Վստահեցնում է քաղաքագետը
Քաղաքագետ Ալեքսանդր Իսկանդարյանը կարծում է՝ որոշակի դասեր կարելի է առանձնացնել Կոսովոյի անկախության ճանաչման մասին Հաագայի դատարանի որոշման առնչությամբ. «Ամեն ինչ որոշված էր դեռեւս 1998 թվականին, երբ Միացյալ Նահանգները ընդունեց որոշում այն մասին, որ Կոսովոն պետք է լինի անկախ»: Ըստ Կովկասյան ինստիտուտի տնօրենի, թեպետ Կոսովոն անկախություն հռչակելու եւ դրանից հետո անկախության ամբողջ ճանապարհն անցնում է` ունենալով ԱՄՆ-ի եւ արեւմտյան հիմնական տերությունների աջակցությունը, եւ այդ աջակցությունը նկատվել է նաեւ Միջազգային դատարանի որոշումն ընդունելու հարցում, այդուհանդերձ՝ «Անկախությունը չի հաստատվում դատարանի որոշմամբ, անկախությունը բարդ գործընթաց է, որին հասնում են չճանաչված հանրապետությունները` որոշակի քաղաքականության ճանապարհով, որը ձգվում է շատ երկար»:
Ըստ պրն Իսկանդարյանի՝ եթե անկախության ճանապարհին Կոսովոն ուներ ԱՄՆ-ի եւ արեւմտյան տերությունների օժանդակությունը, ապա Ղարաբաղի իրավիճակը որոշակիորեն այլ է. «Այստեղ չկա Միացյալ Նահանգների աջակցությունը, այստեղ ոչ մի մեծ տերության աջակցություն չկա: Եվ սա անուղղակիորեն ունի իր անդրադարձը, իսկ այդ անդրադարձը հետեւյալն է՝ եթե չի կարելի, բայց այլ ճար չկա, ուրեմն` կարելի է»:
Քաղաքագետի կարծիքով՝ Կոսովոյի եւ Ղարաբաղի հիմնախնդիրները իրավաբանորեն եւ փաստացի նման են իրար, սակայն տարբեր են այդ հիմնախնդիրներին գերտերությունների մոտեցումները: Ղարաբաղյան խնդրի առանձնահատկություններից մեկն այն է, որ Լեռնային Ղարաբաղն իր պետականությունը ձեւավորել է ազատագրական պայքարի շնորհիվ, եւ ոչ ոք այն ժամանակ Բաքուն չի ռմբակոծել (ինչպես եղավ Կոսովոյի դեպքում): Մեկ այլ կարեւոր տարբերություն՝ Լեռնային Ղարաբաղը Եվրոպայի սրտում չէ:
«ՄԱԿ-ի արդարադատության միջազգային դատարանը փաստացի ասում է, որ միջազգային իրավունքը չի արգելում ազգային սուբյեկտներին հռչակել անկախություն, սակայն որ այդ անկախությունը անհրաժեշտ է ճանաչել՝ դատարանը չի ասում»,- հիշեցնում է քաղաքագետ Ալեքսանդր Իսկանդարյանը: