Մոսկվայում ձերբակալվել են անվտանգության ծառայություններ մատուցող մասնավոր ընկերության աշխատակիցն ու նրա հանցակիցը, որոնք հուլիսին Ռուսաստանի մայրաքաղաքի հարավում հայ օլիգարխի 23-ամյա որդուց կես միլիոն դոլար էին հափշտակել։ Այդ մասին հաղորդում է tert.am-ը՝ վկայակոչելով «Մոսկովսկի կոմսոմոլեց» պարբերականը: Ըստ հրապարակված տեղեկությունների, հայ գործարարի զավակի վրա հարձակումն իրականացվել է հուլիսի 11-ին, երբ նա երեկույթից տուն վերադառնալիս է եղել: Նշվում է, որ նա Մոսկվայում ամենամեծ առեւտրա-ժամանցային կենտրոնի տիրոջ որդին է։ Որոշ տեղեկությունների համաձայն, օլիգարխ հայրը պարբերաբար որդուն մեկ միլիոն դոլար է տվել՝ գրպանի ծախսերի համար, ու հարձակման պահին նրա մոտ խոշոր գումար է եղել: Հաղորդվում է, որ 23-ամյա երիտասարդին թալանել է հենց նրա 28-ամյա թիկնապահը: Եվ երբ օլիգարխի որդին թիկնապահի հետ ժամանել է իր բնակարան, բացել դուռը, դարանակալած հանցագործները հարձակվել են նրա վրա, ծեծել, կապկպել սպասուհուն, ձեւական հարվածել նաեւ թիկնապահին եւ գողանալով կես միլիոն դոլար ու նաեւ ՀՀ ղեկավար անձանցից մեկի նվիրած անվանական «Բրաունինգ» տիպի ատրճանակը՝ անհետացել են: Իրավապահներին հաջողվել է 23-ամյա երիտասարդին վերադարձնել գումարի մեծ մասը, սակայն ատրճանակը՝ ոչ:
Tert.am-ը հիշեցնում է, որ շաբաթներ առաջ Life News կայքը տեղեկություն էր տարածել, թե՝ Մոսկվայի հարավում բնակելի շենքերից մեկի բնակարանում տեղի է ունեցել գողություն։ Տանտերը հայտնել էր, որ գողացված իրերի մեջ եղել է նաեւ ՀՀ նախագահի նվիրած անվանական «Բրաունինգ» տիպի ատրճանակը։