Լրահոս
Օրվա լրահոսը

ՄՇԱԿՈՒՅԹԻ ՄԻՋԱԶԳԱՅՆԱՑՄԱՆ ԽՆԴԻՐԸ՝ ՊԵՏԱԿԱՆ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Օգոստոս 03,2010 00:00

Հարցազրույց Երեւանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի ռեկտոր, պրոֆեսոր Սերգեյ Սարաջյանի հետ:

– Վերջին շրջանում պետական քաղաքականության մի մասն է դարձել մշակույթի միջազգայնացման խնդիրը, որի շրջանակներում իրականացվում են տարբեր մրցույթներ եւ փառատոներ։ Ասվածի օրինակներից է ամռանը կայացած Արամ Խաչատրյանի անվան միջազգային մրցույթը, որն իսկապես ե՛ւ ներկայանալի էր, ե՛ւ համապատասխանում էր միջազգային չափորոշիչներին…
– Իսկապես, մեր երկրի համար պետական քաղաքականություն է դարձել մշակույթի միջազգայնացման խնդիրը։ Նմանատիպ միջոցառումներ են անցկացվում ոչ միայն երաժշտարվեստի ոլորտում։ Եվ որ ամենակարեւորն է՝ որոշ մրցույթներ կամ փառատոներ կայանում են երկրի նախագահի բարձր հովանու ներքո։ Ինչ վերաբերում է Արամ Խաչատրյանի անվան մրցույթին, այն անցկացվեց հանրապետության առաջին տիկին Ռիտա Սարգսյանի աջակցությամբ։ Իհարկե՝ իր դերակատրումն ունեցավ ՀՀ մշակույթի նախարարությունը։ Իսկ սա նշանակում է, որ Հայաստան այցելած արվեստագետները տեսնում են երկրի ղեկավարության հոգածությունը մշակույթի հանդեպ։ Կուզեի նշել խաչատրյանական մրցույթի անցկացման օրերին ուսանողների, արվեստագետների, երաժշտասերների հետաքրքրության մասին։ Ժյուրիի կազմում էլ մեծանուն երաժիշտներ էին։ Թավջութակահարների եւ ջութակահարների ժյուրիների կազմում էին անվանի երաժիշտներ Կարինե Գեորգիանը (Մեծ Բրիտանիա), Ֆիլիպ Մյուլլերը (Ֆրանսիա), Ստեֆան Պոպոդը (Բուլղարիա), Վահրամ Սարաջյանը (ԱՄՆ), Էդուարդո Վալենզուեզան (Ֆրանսիա), Զախար Բրոնը (Գերմանիա), Սերգեյ Կրավչենկոն (Ռուսաստան), Վլադիմիր Լանդսմանը (Կանադա), Իգոր Պետրուշեւսկին (Մեծ Բրիտանիա)։ Ժյուրիները նախագահում էին կոնսերվատորիայի պրոֆեսորներ Էդուարդ Թադեւոսյանը եւ Մեդեա Աբրահամյանը։ Կոնսերվատորիան մշակույթի նախարարության հետ համատեղ իրականացնում է նաեւ ավանդական դարձած Գոհար Գասպարյանի անվան վոկալիստների, Հեղինե Տեր-Ղեւոնդյանի անվան կոնցերտմայստերների, Գեորգի Սարաջյանի անվան դաշնակահարների եւ այլ հանրապետական մրցույթներ։
– Տարբեր կարծիքներ են հնչում կրթական համակարգում Բոլոնիայի համաձայնագրի դրույթների մասին։ Ճի՞շտ եք համարում հիշյալ համակարգի կիրառումը հայաստանյան մշակույթի բուհերում։
– Ժամանակը ցույց տվեց, որ նախկինում գործող համակարգը լավ արդյունքներ է տվել եւ կենսունակ է։ Սակայն անհրաժեշտություն առաջացավ ինտեգրվել աշխարհի բուհերին, այդ թվում՝ արվեստի, ինչը հնարավորություն է տալիս կապեր հաստատել Արեւմուտքի առաջնակարգ մշակութային ուսումնական հաստատությունների հետ, եւ այդ ուղղությամբ մեզ մոտ տարվում են լայնամասշտաբ աշխատանքներ։ Օրինակ՝ կապեր ենք հաստատել Լոնդոնի եւ Շոտլանդիայի արքայական ակադեմիաների, Լոս Անջելեսի USC համալսարանի հետ, էլ ավելի ենք ընդլայնել կապերը Մոսկվայի Չայկովսկու անվան կոնսերվատորիայի հետ։ Նպատակը փորձի փոխանակումն է։ Վերջինի շրջանակներում, ինչպես մեր կոնսերվատորիայում, այնպես էլ նշածս հաստատություններում կանցկացվեն վարպետության դասընթացներ, դասախոսություններ եւ այլն։
– Կոնսերվատորիայի անունը առաջին հերթին ասոցացվում է դասական երաժշտության, դասական երաժշտական գործիքների հետ, բայց կոնսերվատորիան ազգային նվագարանները խթանող պարտականություն եւ պարտավորվածություն ունի։ Ազգովի խանդավառված ենք միայն դուդուկով, մինչդեռ ունենք ժողգործիքների հարուստ հավաքածու։ Ի՞նչ է արվում ժողնվագարանների քարոզչության ուղղությամբ։
– Մշակույթի նախարարության ջանքերով արդեն երաժշտական դպրոցներում ժողգործիքների եւ ժողերգի դասավանդումը անճար է։ Աշխատանքներ են տարվում երաժշտական դպրոցները, ինչպես հանրակրթականներն են, դարձնել անվճար՝ դասական երաժշտական գործիքների դասարաններում նույնպես։ Սա, իհարկե, առաջիկայում… Առանց մանրամասնելու, կարծում եմ՝ պարզ է, որ երաժշտական դպրոցների անվճար ուսուցումը հնարավորություն կընձեռի միանգամից նկատելու տաղանդավոր երեխաներին։ Դրան զուգահեռ մենք կունենանք նաեւ պատրաստված ունկնդիր։ Ինչ վերաբերում է ժողգործիքներին, տեղեկացնեմ, որ այս տարի կոնսերվատորիայում համալրվել են նաեւ քամանչայի, թառի, շվիի, քանոնի դասարանները։
– Վերջին շրջանում մեծ աշխուժություն է ապրում, թեկուզ հենց բեմադրությունների քանակով, կոնսերվատորիայի Ղազարոս Սարյանի անվան օպերային ստուդիան։ Կարող ենք փաստել, որ ունենք փոքր օպերային թատրոն։ Չե՞ք կարծում, որ այն պետք է դառնա խաղացանկային։
– Օպերային ստուդիան ապագա երգիչների ուսումնական ընթացքն է ապահովում։ Այնտեղ նրանք ձեռք են բերում դերասանի վարպետության եւ օպերային արվեստի հետ կապված այլ անհրաժեշտ գիտելիքներ։ Չեմ կարծում, որ օպերային ստուդիան կարող է խաղացանկային թատրոն լինել, որովհետեւ ուսումնառության 5 տարիներից հետո ստուդիայի լավագույն երգիչները համալրում են մեր Ազգային օպերային թատրոնի արտիստների շարքը։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել