Լրահոս
Օրվա լրահոսը

«ՔԱՆԻ ԴԵՌ ՉԻ ԳՈՐԾՈՒՄ ՀԱՄԱՉԱՓ ՊԱՏԺԵԼԻՈՒԹՅԱՆ ՍԿԶԲՈՒՆՔԸ»

Օգոստոս 04,2010 00:00

\"\"Ըստ Մարդու իրավունքների առաջին պաշտպան Լարիսա Ալավերդյանի՝ բանակում դաժանության դեպքերի արմատները խորն են

– Մեր բանակում, ցավոք, դաժան դեպքեր են տեղի ունենում, վերջին երկուսը՝ նաեւ մահվան ելքերով, ինչո՞ւ է այդպես, դուք պատճառները գիտե՞ք:
– Կա մի ոսկե օրենք, որը Հայաստանում խախտվում է: Դա համաչափ պատժելիության սկզբունքն է: Այս սկզբունքը մեզանում չի գործում: Եվ, ցավոք, բանակում կատարված վերջին դեպքերը խոսում են այն մասին, որ չի կարելի այսպես շարունակել: Հարցն այն է, որ մինչեւ տեղի չի ունենում մահ, այս հարցերը կարծես չեն անհանգստացնում համապատասխան ղեկավարությանը: Չի կարելի սպասել՝ մինչեւ մահով ավարտվեն այս կամ այն դաժան կամ արժանապատվությունը նսեմացնող վերաբերմունքի դեպքերը: Պետք է ֆիքսել ցանկացած դաժան դեպք, եւ մեղավորները պետք է անմիջապես պատժվեն:
– Իսկ ո՞վ է լինելու այդ ֆիքսողը:
– Արդեն վաղուց բանակում գործում է կարգ, ըստ որի՝ զինվորը կարող է դիմել իր ղեկավարությանը, կարող է գրավոր դիմել մարդու իրավունքների պաշտպանի ներկայացուցչին, կարող է դիմել ցանկացած այլ մարմնի: Խնդիրն այն է, որ վերջին շրջանում կտրուկ աճ է նկատվում մահվան ելքով դաժան, արժանապատվությունը վիրավորող դեպքերի: Ես հիշում եմ, որ ոչ հեռավոր անցյալում այդ կարգի դեպքերը կտրուկ կրճատվել էին: Ժամանակի առումով ես դա կապում եմ այն տարիների հետ, երբ պաշտպանության նախարար էր Սերժ Սարգսյանը: Գոնե ինձ հասած տեղեկություններով, այդ շրջանում բանակում կտրուկ իջել էր հանցագործությունների եւ դաժան վերաբերմունքի դեպքերի թիվը (այդ տարիներին տիկին Ալավերդյանը ՀՀ մարդու իրավունքների առաջին պաշտպանն էր- Մ. Ե.): Ցավոք, կարծեք այդ դրական իներցիան շարունակվեց եւս մեկ տարի կամ մի քիչ ավելի, բայց հիմա մենք տեսնում ենք, որ այդ նորմերը այլեւս չեն գործում:
– Դուք հավատո՞ւմ եք, որ հնարավոր է գործը տրամաբանական ավարտի հասցվի եւ բացահայտվեն ու պատժվեն բանակում տեղի ունեցած վերջին դեպքերի իրական մեղավորները:
– Ես ոչ թե հավատում եմ, այլ նաեւ պահանջում եմ, որ գործը տրամաբանական ավարտի հասցվի, եւ դա պետք է պահանջի ամբողջ հասարակությունը: Ես կարծում եմ՝ դա պետք է անի եւ ՄԻ ներկայացուցիչը, դա պետք է անի եւ զինվորական դատախազը:
– Կիսո՞ւմ եք այն կարծիքը, որ պատերազմ տեսած, արյան հոտը անմիջականորեն զգացած, անհաշիվ մահեր տեսած, թեկուզ եւ պատերազմի դաշտում, բայց մարդ սպանած հրամանատարները պետք է հեռու պահվեն նորակոչիկներից, նոր-նոր զորակոչվածներից, եւ վաղուց ժամանակն է, որ մենք բանակը վստահենք պրոֆեսիոնալ հրամանատարների:
– Դուք գիտեք, ես ժամանակին զբաղվել եմ նաեւ բանակի հարցերով եւ մեր աշխատանքի ընթացքում շատ հստակ նկատել եմ, որ փոքր պատերազմ կոչվածները բավականին մեծ հետք են թողնում այդ պատերազմի մասնակիցների հոգեբանության վրա եւ՝ ոչ միայն հոգեբանության: Անշուշտ՝ ոչ բոլորի վրա: Մյուս կողմից՝ փոքր պատերազմները ծնել են նաեւ փայլուն զինվորական-սպայական կազմ, բայց որ բանակում «դաժանության սինդրոմ» կոչվածի կրողները կան՝ անկասկած է: Չի բացառվում, որ «դաժանության սինդրոմ» կրողներ են եղել նաեւ վերջերս կատարված միջադեպերի ժամանակ: Ցավոք, ես դա ասում եմ ընդհանուր ձեւով, որովհետեւ իմ կողմից այդ դեպքերը դեռ չեն ուսումնասիրված, չգիտեմ՝ ովքեր են մասնակիցները, նրանք պատերազմի մասնակի՞ց են եղել, թե՞ ոչ, եթե մասնակցել են, ինչպես են իրենց դրսեւորել: Եկեք չմոռանանք, որ պատերազմը դեռ 16 տարի է, ինչ անցել է, եւ այսօր դժվար է խոսել այն մասին, որ սա ղարաբաղյան պատերազմի հետեւանք է: Չի կարելի միանշանակ խոսել այս մասին, բայց որ փոքր պատերազմները որոշակի հետք են թողնում միտված «դաժանության սինդրոմ» կրողների վրա՝ հաստատ: Բայց ձեր հարցը, կարծում եմ, բոլորովին այլ ենթատեքստ ունի: Այո, պետք է ընդհանրապես պարզել, թե բանակում ով իրավունք ունի շփվելու զինվորի, նորակոչիկի հետ: Սա արդիականությունը չկորցնող խնդիր է այսօր եւս:
– Ըստ ձեզ, մեր բանակի հրամանատարների, սպայական կազմի զուտ մարդկային եւ զինվորական որակներից ո՞ր հատկանիշներն են, որ հակացուցված են բանակի համար, եւ որո՞նք պետք է շտապ եւ առանց քննարկելու փոխել:
– Համոզված եմ, որ նախ եւ առաջ այդպիսի դեպքերը պետք է ավարտվեն այն անձանց պատժելիությամբ, որոնք պատասխանատու են: Երկրորդ՝ չի կարելի պատժելիությունն իրականացնել միայն այն դեպքերում, երբ այն մահով է ավարտվում: Երբ տեղի են ունենում զինվորին նսեմացնելու կամ զինվորի հանդեպ դաժանության դեպքեր, դրանք եւս պետք է հետեւողականորեն ենթարկվեն պատժի: Հաջորդը՝ պատժելիությունը պետք է լինի հրապարակային, հասարակությունը եւ մասնավորապես զինվորները պետք է տեղյակ լինեն, թե ով ինչի համար եւ ինչպես է պատժվել: Շատ կարեւոր է, որ զինվորի իրավունքներն ու հնարավորություններն ավելի ընդլայնված լինեն եւ ավելի պաշտպանված:
– Ինչպե՞ս եք գնահատում մեր բանակում բարոյահոգեբանական մթնոլորտը:
– Ես այսօր եւս շարունակում եմ այցելությունները բանակ եւ պետք է ասեմ, որ անհամեմատելի դրականորեն փոխված են զինվորի կեցության ֆիզիկական պայմանները: Ես դա ընդգծում եմ որպես մարդ, որը բանակը տեսել է մինչեւ անգամ նախքան այդ բանակի ծնունդը՝ դեռ ֆիդայական շարժումների ժամանակ: Սա դրական է: Զինվորական այն զորամասերում, որոնցում եղել եմ, կան նաեւ այլ բավականին դրական փոփոխություններ: Բայց միայն այցելություններով ես չեմ կարող վկայել, որ ամեն ինչ բացարձակ լավ է կամ վատ: Դուք գիտեք, որ արդարադատության նախարարության ներքո օրենքով նախատեսված է ունենալ մոնիտորինգային խումբ, եւ այդ խմբի աշխատանքը, ինչքան էլ խոչընդոտների հանդիպի, միեւնույն է՝ դրական ազդեցություն է ունեցել: Կարծում եմ՝ նույն որակով պետք է գործի նաեւ հասարակական կազմակերպություններից կազմված մասնագիտական հանձնաժողովը: Բայց դաժանությունը վրա հասավ ավելի շուտ: Ես համոզված եմ՝ մինչեւ հստակ հասարակական հսկողություն չսահմանվի բանակի հանդեպ, մենք չենք կարող ասել, որ պաշտպանված ենք նման դաժան դեպքերից;
– Էլի՞ հասարակության վրա մնաց, իսկ ի՞նչ պետք է անի պետությունը:
– Պետականը ես արդեն ասացի՝ պետությունը պետք է իրականացնի համաչափ պատժելիության սկզբունք: Բայց ամբողջ աշխարհում այդպիսի դեպքերի նվազմանը միտված ամենահզոր եւ ազդեցիկ գործիքը քաղաքացիական վերահսկողությունն է:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել