Լրահոս
Օրվա լրահոսը

«ՊԵՏՔ Է ՄՇՏԱՊԵՍ ԱՍՏԾՈՒՆ ՓՆՏՐԵԼ»

Օգոստոս 03,2010 00:00

Օրերս Վանաձորի կենտրոնական՝ Հայքի հրապարակում օդն ամբողջովին արվեստով էր հագեցած: Քաղաքի արվեստասեր հասարակությանը, մտավորականությանն ու պարզապես անցորդներին այստեղ համախմբել էր երիտասարդ նկարիչ  Ռուբեն Սուվարիի՝ «Աստծուն որոնելիս» գրաֆիկական աշխատանքների բացօթյա անհատական ցուցահանդեսը: Վանաձորում վաղուց նման բան չէր եղել: Ըստ գեղանկարիչ Կարլեն Քոչինյանի՝ «Միայն սեւի ու սպիտակի համադրությամբ Ռուբենը կարողանում է հարուստ թեմատիկայով բովանդակալից նկարներ ստեղծել: Շարքում ամեն մեկն իր տեղն ունի: Հզոր նկարչություն է: Նա կապ է ստեղծում մարդու եւ Աստծո միջեւ»,- ասաց Կ. Քոչինյանը, հավելելով. «Սուվարին ունի  հարուստ կատարողական արվեստ, ասելիքը տեղ հասցնելու կարողություն: Որպես նկարիչ՝ հպարտ եմ, որ Ռուբենի նման նկարիչ է կերպարվեստի աշխարհ մտնում: Նա շատ շուտով իր խոսքը կասի գրաֆիկայի բարդ, միաժամանակ շատ հաճելի ժանրում»:
Վանաձորի կերպարվեստի թանգարանի  տնօրեն,  գեղանկարիչ Փափագ  Ալոյանն էլ, խոսելով Ռուբենի կատարողական արվեստի հաջողված լինելու մասին, հավելեց, որ նա կարող է աշխատել նաեւ լինոգրաֆիայով, ինչի հետ կապված էլ  իրենք արդեն խոսել են երիտասարդ նկարչի հետ:
Ինչ վերաբերում է ցուցահանդեսի խորագրին, ապա ըստ  Ռուբենի՝ «Մարդ պետք է, առաջին հերթին դիմացինի մեջ փնտրի Աստծուն, հետո միայն՝ երկնքում: Պետք է մշտապես Աստծուն փնտրել եւ միշտ ներդաշնակ լինել նրա հետ. ներկայացված աշխատանքներում փորձել եմ հենց դա էլ ցույց տալ»:
Նշենք, որ ներկայացված էր շուրջ 20 նկար, որոնց վրա նկարիչն աշխատել է մոտ 5 ամիս. ցուցահանդեսին հաջորդեց գեղարվեստական մասը, հնչեցին ասմունք, երգ-երաժշտություն:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել