Բրազիլիայի նախագահ Լուիս Ինասիո Լուլա դա Սիլվան քաղաքական ապաստան է առաջարկել Իրանի քաղաքացուհի Սակին Մոհամմադի Աշտիանին, որին, ամուսնուն դավաճանելու համար, մահապատիժ է սպառնում:
Լուլա դա Սիլվան խնդրանքով դիմել է Իրանի իշխանություններին՝ կնոջը հնարավորություն տալ ընդունելու ապաստան ստանալու առաջարկը: Աշտիանի գործը միջազգային ճանաչում է ստացել այն բանից հետո, երբ նա, համաձայն շարիաթի օրենքների իրանական մեկնաբանության, դատապարտվել է մահապատժի՝ քարերով հարվածներ ստանալու միջոցով: BBC-ի մատուցմամբ, չնայած այն բանին, որ հուլիսին որոշվել էր դատավճիռը մեղմացնել, կնոջը նախկինի նման մահապատիժ է սպառնում՝ այս անգամ կախաղանի միջոցով: «Ես կոչ եմ անում Իրանի գերագույն առաջնորդ այաթոլա Խամենեիին եւ նախագահ Մահմուդ Ահմադինեջադին՝ թույլ տալ Բրազիլիային այդ կնոջն ապաստան տալ: Եթե նա այնտեղ խնդիրներ է ստեղծում, մենք ուրախությամբ կընդունենք նրան այստեղ»,- ասել է Բրազիլիայի նախագահը:
Իրանի իշխանությունները հայտարարել են, որ ներկայումս կայացված դատավճիռը դատարանում քննարկվում է, բայց դեռ կարող է իրականացվել: Չնայած 43-ամյա ամբաստանյալ կնոջ հայտարարություններին, թե ինքն իրեն առաջադրված մեղադրանքն ընդունել է նախաքննության կողմից իրականացված ճնշումների տակ, դատարանը նրան մեղավոր էր ճանաչել: