Լրահոս
Օրվա լրահոսը

«ՀԻՍՏԵՐԻԿ ՇԱՐԺՈՒՄ՝ ԲԱՆԱԿԻ ԴԵՄ»

Օգոստոս 04,2010 00:00

Այսպես բնութագրեց վերջին շրջանում բանակային զորամասերում տեղի ունեցած ողբերգական միջադեպերի շուրջ ծավալված քննարկումները ՀՀ ՊՆ նախկին փոխնախարար Վահան Շիրխանյանը:

– Վերջին 2 շաբաթների ընթացքում տարբեր զորամասերում գրանցվեց մահվան՝ սպանության կամ ինքնասպանության միանգամից 7 դեպք. 1-ը՝ Տավուշի, 6-ը՝ Մարտունիի զորամասերում: Ձեր դիտարկմամբ, որո՞նք են դրանց սկզբնապատճառները:
– Բանակը ոչ թե ձեւականորեն, այլ ըստ էության ազգային անվտանգության կարեւորագույն կրողն է, եւ եթե ամեն մի հայ համարում է, որ ազգային անվտանգությունն անմիջականորեն նաեւ իրեն է վերաբերում, ուրեմն նա պետք է համապատասխան վերաբերմունք ցուցաբերի բանակի հանդեպ:
– Դա ի՞նչ է նշանակում:
– Դա նշանակում է՝ աշխարհում ոչ մի բանակ էլ զերծ չէ նման դեպքերից: Ավելին, կան շատ ավելի քաղաքակիրթ եւ զարգացած երկրներ, որտեղ հազար զինվորին ընկնող սպանությունների թիվն անցնում է այն ցուցանիշը, որը կա Հայաստանում, օրինակ՝ ԱՄՆ-ն: Սա, իհարկե, չի նշանակում, թե ես արդարացնում եմ, որ Հայաստանի բանակում խաղաղ պայմաններում զոհվում են հայ ծնողների երեխաները: Բոլորովին: Բայց ես կտրականապես դեմ եմ, երբ Հայաստանում, որը գտնվում է կիսապատերազմական իրավիճակում, բանակի դեմ մի հիստերիկ շարժում է սկսվում:
– Դուք համարում եք, որ բանակի դեմ հիստերիկ շարժո՞ւմ է սկսվել:
– Հիստերիկ շարժում է, երբ բանը հասնում է նրան, որ ասում են, թե ամբողջ բանակն ապականված է կոռուպցիայով, երբ տեղի ունեցած դեպքերն ընդհանրացնում են՝ տարածելով ողջ բանակի վրա: Ես դա ՀՀ յուրաքանչյուր քաղաքացու համար անթույլատրելի եմ համարում: Պայքարել, որ բանակում եղած թերությունները շտկվեն, որ բանակն ավելի լավը լինի՝ ամեն մեկիս պարտքն ու պարտականությունն է: Բայց սրել իրավիճակը, տեղի ունեցած դեպքերը տարածել ամբողջ բանակի վրա, ասել, թե դա օրինաչափություն է բանակում, Հայաստանի այս իրավիճակի պայմաններում ես համարում եմ դավաճանություն:
– Բայց բանակն առաջին հերթին ինքը պետք է գիտակցի, որ երկրի անվտանգության պատվարներից մեկն է, ու նախեւառաջ ինքը պետք է մտածի բանակում խաղաղ պայմաններում զոհեր, կանոնադրական խախտումներ, բարոյալքում թույլ չտալու մասին:
– Լիովին ընդունելով ձեր դիտարկումն ու կորուստ կրած ծնողների ցավը, նրանց խորապես ցավակցելով՝ ես անթույլատրելի եմ համարում քաղաքական ուժերի կողմից իրենց նպատակների համար այդ միջադեպերը շահարկելը եւ ամբողջ բանակի վրա տարածելը: Եթե նորանկախ Հայաստանը որեւէ նվաճում ունի, ապա դա առաջին հերթին Հայոց բանակն է: Եկեք բանակն էլ կեղտոտենք, ցեխոտենք, թուրքերին էլ ասենք՝ գիտեք, Հայաստանի բանակն այսպիսին է, ինչի՞ն եք սպասում… Ես այդ հիստերիայի մեջ տեսնում եմ նման պատվերի կատարում:
– Պատվեր դրսի՞ց, թե՞ ներսից:
– Դրսից՝ ներսի կատարողների միջոցով:
– Բայց թույլ տվեք նկատել, որ հիշյալ միջադեպերի շուրջ աղմուկն առաջին հերթին բարձրացրին զոհերի հարազատները, հասարակական ու այդ թվում՝ նաեւ իրավապաշտպան կազմակերպությունները ու հետո միայն՝ քաղաքական ուժերը:
– Ծնողներն այդ միջադեպերը չընդհանրացրեցին եւ չտարածեցին ամբողջ բանակի վրա, որովհետեւ այդ ցավը նրանցն է: Ես դա խորապես հասկանում եմ: Ծնողների կեցվածքը լիովին հասկանալի է: Բայց երբ քաղաքական ուժերն են ստանձնում նման առաքելություն՝ աշխարհին ապացուցելու, որ հայկական բանակը կեղտի ու կոռուպցիայի մեջ է թաղված, եւ դա էլ այն դեպքում, երբ նույն այդ բանակում հազարավոր սպաներ, ենթասպաներ ու հրամանատարներ բարեխղճորեն ծառայում են եւ սրբորեն են կատարում իրենց պարտականությունը, ես անընդունելի եմ համարում: Կրկնում եմ՝ դա կարող է լինել միայն դրսի պատվերը ներսի ուժերի միջոցով կատարելու արդյունքում: Նման բան ես տեսել եմ նաեւ 1992-93թթ.-երին, երբ կար քաղաքական շարժում՝ ընդդեմ պաշտպանության նախարարության եւ բանակի: Այն ժամանակ, երբ բանակը հաղթանակներ էր կերտում, «հայրիկյանական» շարժում կար, որի ներկայացուցիչները հայտարարում էին՝ դավաճաննե՛ր, հերիք է, վերջացրեք, ի՞նչ եք անում: Այսօրվա մամուլում որոշ նյութեր կարդալով՝ ես անմիջապես հիշեցի այն ժամանակվա իրավիճակը: Պատվերի նմանությունը շատ մեծ է:
– Ուզում եմ հիշեցնել, որ արդեն քանի տարի ՀՀ կառավարության շենքի դիմաց հավաքվում են խաղաղ պայմաններում բանակում զոհված, սպանված զինծառայողների հարազատներ, ովքեր ապարդյուն կերպով դեռ շարունակում են բանակի ղեկավարությունից պահանջել արդարադատություն իրականացնել, բացահայտել իրենց որդիների հետ կատարված միջադեպերն ու պատասխանատվության ենթարկել մեղավորներին, որոնք, ենթադրվում է, հիմնականում հրամանատարներ կամ սպաներ են:
– Ես համաձայն եմ այդ դիտարկման եւ բոլոր ծնողների պահանջների հետ: Բանակի հրամանատարությունը պարտավոր է բացահայտել ու խստագույնս պատժել մեղավոր հրամանատարներին, իսկ որդեկորույս ծնողների ցավը մեղմելու համար անել տասնապատիկ ավելին: Ես համաձայն չեմ կոնկրետ միջադեպը ընդհանրացնելու եւ ողջ բանակի վրա տարածելու, բանակի մասին նման հայտարարություններ անելու հետ: Դա մեր բոլորի, նույնիսկ զոհված զինծառայողների ծնողների շահերին է հարվածում: Սա պետք է հասկանալ: Իմ տպավորությամբ, միտում կա վարկաբեկելու բանակը, թուլացնելու նրա մարտունակությունը ճակատագրական նշանակություն ունեցող իրադարձությունների շեմին:
– Ասացիք, թե բանակը վարկաբեկելու միտում եք տեսնում: Վերջին միջադեպերի հետ կապված վարկած կա, թե դրանց շուրջ աղմուկի ծավալմանը նպաստում են հենց ՀՀ ՊՆ-ի կուլիսներից: Օրինակ, ասվում է, թե ԶՈՒ ԳԲ պետ Խաչատուրովն է սկսել ակտիվորեն զբաղվել այդ միջադեպերի շահարկման արշավով՝ հուսալով, որ դա ՊՆ նախարար Սեյրան Օհանյանի պաշտոնանկությանը կհանգեցնի, ու ինքն այդ պաշտոնում նշանակվելու շանս կստանա: Դուք ՊՆ ներսում ներքին դավադրության տարրեր այս ամենում նկատո՞ւմ եք:
– Ես համարում եմ, որ բանակում տեղի ունեցած վերջին միջադեպերն ամենեւին էլ օրինաչափություն չեն: Բանակը լուսնից չի իջել: Նա հասարակության մի մասնիկն է, եւ այն, ինչ կատարվում է հասարակության ներսում, նույնը կատարվում է բանակում: Իհարկե, արատավոր երեւույթներն ու ողբերգական միջադեպերը բանակային կյանքում վերացնելը կամ բացառիկ դեպքեր դարձնելը բանակի հրամանատարական կազմի խնդիրն է: Նրանք օր ու գիշեր պետք է աշխատեն բանակի բոլոր ստորաբաժանումներում կարգուկանոն հաստատելու համար: Դա նրանց ուժերի սահմաններում է:
– Բայց այդ նույն հրամանատարները սեփական բիզնես ունեն, որոնցից ստացվող եկամուտների մի հատվածը, գոնե ըստ որոշ դիտորդների, սնում է նաեւ բանակի ԶՈՒ հրամանատարությանը, եւ հենց այդ հանգամանքն էլ նրանց դարձնում է անպատժելի եւ անձեռնմխելի:
– Ցանկացած երկրում նման բան կարող է լինել, թեեւ ես կարծում եմ, որ բանակում չպետք է բիզնեսմեն հրամանատար լինի: Դա էլ է, իհարկե, իր դերը խաղում  նման միջադեպեր ծնելու իմաստով: Ըստ իս, անհրաժեշտ է այդպիսի բոլոր հրամանատարներին անմիջապես վռնդել բանակից: Ես հիմա բանակում չեմ, որ ասեմ՝ դա արվո՞ւմ է, թե՞ ոչ: Բայց մեր ժամանակ մենք նման բան թույլ չէինք տալիս: Եթե կային էլ գործարարությամբ զբաղվող հրամանատարներ, ապա նրանք դա շատ ծածուկ էին պահում, որ հանկարծ չիմանանք: Իսկ հիմա չեն պահում, միգուցե նաեւ ցուցադրում են: Բայց դա չի նշանակում, որ Հայաստանի բանակը պետք է դառնա քաղաքական ուժերի, հասարակության կողմից վարկաբեկման թիրախ:
– Այդուհանդերձ, այսօր հնչում են նաեւ պաշտպանության նախարարի հրաժարականի պահանջներ: Դրանք դուք արդարացվա՞ծ եք համարում:
– Իհարկե, ոչ: Այն մարդիկ, ովքեր պաշտպանության նախարարի հրաժարականն են պահանջում, իրենց Բենիլյուքսի քաղաքացի են երեւակայում: Հայաստանի սպեցիֆիկ խնդիրները, որոնք կապված են ԼՂ հիմնախնդրի, Թուրքիայի հետ, այնպիսին են, որ նման ցնցումներ բանակի ներսում ձեռնտու են միայն թշնամուն:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել