Լրահոս
Օրվա լրահոսը

ՍԿԱՈՒՏՆԵՐԸ «ԲԱՑԱՀԱՅՏԵՑԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԸ

Օգոստոս 03,2010 00:00

Արդեն երրորդ տարին է, ինչ Լոռու մարզի Թեժ Լեռան ստորոտին կազմակերպվում է Հայկական բարեգործական ընդհանուր միության (ՀԲԸՄ) «Անդրանիկ» սկաուտական ճամբարը: Այս տարի ճամբարին մասնակցում էին Հալեպ, Դամասկոս,  Բեյրութ քաղաքների եւ արգենտինահայ երիտասարդներ: Նրանք արդեն հասցրել են լինել Էջմիածնում, Սարդարապատում, Գառնու տաճարում ու Գեղարդավանքում, ծաղիկներ դնել Ծիծեռնակաբերդի՝ եղեռնի զոհերի հիշատակը հավերժացնող կոթողին: Սկաուտական խմբի ղեկավարներից Մարիաննա Մարտիրոսյանն «Առավոտի» հետ զրույցում ասաց. «Ծիծեռնակաբերդում ես զգացի հայ լինելու հպարտությունը: Շատ լավ է, երբ ճանաչում ես քո երկիրն ու գիտես նրա պատմությունը: Բոլորս էլ շատ սիրեցինք Հայաստանը»: Արգենտինահայ սկաուտներն այցելեցին նաեւ Մարգահովիտ, գյուղի հոգեւոր հովիվ տեր Սողոմոն քահանա Ավետիսյանի ուղեկցությամբ շրջեցին գյուղում, եղան կիրակնօրյա դպրոցում, զրուցեցին գյուղի բնակիչների հետ: Մ. Մարտիրոսյանը նկատեց. «Մեր նպատակն է շփվել նաեւ հասարակ գյուղացու հետ եւ բացահայտել գյուղի կոլորիտը»: Նա պատմեց Բուենոս-Այրեսի հայկական դպրոցի եւ եկեղեցու մասին՝ փաստելով, որ իրենք այդ երկու հաստատությունների միջոցով են օտար երկրում հայ մնացել: Սկաուտներն այցելեցին նաեւ Լոռու մարզի գյուղական համայնքներում գործող միակ տիպային մանկապարտեզը, այնուհետեւ Լոռու Շիրակամուտ գյուղում օգնեցին բարեկարգել տեղի եկեղեցու շրջակայքը: Երեք օր Երեւանում անցկացնելուց հետո սկաուտներն այսօր կմեկնեն Հայաստանից:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել