Հարցազրույց «Հայկական ընտրություն» նախաձեռնության
անդամ Ալեքսանդր Քանանյանի հետ
– Մեկ տարի առաջ սեպտեմբերյան հանրահավաքում Լեւոն Տեր-Պետրոսյանը հայտարարեց հանրահավաքները դադարեցնելու իր որոշման մասին՝ պատճառաբանելով, թե ԼՂՀ հարցի շուրջ զարգացումներ են լինելու, եւ այդ քայլը պայմանավորված է նրանով, որ միջազգային հանրությանը հնարավորություն չտրվի Սերժ Սարգսյանի վրա լրացուցիչ ազդեցության ոլորտ ունենալու: Այժմ ՀԱԿ-ը կրկին որոշեց վերսկսել հանրահավաքները: Ի՞նչ գնահատական կամ բացատրություն տալ այդ որոշմանը:
– Ես անիմաստ եմ համարում վերլուծել ՀԱԿ-ի առաջնորդի քաղաքական մտքի «դեգերումները», որոնք պարզունակաբար թափանցիկ են՝ դրանց մեջ ներդրված նպատակայնությամբ եւ վաղուց ի վեր բովանդակազուրկ՝ պետականաշինության եւ արտաքին քաղաքականության առաջնահերթությունները սահմանելու տեսանկյունից: ՀԱԿ-ի առաջնորդն ընդամենը լուծում է սեփական խնդիրները՝ դրանք արտաքնապես շաղկապելով Սերժ Սարգսյանի վարչախմբի կառավարման «խեղճություններին»՝ ապավինելով քաղել իր շահերից բխող ինչ-ինչ թվացյալ օգուտներ: Ես դեմ չեմ քաղաքացիական պայքարի աշխուժությանը, որովհետեւ անգամ սկզբից եւեթ արատավոր՝ Տեր-Պետրոսյան-Քոչարյան-Սարգսյան կեղծ այլընտրանքային շրջանակում խարխափելը բնակչության մի հատվածին, հատկապես երիտասարդությանը ուսուցանում է քաղաքացիական պայքարի տարրեր եւ ձեւավորում երկրի ճակատագրի հանդեպ անհատական պատասխանատվության զգացում: Հայաստանի առաջին նախագահի զանգվածները շուտափույթ հավաքագրելու կիրառած տեխնոլոգիան արդյունավետ է սոսկ կարճաժամկետ կտրվածքով՝ երբ մարդկանց եւ կառավարման համակարգի որոշ ծպտյալ «նեղացածներին» կարողանում են համոզել սեփական ամենազորության եւ գործող իշխանությունը տապալելու աներկբայելի կարողության մեջ: Ձախողումից հետո «ճգնաժամային զանգված» հավաքելն այսուհետ դառնում է համարյա անհնար:
– Վերջին շրջանում ԼՂՀ հարցի բանակցային գործընթացում սկսված աշխուժությունն, ըստ ձեզ, ավարտվել է նախագահների սանկտպետերբուրգյան հանդիպմամբ եւ դրա շուրջ ծագած խոսակցություններո՞վ, թե՞ ինչ-որ գործընթաց՝ հանրության համար անտեսանելի, այնուհանդերձ գնում է:
– Ոչինչ չի ավարտվել եւ չի ավարտվելու այնքան ժամանակ, որքան հայոց արտաքին քաղաքականությունը կշարունակի առաջնորդվել 1991 թ. որդեգրված եւ ցայժմ որեւէ վերանայման չենթարկված՝ բազմաթիվ կեղծ ելակետերի եւ իբր իրապաշտական պատրանքների վրա հիմնված ժամանակավրեպ եւ, ըստ էության, պարտվողական քաղաքականությամբ: Ուստի տարածքային զիջումների անհեթեթ եւ ինքնասպանական ցնորքի միջոցով արցախյան հակամարտությունը «հանգուցալուծելու» վտանգը մշտապես առկա է:
– Ազատագրված տարածքների վերադարձի մասին մշտական խոսակցություններն ի՞նչ ազդեցություն են ունենում այդ տարածքների բնակիչների վրա:
– Բնականաբար՝ խիստ բացասական: Սակայն Արցախում եւ Սյունիքում մարդիկ ոչ էլ քննարկում են տարածքային զիջումների հարցը: Այստեղ բոլորին միանգամայն հասկանալի է, որ այդպիսի (անգամ նվազագույն) զիջումներից հետո Արցախում կամ Սյունիքում մնալը ֆիզիկապես անհնար եւ անիմաստ կլինի: Արցախում մարդիկ դեռեւս չեն հավատում, որ Սերժ Սարգսյանի մտքով կարող է անցնել տարածք հանձնել, թեեւ այս առումով տարակուսանքը հետզհետե աճում է: Ավելի լուրջ եւ տեղյակ անձինք պարզապես հույս են տածում, որ ՀՀ այժմյա նախագահի գիտակցությունը չի մթագնի՝ տարածք հանձնելու խոստումները գործնական հակապետական ոտնձգության վերածելու աստիճան: Համենայնդեպս, նման ոտնձգության դեպքում ներկայիս վարչախմբի իշխանազրկումը, իմ խորին համոզմամբ, տեղի կունենա հաշված ժամերի ընթացքում: Այդ մասին վկայում են իմ շփումները հենց (եւ բացառապես) բնակչության լայն զանգվածների հետ: Արցախում, Սյունիքում, Հայաստանի մնացած մարզերում հաղթանակի խորանին ընծայված զոհերի թիվը շատ մեծ է եւ հեղած արյան հիշատակը՝ վառ: Արցախում նրանց գերեզմանների կորուստը եւ մահվան իմաստազրկումը ոչ ոք ոչ մեկին չի ներելու: Բոլորը քաջ գիտակցում են, որ տարածքային զիջումները բերելու են նոր պատերազմի՝ համընդհանուր բարոյալքման եւ պաշտպանական բոլոր գծերի կորստյան պայմաններում եւ Արցախի գերհավանական հայաթափության: Երբ մարդու առջեւ դրվում է իր իսկ ընտանիքի եւ տան անվտանգության, անխուսափելի գաղթի եւ գերեզմանների կորստյան խնդիրը, նա դադարում է ներկայիս պետական մեքենայի «հնազանդ ճորտը» լինելուց եւ կարող է վայրկենապես վերածվել առյուծի: Դաշտային իրողությունը թերագնահատելը կամ անտեսելը Հայաստանի յուրաքանչյուր իշխանավորի համար ամենավտանգավոր սխալն է, որի համար նա վճարելու է պաշտոնանկությամբ կամ էլ վատթար եւ խիստ անցանկալի համաժողովրդական «դաշտային հաշվեհարդարով»: