Լրահոս
Օրվա լրահոսը

Հանրային աղե՞տ

Օգոստոս 03,2010 00:00

Կյանքին վերջ տալու համար պարտադիր չէ հոգեպես անառողջ լինել

«Իհարկե վրիպում է եղել, նշանակում է՝ ինչ-որ օղակում մարդիկ վատ են աշխատում, որ բանակում նման ողբերգալի միջադեպեր են արձանագրվում, եւ վախենում եմ, որ ինչ-ինչ ուժեր օգտագործեն այս ողբերգությունը…»,- երեկվա ասուլիսում հուլիսի 28-ին տեղի ունեցած բանակային ողբերգալի միջադեպի մասին նման կարծիք հայտնեց հոգեբան Կարինե Նալչաջյանը:
Ազգային վիճակագրական տվյալներով, այս տարվա առաջին կիսամյակում հանրապետությունում ինքնասպանության եւ ինքնասպանության փորձի  317 դեպք է գրանցվել, ինչը  նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ  աճել է 25,8%-ով: Տիկին Նալչաջյանի խոսքով,  մարդկանց մոտ 80%-ին  կյանքի տարբեր շրջաններում ինքնասպանության չարագուշակ մտքեր են այցելում. «Ազգային մշակույթը այստեղ մեծ դեր ունի, օրինակ, արեւմտյան շատ բարեկեցիկ երկրներում անձնասպանությունների թիվը բավականին տպավորիչ է, իսկ արեւելյան մշակույթ ունեցող երկրներում, այդ թվում նաեւ Հայաստանում, անձնասպանություններն ավելի քիչ են, սրճախմությունը, օրական մի քանի անգամ հարազատների վիճակի մասին տեղեկանալը արգելանք է դնում կյանքին վերջ դնելու մտքին»:  Հոգեբանը համամիտ չէ այն պնդումներին, թե կյանքին վերջ են դնում հոգեպես անառողջ մարդիկ. «Պարզվում է, որ ինքասպանների մոտ 25%-ն է ունեցել հոգեբանական խնդիրներ, այնպես որ ամենեւին էլ պարտադիր չէ հոգեպես անառողջ լինելը: Ընդհակառակը, ինքնասպանության դիմում են նրանք, ովքեր չափազանց շատ են սիրում կյանքը, ովքեր իրենց առջեւ նպատակներ են դնում ու ինչ-ինչ նվաճումների են փորձում հասնել, եւ երբ կյանքը փակում է բոլոր դռները, կյանքի իմաստի կորստի ծանր զգացողությունն է դրդում անձնասպանության»: Տիկին Նալչաջյանը նկատեց, որ Հայաստանում կյանքին վերջ դնողները հիմնականում  մեծահասակներ են. «Մեր երկրում անձնասպանների մոտ 46%-ը գործազուրկներն են, հաջորդ տեղում թոշակառուներն են, մեծաթիվ են նաեւ աղանդավորական հողի վրա գնացողները»: Սոցիոլոգ Հայկ Ասատրյանի խոսքերով էլ, որքան մեծ է անհատի ինտեգրվածությունը սոցիալական միջավայրում,  այնքան փոքր է ինքնասպանություն գործելու  հավանականությունը. «Ինքնասպանություններին նպաստում են նաեւ անոմիկ իրավիճակները, որոնք առաջանում են հասարակարգերի ֆունդամենտալ փոփոխությունների ժամանակ, այսինքն, երբ նախկին արժեքային համակարգը փլուզվել է, իսկ նորը դեռ չի ձեւավորվել: Մեր հասարակությունը դեռ կրում է ու շարունակում է այս գործընթացում գտնվել»: Տիկին Նալչաջյանն էլ հավելեց, որ կանանցից առավել տղամարդիկ են դիմում անձնասպանության. «Բայց արի ու տես, որ ինքնասպանության փորձերի մեջ կանայք են գերակշռում, որոնք, ի վերջո,  պարզապես ցանկանում են ուշադրություն գրավել, այսպես ասած,  ինքնասպանություն-շանտաժ կամ թատերականացված ինքնասպանություն են իրագործում»: Հոգեբանը նկատեց, որ անձնասպանությունը խիստ անձնական է, բայց այն նաեւ հանրային աղետ է. «Այնպես չէ, որ մարդը միանգամից վերցնում ու  ինքնասպան է  լինում, կյանքին վերջ տալուց առաջ նա ազդանշաններ է տալիս, հաճախ խոսում է մահվան մասին, սկսում է ներողություն խնդրել հարազատներից կամ իրեն հարազատ իրերը նվիրում է սիրելի մարդկանց, մի խոսքով կիսատ գործերն ավարտում է»:  Ի՞նչ անել, ինչպե՞ս կանխարգելել: Տիկին Նալչաջյանը խորհուրդ է տալիս. «Երբ տեսնում ենք, որ անձը կյանքին վերջ տալու տրամադրվածություն ունի, չպետք է քարոզներ կարդանք գլխին, չփորձեք  ապացուցել, թե նա ինչքան թույլ է, որ նման քայլի է դիմում, պարզապես պետք է լսել նրան, թույլ տալ, որ մտքերը կիսի մինչեւ վերջ, բացասական լիցքերը պարպի, միայն այս կերպ կպակասի ինքնասպանության դիմելու հնարավորությունը»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել