«Հայաստանյան շուկայում օրեցօր ավելանում են սերտիֆիկատ չունեցող ընկերությունները, որոնք հասարակության առողջությունը վտանգում են իրենց անհայտ ծագում ունեցող արտադրանքով: Սնկի պես աճող նման ձեռնարկություններն այս տարի ավելի են շատացել, ու այս շրջանում, երբ ստուգումները դադարել են, վաճառողներն ավելի սանձարձակ են վաճառում վտանգավոր այդ ապրանքատեսակները»,- «Առավոտի» հետ զրույցում ասաց «Սպառողների իրավունքների պաշտպանություն» հ/կ նախագահ Աբգար Եղոյանը: Ըստ նրա՝ շատ գործարարներ արտադրանքի ստանդարտացման սերտիֆիկատը ձեռք բերելուց հետո իրենց «միսիան» ավարտված են համարում եւ ընթացքում արտադրում են ստանդարտին չհամապատասխանող արտադրանք: Շատ են այն դեպքերը, երբ արտադրողները սերտիֆիկատ են ստանում մի արտադրանքի համար, որն ամենեւին չի համապատասխանում ստանդարտին. «Երբեմն կասեցվում է նման ձեռնարկությունների գործունեությունը, բայց ավելի շատ ձեւականորեն տուգանում են 100-300 հազար դրամով, որն, իմ կարծիքով, պատժելու ձեւ չէ ու ոչինչ չի փոխում. արտադրողի համար դա չնչին գումար է: Հլը թող փորձեն խախտում արձանագրած ձեռնարկության կամ խանութի անունը հրապարակել, հաջորդ օրը սպառողն այնտեղից ոչինչ չի գնի, նոր այդ ձեռնարկությունն ու խանութը խելքի կգան»:
Ստանդարտների ազգային ինստիտուտի տնօրեն Ենոք Ազարյանն էլ երեկ կայացած ասուլիսում ասաց, որ ստանդարտացման չհամապատասխանող շատ ձեռնարկություններ են իրենց դիմում ու ստանում իրենց մերժումը. «Եթե տալիս ենք մերժում, հետեւաբար շեղումը շատ է, ու այդ ընկերությունն ընդհանրապես չի համապատասխանում մեթոդաբանությանն ու ստանդարտին: Մենք անհամապատասխանության մասին տեղեկացնում ենք նաեւ գյուղնախարարությանը, իսկ թե հետո իրենք ընդունո՞ւմ են, թե՞ մերժում, չգիտեմ, բայց փաստ է, որ շուկայում ստանդարտին չհամապատասխանող արտադրանք կա»: Ըստ նրա՝ ձեռնարկությունը պետք է իր արտադրանքը հասցնի բարձր որակի եւ բավարարի սպառողի պահանջները, անցնի համապատասխան փորձաքննություն՝ սերտիֆիկատ ձեռք բերելու համար. «Ապրանքատեսակների ստանդարտացումը կամավոր է, բայց առանց դրա ընկերությունը եվրոպական ու տեղական շուկա չի կարող դուրս գալ»: Ստանդարտացման սերտիֆիկատը տրվում է 3 տարի ժամկետով, հետո գործարարն է որոշում՝ երկարացնի՞ ժամկետը, թե՞ ոչ: Պարոն Ազարյանի խոսքով՝ ստանդարտացումը թանկ հաճույք է՝ 1,5 միլիոն դրամից մինչեւ 3 միլիոն դրամ: Այժմ միայն 10-20 ձեռնարկություն է սերտիֆիկացված: Նա նաեւ տեղեկացրեց, որ այս տարվա հուլիսին Հայաստանը դարձավ ստանդարտացման միջազգային կազմակերպության (ISO) խորհրդի անդամ: Մեր երկրի անդամակցության օգտին մոտ 50 երկիր է քվեարկել: «Ստանդարտացման ընդհանուր մեթոդաբանության օգնությամբ հայ գործարարները որեւէ խնդիր չեն ունենա իրենց ապրանքի արտահանման գործում: ISO-ի անդամ 162 պետություններում առեւտրի եւ ապրանքաշրջանառության հետ կապված բոլոր հարցերը կլուծվեն ընդհանուր ստանդարտացման շնորհիվ»,-ասաց նա: