Լրահոս
Օրվա լրահոսը

Կամ ես, կամ Ալիկ Սարգսյանը

Օգոստոս 04,2010 00:00

Արարատի նախկին մարզպետ Վարդգես Հովակիմյանի աղմկոտ հայտարարությունները

Արարատի նախկին մարզպետ Վարդգես Հովակիմյանը, ով մի քանի շաբաթ առաջ հրաժարվեց պաշտոնից, ծավալուն հարցազրույց է տվել www.news.am կայքին եւ քննադատել ու մեղադրել ՀՀ ոստիկանապետ Ալիկ Սարգսյանին:
Վարդգես Հովակիմյանը ասել է, որ աշխատանք է փնտրում Հայաստանից դուրս: «Քանի Ալիկ Սարգսյանը Հայաստանում է, ես այստեղ չեմ մնա»,- ասել է նախկին մարզպետը եւ հավելել, որ իրեն ազատելուց եւ Էդիկ Բարսեղյանին Արարատի մարզպետ նշանակելուց հետո մարզպետարանի որոշ քաղծառայողների ստիպել են ազատման դիմումներ գրել: Օրինակ, հողաշինարար են ընդունել «Օրդոյան Արտոյին, ով մարզում հայտնի է որպես գող ու ավազակ: Նրան այն ժամանակ աշխատանքից ազատել էին այն բանի համար, քանի որ մարզում էլ հող չէր մնացել, բոլորը ապօրինի կերպով վաճառել էր»: Ըստ Վարդգես Հովակիմյանի, ոստիկանապետ Ալիկ Սարգսյանն է մարզպետարանի աշխատակազմի հետ հանդիպել եւ նոր պաշտոնյաներին ներկայացրել:
Նախկին մարզպետը ասել է նաեւ, որ մարզպետարանի առողջապահության եւ սոցիալական ապահովության վարչության պետ Գեղանուշ Ավետիսյանը «ահավոր կերպար է: Նա Ալիկ Սարգսյանի մտերիմներից է: Նա այսօր կառավարում է մարզի բժիշկներին եւ աշխատանքների է տեղավորել իր բոլոր մտերիմներին: Մարզպետարանը 2008, 2009, 2010 թվականներին ստացել է առողջարանների մոտ 300 ուղեգիր, առանց որեւէ թույլտվության նա այդ ուղեգրերը բաժանել է իր հարազատներին ու բարեկամներին: Միայն Ոստան գյուղից նա 50 հոգու ուղեգիր է տվել: Ես հայտնաբերեցի այդ անօրինականությունը, եւ դրա հետեւանքով կոնֆլիկտ ունեցանք: Մի խոսքով, ես հասկացա մի բան. եթե դու տեսնում ես, որ դիմացինդ գող ու ավազակ է, դու իրավունք չունես նրան ասել, որ նա այդպիսին է, որովհետեւ նրա թիկունքին կարող են կանգնած լինել մարդիկ, ովքեր քեզ կարող են պատժել իրականությունն ասելու համար»:
Վերջում Վարդգես Հովակիմյանը ասել է. եթե «Ալիկ Սարգսյանը հեռանա պաշտոնից ու Հայաստանից, ես նոր կվերադառնամ: Նա մինչեւ հիմա իմ որդուն հետապնդում է: Քրեական գործ է հարուցվել իմ որդու դեմ՝ բոլորովին անհիմն, ու երբ տեղի ունենա դատական նիստը, ես բոլոր լրագրողներին հրավիրելու եմ, որպեսզի գան ու տեսնեն, թե ինչ անհեթեթ մեղադրանք են ներկայացրել»:
Միեւնույն ժամանակ Արարատի նորանշանակ մարզպետ Էդիկ Բարսեղյանը «Ազատություն» ռ/կ-ի հետ զրույցում կտրականապես հերքում է, թե մարզպետարանում ինքը աշխատանքից ազատում է նախկին մարզպետի օրոք ընդունված աշխատակիցներին:
«Ոչ մի մարդու էլ չեմ հանել,- «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում երեքշաբթի օրը ասաց Բարսեղյանը:- Քարտուղարուհին ասաց՝ պարոն մարզպետ, ես պետք է սովորեմ, թողել-գնացել է: Շատ խելոք աղջիկ է, ես կուզենայի հետը աշխատել: Ուրիշ ոչ մեկին ես [աշխատանքից] չեմ հանել»:
Հիշեցմանը, որ վերջերս աշխատանքից ազատվել են մարզպետի խորհրդականը, մարզպետարանի հողաշինարարը եւ ֆինանսական վարչության պետը, մարզպետը արձագանքեց. «Ֆինանսական վարչության պետի տեղը թափուր էր, իմ գալուց առաջ էլ էր թափուր, մինչեւ հիմա էլ թափուր է: Հողաշինարարը նոր էր ընդունվել, դիմում է գրել, դուրս եկել: Ուրիշ ոչ մեկին ես դեմքով էլ չեմ ճանաչում»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել