Հուլիսի 31-ին ժամը 16-ի սահմաններում Տավուշի մարզի Ոսկեպար գյուղի սահմանագոտում պայթել է 7-8 հակահետեւակային ական: Ականները պայթել են սահմանագոտում բռնկած հրդեհների հետեւանքով:
Սահմանամերձ Բարեկամավանի գյուղապետ Գարիկ Աբազյանի խոսքերով՝ 3 օր առաջ ադրբեջանցիները հրդեհել են սահմանագոտին, եւ կրակը տեղափոխվել է Բարեկամավանի դաշտերը: Կրակի բաժին է դարձել շուրջ 1400 հեկտար տարածք: Իրական վտանգ կար, որ կրակը կարող էր թափանցել գյուղի շրջակա անտառները: Բարեկամավանի բնակիչների, Նոյեմբերյանի հրշեջների եւ Նոյեմբերյանի անտառտնտեսության աշխատակիցների ջանքերով հաջողվել է մարել հրդեհը: Գյուղապետի խոսքերով՝ հրդեհ է բռնկել նաեւ օգոստոսի լույս 2-ի գիշերը: Բարեկամավանում հրդեհներից այրվել են չմշակվող դաշտերը, չհնձված խոտհարքները, նյութական վնասները մեծ չեն:
Հիշեցնենք, որ հուլիսի 28-ի երեկոյան Տավուշի մարզի սահմանամերձ Դովեղ գյուղից էինք ահազանգ ստացել, որ Ղազախի շրջանի ադրբեջանցիներն արտերը հնձելուց հետո իրենց տարածքը հրդեհել էին, ու կրակը շարժվում էր դեպի Հայաստան («Առավոտ» 30 հուլիս՝ «Ադրբեջանից կրակը գալիս է»): Ադրբեջանցիների նման պահվածքը, ցավոք, նորություն չէ Հայաստանի սահմանամերձ բնակավայրերի համար: