընթացքում շաքարավազի միջազգային գինը բարձրացել է 6,8%-ով։ Շուկայի փորձագետները կարծում են, որ շաքարավազը եւ նրա հումքը կշարունակեն թանկանալ։  Հայաստանում շաքարավազի գնաճի միտումներ դեռ չկան, այնինչ Ռուսաստանում, մասնավորապես Կրասնոդարում, որը ՌԴ շաքարավազի գնագոյացման կենտրոնն է, շաքարավազի մեծածախ գինը 26,70 ռուբլի է 1 կգ-ի դիմաց (326 դրամ)։ Դեկտեմբերին շաքարավազի գները ՌԴ-ում կնվազեն, իսկ միջազգային շուկայի միտումները կարտահայտվեն նոյեմբերի կեսերից։
ԿԲ-ն կանխատեսել է նաեւ հացահատիկների շուկայում գների զգալի աճ։ Ըստ այդմ՝ 2010-11թթ. մարքեթինգային տարում հացահատիկի բերքը ՌԴ-ում եւ Եվրոպայի մի շարք երկրներում կնվազի՝ տարածվող երաշտի պատճառով։ 2010-11թթ. համար սպասվում է մոտ 661 մլն տոննա հացահատիկի բերք՝ նախորդ տարվա 680 մլն տոննայի համեմատ։ Նման պայմաններում, հաշվի առնելով սպառման ծավալների անփոփոխ մակարդակը, հացահատիկի համաշխարհային պաշարները կնվազեն 193-187 մլն տոննայով։ Անցյալ շաբաթ համաշխարհային շուկայում հացահատիկի գների աճը պահպանվել է՝ ՌԴ-ում ձգձգվող երաշտի պատճառով։ 2009 թ. Ռուսաստանն ու ԱՊՀ երկրները ապահովել էին հացահատիկի համաշխարհային մատակարարումների 20%-ը։ Ցորենի գնաճը բացասաբար կանդրադառնա նաեւ եգիպտացորենի եւ լոբազգիների գների վրա։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել