Իսրայելը սկզբունքային համաձայնություն է տվել շրջափակված Գազայի հատվածին մարդասիրական օգնություն տանող «Ազատության նավատորմի» հետ կապված միջադեպի առնչությամբ միջազգային հետաքննություն անցկացնելու առաջարկին: Այդ մասին, lenta.ru-ի մատուցմամբ, հայտարարել է Իսրայելի պաշտպանության նախարար Էհուդ Բարաքը՝ իր երկրի որոշման մասին տեղեկացնելով նաեւ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Պան Գի Մունին: ՄԱԿ-ի առաջարկով, ձեւավորվելիք միջազգային հանձնաժողովը գլխավորելու է Նոր Զելանդիայի նախկին վարչապետ Ջեֆրի Պալմերը: Հանձնաժողովում ներգրավվելու են ՄԱԿ-ի, ԱՄՆ-ի, Իսրայելի եւ Թուրքիայի ներկայացուցիչները:
Իսրայելից ստացված մեկ այլ տեղեկատվության համաձայն, որի մասին երկուշաբթի օրը հաղորդել է «Jerusalem Post»-ը, պաղեստինյան «Իսլամական ջիհադ» խմբավորումն Իսրայելին սպառնացել է մահապարտների մասնակցությամբ նոր ահաբեկչական ակտեր իրականացնել: Հայտարարությունն արվել է այն բանից հետո, երբ Իսրայելի ավիացիան հարվածներ է հասցրել Գազայի հատվածում գտնվող ՀԱՄԱՍ շարժման օբյեկտներին: Իսրայելը հայտարարել է, թե դա ՀԱՄԱՍ-ի կողմից իր տարածքների հրթիռակոծման պատասխանն է:
Միաժամանակ «Իսլամական ջիհադի» ռազմական թեւի առաջնորդներից մեկը՝ Աբու Ահմեդը, շեշտել է, թե նման ակցիաները վերջին շրջանում ավելի դժվար է իրականացնել՝ Իսրայելի իրավապահ ուժերի եւ պաղեստինյան ինքնավարության կողմից անվտանգության համատեղ իրականացվող միջոցառումների պատճառով: Վերջին տարիներին իսրայելցի իրավապահներն ու անվտանգության պաղեստինյան ուժերը կալանավորել են մի քանի տասնյակ իսլամիստ-գրոհայինների եւ հրամանատարների, նաեւ՝ պոտենցիալ մահապարտների: ՀԱՄԱՍ-ը նաեւ մեղադրել է Արաբական պետությունների լիգային այն բանում, որ վերջինս, Պաղեստինի ինքնավարության առաջնորդ Մահմուդ Աբբասի եւ Իսրայելի միջեւ ուղիղ բանակցությունների վերսկսմանը հավանություն տալով, իրավիճակն անկլավում սրում է: Իսլամական շարժման ներկայացուցիչ Ֆավզի Բարխումը հայտարարել է, թե Արաբական պետությունների լիգան ու Աբբասը «Իսրայելի եւ ԱՄՆ-ի ճնշման տակ հանձնվել են»: Իսրայելի վարչապետ Բինիամին Նեթանյահուն արդեն հայտարարել է, թե պաղեստինցիների հետ Իսրայելի ուղիղ բանակցությունները կմեկնարկեն օգոստոսի կեսերին:
Ընդսմին, իրավիճակը Գազայի հատվածում շարունակում է լարված մնալ: BBC-ի փոխանցմամբ, իսրայելական ռադիոն հաղորդել է երկրի հարավում գտնվող լողափնյա Էյլաթ քաղաքում տեղի ունեցած հինգ պայթյունի մասին, որոնք, տեղի ոստիկանության հավաստմամբ, հրթիռակոծության արդյունք են: Հրթիռներից մեկը ընկել է նաեւ Հորդանանի նավահանգստային Ակաբա քաղաքի վրա: Միջադեպի հետեւանքով, բարեբախտաբար, զոհեր չկան, բայց կա չորս վիրավոր: Երկուշաբթի օրն առավոտյան ուժեղ պայթյուն է եղել նաեւ Գազայի հատվածում՝ ՀԱՄԱՍ-ի բարձրաստիճան առաջնորդներից մեկի տանը. արդյունքում ավելի քան 20 մարդ վիրավորվել է: Իսրայելը հերքել է իր առնչությունն այդ միջադեպին: