Այն, ինչ չապահովեց «Նովայա Վոլնայում» երգչուհի, պրոդյուսեր Նադեժդա Սարգսյանը՝ հաջողվեց «Արմենիա» TV-ին ու «Շարմ»-ին:
Արդեն երեք օր է՝ Հայաստանի ու ԱՊՀ-ի հայ մելոմանները ցնծության մեջ են: Վերջապես Յուրմալայում անցկացվող «Նովայա Վոլնա» ժամանակակից երաժշտության երիտասարդ կատարողների միջազգային մրցույթում առաջին մրցանակը բաժին հասավ հայ կատարողի: Երգչուհի Սոնա Շահգելդյանը մեկ միավորով առաջ անցնելով ուկրաինուհի Տատյանա Շարկոյից, դարձավ առաջին մրցանակակիրը՝ ստանալով 50 հազար եվրո եւ այլ թանկարժեք նվերներ: Մրցույթի վերջին օրը ժյուրիի անդամները միասնական էին, նրանք բոլորը բարձրագույն՝ 11, միավորը նշանակեցին հայ երգչուհուն, ում ներկայացնելիս, ի դեպ, հանրահայտ Քսենյա Սոբչակը չէր օգտագործում «անկրկնելի», «անզուգական», «անմրցելի» ածականները, որոնցով նա սովորաբար ուղեկցում էր ամեն մի մասնակցի՝ անգամ միջակից ցածր կարողություններով օժտված երգչի: Սոնային այդ ածականները պետք չէին, նա իր յուրահատուկ տեմբրով, ձայնածավալով եւ պրոֆեսիոնալիզմով ստիպեց անգամ իրեն միշտ 10 միավոր նշանակող Յուրի Անտոնովին, Լայմա Վայկուլեին տեղի տալ ու հիանալ իրենով: Սոնան իր հաղթանակով, կարծես, կոտրեց այն «չար ալիքը», որը 2003 թ. սկսած ուղեկցում էր մեր երգիչներին Յուրմալայում: Հիշեցնենք, որ 2003 թ. Էմմին գրավվել է 11-րդ, 2004 թ. «Հայերը»՝ 6-րդ, 2005թ. մոսկվաբնակ Արման Գրիգորյանը՝ 14-րդ, 2007 թ. Ռազմիկ Ամյանը՝ 9-րդ հորիզոնականները, իսկ 2009 թ. Մհերն արժանացավ «Հանդիսատեսի համակրանք» մրցանակին։ Մշտապես հայ երգիչներին Յուրմալա էր ուղեկցում ու նրանց մրցույթին նախապատրաստում էր երգչուհի, պրոդյուսեր Նադեժդա Սարգսյանը: Գուցե տիկին Նադյայի «ոտքը խերով չէր», կամ՝ նա չգիտեր դեպի հաղթանակ տանող ճանապարհի «գաղտնիքները»…
Եթե տիկին Սարգսյանը չգիտեր, ապա փոխարենն գիտեին «Շարմ» ընկերությունն ու «Արմենիա» հեռուստաընկերությունը:
«Առավոտի» հետ զրույցում Ն. Սարգսյանը նշեց. «Այս մրցույթում ամեն ինչ օբյեկտիվ է, իսկ կաշառքն էլ «օրինական»: Հետո էլ մանրամասնեց. «Յուրաքանչյուր մասնակցի համար վճարվում է $100 հազար, որի մասին իհարկե չի հայտարարվում: Այսինքն, մուծելով օրինական գումարը՝ ուղիղ հեռարձակման համար, եթե տվյալ երկրի ներկայացուցիչը բարձրակարգ երգիչ է, ապա հնարավոր չէ, որ նա մրցանակային տեղ չգրավի: Ես ժամանակին Ալիկին (նկատի ունի Հանրային հեռուստառադիոխորհրդի նախագահ Ալեքսան Հարությունյանին) ասում էի՝ պաշտոնական հարաբերությունների մեջ մտնենք «Նովայա Վոլնայի» հետ: Միեւնույն է, Հ1-ը մեզ մշտապես տրամադրում էր օպերատոր, Յուրմալայից հետո գալիս էինք եւ հեռուստադիտողին ներկայացնում մինի ֆիլմ՝ մրցույթի մասին… Բայց, չգիտես ինչու, Ալիկն այդպես էլ չհամաձայնեց առաջարկիս, ինչն այս տարի իրականացրեց «Արմենիա» TV-ն: Փառք Աստծո, Սոնան փառահեղ ելույթ ունեցավ, քանիցս հնչեցնելով Հայաստան անունը»: Հանրային հեռուստառադիոխորհրդի աշխատակազմի ղեկավար Արմեն Անդրեասյանից հետաքրքրվեցինք, թե ինչու այդպես էլ Հ1-ը պաշտոնապես հարաբերությունների մեջ չմտավ «Նովայա Վոլնայի» հետ, պարոն Ա. Անդրեասյանը նախ հիացմունք հայտնեց Սոնայի հաղթանակի առիթով, հետո էլ պատասխանեց. «Դա նույն է, թե հարցնեիք՝ ինչո՞ւ PTP-ը ցուցադրեց, այլ ոչ՝ OPT-ն: Մեզանում մրցույթը հեռարձակվեց մասնավոր հեռուստաընկերությունով: Կարծում եմ, այս դեպքում ամենակարեւորը մեր հաղթանակն է, իսկ Սոնան մշտապես հանդես է եկել Հ1-ի նախագծերում, հուսով եմ, այդպես էլ կշարունակվի»: