Հուլիսի 27-ին Տավուշի մարզի Չինարի գյուղի մերձակայքում գտնվող մարտական հենակետում զոհված 31-ամյա լեյտենանտ Արտակ Նազարյանի մահվան դեպքի փաստով հարուցված քրեական գործի շրջանակներում քննություն է ընթանում: Այդ մասին news.am-ի թղթակցին երեկ հայտնել է ՊՆ տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչության պետի տեղակալ Ֆելիքս Պողոսյանը. «Որոշ ճշտումներ են արվել: Կան կասկածյալներ, որոնք ընդամենը կասկածյալ են, խառնված են եղել այդ գործում, բայց թե ի՞նչ կարգավիճակում են, դա որոշակի չէ, դրա համար չեմ կարող ասել: Միայն քննչական վարչությունը կարող է տալ նման տեղեկություն»:
Հիշեցնենք, որ Արտակ Նազարյանի գործով նախաքննությունը վարում են ՀՀ ՊՆ քննչական ծառայության 6-րդ կայազորի քննչական բաժանմունքի քննիչները, իսկ դատախազության հսկողությունն իրականացնում է Լոռու կայազորի զինվորական դատախազությունը:
Ըստ պաշտոնական վարկածի, Արտակ Նազարյանն ինքնասպանություն էր գործել, թեեւ դատաբժշկական փորձաքննությամբ պարզվել է, որ նրա մարմնի վրա բռնության հետքեր կան:
Ինչ վերաբերում է հուլիսի 28-ին Մարտունու N զորամասում մարտական հերթապահության կանոնների կոպիտ խախտման հետեւանքով ծագած միջադեպին, որի արդյունքում զոհվել էին հինգ զինվոր եւ մեկ սպա, ապա Ֆելիքս Պողոսյանն այդ առնչությամբ ասել է, թե նոր մանրամասներ չկան, բայցեւ հավելել է, որ այժմ գլխավոր դատախազության վերահսկողությամբ ընթանում է դատաբժշկական, դատափորձագիտական քննություն: