Լրահոս
Օրվա լրահոսը

ԾԵԾԸ՝ ԲՌՆՈՒԹՅՈ՞ՒՆ, ԹԵ՞ ԴԱՍՏԻԱՐԱԿՄԱՆ ՄԻՋՈՑ

Օգոստոս 03,2010 00:00

«Շատ հաճախ երեխային մեկ ապտակ հասցնելն ավելի հեշտ է, քան մի քանի ժամ նստել-բացատրել, թե ինչու չի կարելի նման բան անել»,- ասում է «Օրրան» հ/կ նախագահ Մարիամ Մանուչարյանը, իսկ սոցաշխատող Լուսինե Աքմաքչյանն ավելացնում է, որ երեխան քավության նոխազ է դառնում նյարդային ծնողի համար. «Ծնողը, որի իրավունքները ոտնահարված են, չկարողանալով պաշտպանել իրեն, ոտնահարում է իր երեխայի իրավունքները»: Մասնագետները նկատել են որ անընդհատ ծեծվող երեխան չգիտի էլ, որ նա բռնության է ենթարկվում, դա, ըստ ծնողների, ազգային մտածելակերպին հատուկ դաստիարակման միջոց է: «Մենք ավելի կարեւոր խնդիր ունենք, բարդ է ծնողին ու մասնագետին հասկացնել, որ ոչ միայն ծեծն է բռնություն, այլեւ անտեսումը, անտարբերության մատնելը, արհամարհելը»,- ասում է ՎՊՄԻ հոգեբանության ամբիոնի վարիչ, «Առավոտ» հ/կ-ի նախագահ Մարգարիտա Շահվերդյանը:
 Երեխաների հանդեպ բռնությունը բացառելու նպատակով Եվրոմիության «Միավորվենք հանուն երեխաների, փրկենք ապագան» ծրագիրն սկսել է իրականացնել «Ընդդեմ երեխաների բռնության» ծրագիր-ակցիան, որի նպատակն է իրազեկման ու քարոզարշավի միջոցով երեխաների հետ աշխատող բոլոր կազմակերպությունների (ծնողների, մանկավարժների, բժիշկների, հոգեբանների, սոցաշխատողների, ոստիկանների) հետ համագործակցելով եւ սեմինարներ անցկացնելով հասնել երեխաների դեմ բռնությունների կանխարգելմանը: Ծրագրի շրջանակներում կմշակվեն հմտություններ, մեխանիզմներ, օրենսդրական դաշտում կիրականացվեն փոփոխություններ: Ծրագրի ազգային ղեկավար Աիդա Գեւորգյանի կարծիքով, եռամյա ծրագրի ավարտից հետո կլինեն դրույթներ, որոնցով հետագայում աշխատելով՝ մասնագետներն ու ծնողները, զգալով արդյունավետությունը, դա ուղենիշ կհամարեն: Ըստ Ա. Գեւորգյանի՝ ծնողավարման դասընթացներ են անհրաժեշտ, որը «ամենաբարդն է, բայց՝ հաղթահարելի»: Նրանք հույս ունեն, որ մի միասնական համակարգ ստեղծելով, համատեղ ուժերով կարելի է հասնել ծրագրի հիմնական նպատակին:
Հետաքրքիր է, որ Լոռու մարզպետարանի Երեխաների իրավունքների բաժնում բռնության ենթարկված երեխաներ հաշվառված չեն. դա էլ ազգային մտածելակերպին հատուկ գիծ է՝ ծնողներն ամաչում ու թաքցնում են կրկին անիրազեկության պատճառով: Դա դպրոցներում հոգեբանների եւ սոցաշխատողների պակասի արդյունք է. «Ծնողը պետք է իմանա, որ դա անանուն է, եւ չմտածի, թե երեխայի անունը կընկնի, կամ ինքը կխայտառակվի, այլ մտածի երեխայի հոգեկան աշխարհի մասին»,- ասում է Մ. Շահվերդյանը:
2009 թ.-ին Լոռու մարզպետարանի Երեխաների իրավունքների բաժնում գրանցվել է 43 իրավախախտ, հանցագործություն կատարած՝ 28, կրթությունից դուրս մնացած՝ 5, թափառաշրջիկ՝ 2, մուրացիկ՝ 1 երեխա:
Երեխաների խնդիրներով զբաղվող հ/կ-ների հոգեբաններն ու սոցաշխատողները նկատել են, որ վերջին տարիներին ծնողավարման հմտությունների պակաս կա, ծնողը, որն իր ծնողից բռնություն է տեսել եւ հաջողության է հասել, համոզված է, որ «երեխան պետք է ծեծ ուտի, որ լավ մարդ դառնա»:
Վանաձորի Խնամքի եւ պաշտպանության կենտրոնում միակողմանի ծնողազուրկ եւ սոցիալապես խիստ անապահով ընտանիքների երեխաներն են: Սոցիալական պայմաններից ելնելով՝ նրանց ծնողները քիչ ժամանակ են տրամադրում երեխաներին. «Ծեծը, անտարբերությունը, անտեսումը նպատակային բռնություն չի դիտվում ծնողի կողմից, իբր դաստիարակելով չեն զգում՝ ինչպիսի հոգեբանական ճնշման են ենթարկում իրենց երեխային»,- ասում է Վանաձորի Խնամքի եւ պաշտպանության կենտրոնի տնօրեն Հասմիկ Ներկարարյանը: Իսկ հոգեբանները նշում են, որ անընդմեջ ծեծվող երեխան նաեւ հոգեբանական բռնության է ենթարկվում, նրա մոտ ընկճվածություն ու մեկուսացում է նկատվում, վերջիվերջո երեխան գիտակցելով կամ ծնողի պահանջով չի խուսափում վատ արարքից, այլ կրկին ցավ չզգալու համար:
Լոռու մարզում երեխաների խնդիրներով զբաղվող բազմաթիվ կառույցներ կան՝ ակտիվ հ/կ-ներ, Լոռու մարզպետարանում Երեխաների իրավունքների բաժին, 113 համայնքներում Անչափահասների խնամակալության եւ հոգաբարձության հանձնաժողովներ, Ոստիկանության անչափահասների բաժին, սակայն այս օղակները համագործակցված աշխատանքի կենտրոն չունեն: Վերոհիշյալ օղակների ներկայացուցիչների կարծիքով, մարզում սոցաշխատողի եւ հոգեբանների ինստիտուտը կայացած չէ: Ազգային մենթալիտետից ելնելով, հայ ծնողները չեն ընդունում հոգեբանների եւ սոցաշխատողների մոտ անկեղծանալը: Հաճախ հ/կ-ների սոցաշխատողները իրենց շահառուների ընտանիքներ չեն կարողանում մտնել, վստահություն ձեռք բերելու համար ժամանակ են ծախսում:
Ծրագրի ղեկավարները նպատակ ունեն ստեղծել այդ համակարգը, որպեսզի կատարած աշխատանքը արդյունք ունենա: Նրանց կարծիքով, երեխաների պաշտպանության օրենքները թույլ են, անհրաժեշտ են օրենսդրական փոփոխություններ:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել