BBC-ն հաղորդում է, որ կիրակի օրը Հոլանդիան Աֆղանստանից դուրս է բերել իր վերջին ստորաբաժանումները՝ ավարտելով իր քառամյա առաքելությունը միջազգային կոալիցիոն ուժերի կազմում: Հիշեցնենք, որ ՆԱՏՕ-ի կազմում Աֆղանստանում ծառայություն էր իրականացնում 1950 հոլանդացի զինվորական: Հոլանդական համակազմի հրամանատար, գեներալ Պիտեր Վան Ումը հայտարարել է, որ աֆղանական Ուրուզգան գավառում, որտեղ տեղակայված էին հոլանդացի զինծառայողները, անվտանգությունը էապես բարելավվել է: Նա միաժամանակ խոստովանել է, որ հոլանդական ուժերի դուրս բերումից հետո գավառում կայունության ամրապնդման համար «դեռ շատ անելիքներ կան»: Ուրուզգանի վերահսկողությունը հոլանդացիները կիրակի օրը պաշտոնապես հանձնել են Միացյալ Նահանգների եւ Ավստրալիայի զինուժերին:
Նկատենք, որ աֆղանական պատերազմի ընթացքում զոհվել է 24 հոլանդացի զինծառայող, 140-ը վիրավորվել է: Հիշեցնենք, որ ՆԱՏՕ-ի կողմից հոլանդական համակազմի ներկայությունն Աֆղանստանում երկարաձգելու պահանջը այս տարվա փետրվարին Հոլանդիայի կոալիցիոն կառավարության փլուզման պատճառ էր դարձել: