Կուբայի նախագահ Ռաուլ Կաստրոն մտադիր չէ շուկայական մասշտաբային բարեփոխումներ իրականացնել կամ փոխել երկրի սոցիալիստական զարգացման ուղին: Այդ մասին փոխանցում է BBC-ն՝ հավելելով, թե, այդուհանդերձ, Կաստրոն խոստացել է նվազեցնել պետության դերը տնտեսության որոշ ոլորտներում եւ մարդկանց տնտեսական մեծ ազատություններ տալ՝ մասնավորապես աշխատող վարձել եւ փոքր բիզնեսով զբաղվել:
Կուբայի նախագահը Ազգային վեհաժողովում հայտարարել է, թե այդ միջոցառումները, որոնք Հավանան անմիջապես սկսել է կյանքի կոչել, ուղղված են պետական ծախսերի կրճատմանը՝ հավելելով, թե գիտի, որ ժողովուրդը սպասում է տնտեսական խոր ճգնաժամից երկիրը դուրս բերելուն ուղղված քայլերի: Երկրի օրենսդիրների առջեւ ունեցած իր ելույթում Կաստրոն ընդգծել է, թե պետական հատվածի ծառայողները, որոնց աշխատանքի արդյունավետությունը բավարար մակարդակի վրա չէ, ստիպված են լինելու նոր աշխատանք գտնել: «Մենք ընդմիշտ պետք է վերջ դնենք այն պատկերացմանը, թե՝ Կուբան աշխարհում այն միակ երկիրն է, որտեղ չաշխատելով կարելի է ապրել»,- հայտարարել է Ռաուլ Կաստրոն: Նա հերքել է արեւմտյան ԶԼՄ-ներում շրջանառվող այն տեղեկությունները, թե Հավանան մտադիր է «կապիտալիստական դեղատոմսերի» վրա հիմնված տնտեսական մեծամասշտաբ բարեփոխումներ իրականացնել: Կուբայի նախագահը վստահեցրել է, որ երկրի կոմունիստական կուսակցության շարքերում տարաձայնություններ չկան. «Հեղափոխության միասնությունն այսօր ավելի ամուր է, քան՝ երբեւէ»: