Ադրբեջանի 18-45 տարեկան քաղաքացիներին, ովքեր ցանկանում են մեկնել արտերկիր, օտարերկրյա դեսպանատներում մերժում են վիզա տրամադրելու հարցում: Համապատասխան փաստաթուղթը կարող է տրվել միայն այն անձանց, ովքեր գործուղման են մեկնում պետական գործերով կամ պետական նշանակություն ունեցող միջոցառումներին: Այդ մասին «Ենի մուսավաթ» թերթին հայտնել է ադրբեջանցի մի գործարար, ում նույնպես մերժել են վիզայի հարցում: News.am-ի մատուցմամբ, թերթի անցկացրած սեփական հետաքննության արդյունքում պարզվել է, որ վերջին մեկ ամսվա ընթացքում Ադրբեջանում բոլոր հավատարմագրված դեսպանատները ղեկավարվել են այդ հրահանգով: Այսինքն՝ վերջին ամսվա ընթացքում վիզաներ են տրամադրվել միայն այն տղամարդկանց, ովքեր մեկնում էին պետական կարեւորություն ունեցող միջոցառումներին: «18-45 տարեկան տղամարդկանց թույլ չեն տալիս լքել երկիրը, քանի որ այդ տարիքի քաղաքացիների մոտ կեսը գտնվում է երկրի սահմաններից դուրս, իսկ մնացածների մեկնումը կարող է խնդիրներ առաջացնել ռազմական մոբիլիզացիայի դեպքում»,- ասել է փորձագետը: