Տավուշի մարզի հնամենի Կիրանց գյուղը շատ սրբավայրեր ունի՝ Առաքելոց, Կիրանց, Դեղձնուտ վանքեր, սակայն դրանք բնակավայրից բավականին հեռու են, գեղատեսիլ անտառում: Այժմ գյուղի կենտրոնում կա աղոթատեղի: Օգոստոսի 1-ին Իջեւանի տարածաշրջանի սահմանամերձ Կիրանցում հանդիսավորապես բացվեց Սուրբ Աստվածածին մատուռը: Այն կառուցել է ծագումով Կիրանցից, փորձարկող օդաչու Վալենտին Նազարյանը: 63-ամյա օդաչուն ժամանակին ծառայել է Միջինասիական ռազմական օկրուգում՝ փառափանծ կոնստրուկտոր Արտեմ Միկոյանի հրամանատարության ներքո, իսկ այժմ Նիժնի Նովգորոդի օդանավակայանի տնօրենն է: Նա մատուռը կառուցել է ի հիշատակ իր վաղամեռիկ դստեր՝ Լալայի, որը թաղված է Կիրանցում: Մատուռի օծումը կատարեցին Հայ առաքելական եկեղեցու Տավուշի մարզի առաջնորդ Թորգոմ վարդապետ Տոնիկյանը եւ Դամասկոսի թեմի առաջնորդ Արմաշ եպիսկոպոսը: Նրանք նաեւ հայրենիքի պաշտպանության համար զոհված Կիրանցի բնակիչների հոգեհանգստյան արարողություն կատարեցին: Հայ-ադրբեջանական հակամարտության Կիրանցը 18 զոհ է տվել: