Գյուղի բանկիչները պատրաստ են ոռոգման ջրի համար իրար դանակահարել, իսկ «Երեւան» ՋՕԸ-ի տնօրինությունը հավաստիացնում է, թե գյուղում ջուր կա:
Անցած շաբաթավերջին հերթական անգամ Այնթափի գյուղապետարանի շենքում հավաքվել էին գյուղի հողագործները: Եկել էին պահանջելու՝ բարելավել ոռոգման ջրի մատակարարման վիճակը: Այս անգամ, սակայն, գյուղացիների բողոքը նման էր «SOS» ահազանգի, քանի որ շատերի հողատարածքներն արդեն չորացել են, մյուսներինն էլ՝ չորացման եզրին են: Այս վիճակից բողոքող այնթապցի Հայկանուշ Միրոյանն «Առավոտին» ասաց. «Ոռոգման ջրի խնդիրը մատնված է անուշադրության: Արդեն օգոստոսն է, բայց հողերը դեռեւս չեն ոռոգվում: Ջուրը տրվում է բավականին քիչ, բավականին ուշ-ուշ, իսկ եկած ջուրն էլ չի հասնում նպատակակետին, քանի որ ցանցը, խորհրդային տարիներից մնացած կիսախողովակները մաշված ու քայքայված են: Ջուրը ոչ թե հոսում է առուներով, այլ շատ տեղերում լճանում ու ճահճանում է՝ նոր խնդիրներ առաջացնելով այս տարածքներում: Հեռվում գտնվող հողատարածքները ծարավից ճաքճքում են: Հինգ տարի առաջ սկսեցին այրվել գյուղի խաղողի այգիները: Արարատյան դաշտավայրի անկրկնելի խաղողի այգիները, ուր յուրաքանչյուրի ողկույզը կշռում էր երկու կիլոգրամից ավելի, սկսեցին չորանալ: Այսօր խաղողի շատ այգիների փոխարեն, մարդիկ այլ բան են մշակում, ասենք հացահատիկային կուլտուրաներ, ավել եւ այլն, որը ճիշտ չէ Արարատյան դաշտավայրի համար, բայց մարդիկ դա են ցանում անջրդի հողերում, որ արդյունավետ լինի: Սակայն այսօր արդեն դրանք էլ են կանգնած չորացման եզրին: Հեկտարներով պոմիդորի տարածքներ են չորացել: Առուներին մոտ հողատարածքները էլի քչից-շատից ջրվում են: «Երեւան» ջուր օգտագործողների ընկերությունը՝ ՋՕԸ, մեզանից ամեն տարի գումար է գանձում: Կարող է մեկը ժամանակին վճարի, մեկը մի քիչ ուշ, բայց տարեվերջին մոտ 80%-ը վճարում են: Փաստացի վճարում ենք ավելին, քան պետք է վճարենք, օրինակ, ես ինձ հասանելիք ջրի միայն 50%-ն եմ կարողանում օգտագործել, քանի որ, եթե ես ջրեմ այնքան, որքան ինձ հասնում է, իմ հարեւանը կմնա առանց ջրի: Բայց վճարում եմ ամբողջի գինը: Հսկայական գումարներ են հավաքվում, որոնցով պետք է աշխատանքներ տարվեն, փոխվեն խողովակները, մաքրվեն առուները եւ այլն, բայց ոչինչ չի արվում: Այդ դեպքում ու՞ր են գնում մեր վճարած գումարները: Ոչ աշխատանք կա, ոչ ծախս: Օրերս նախարարը խոսեց եւ ասաց, որ մենք ունենք անչափ քանակությամբ ջուր, որ կուտակվել է տեղումների հետեւանքով, քանի որ տարին անձրեւառատ էր: Բայց մենք այդ ջրի երեսը չենք տեսնում: Մարդիկ իրար նկատմամբ թշնամանում են ջրի պատճառով, իրար ինչ ասես ասում են… էլ գող փիսո, էլ քաչալ շուն: Հետո ամաչում ենք իրար աչքերի նայել: Եղել են դեպքեր, երբ մարդիկ իրար վրա դանակ են հանել, ձեռնամարտի մտել»:
Գյուղացիները բողոքում են, որ երբ ջուր է լինում, այնքան բարակ ու այնքան շուտ է կտրվում, որ մարգի մեջ կիսատ է մնում՝ առանց հասնելու այգու վերջին ծայրը: Այնթապի այգիներում շատ ենք հանդիպում ոչ միայն անապատացած, այլեւ կիսամշակ հողատարածքների. հողագործներից շատերը հիասթափվել են ու կիսատ թողել աշխատանքները: Անահիտ Պողոսյանն ասում է, որ իրենք «Երեւան» ՋՕԸ-ի հետ պայմանագրեր ունեն, բայց ընկերությունը չի կատարում իր պայմանագրային պարտավորությունները, միայն գումարներ է հավաքում: Գուրգեն Գրիգորյանի խոսքը պատկերավոր էր. «Ուզում ե՞ք Սահարայի անապատը տեսնեք, եկեք տեսեք՝ 15 հեկտար ծիրանի այգիները, որոնք չորացել են: Թող մեզ մի հազար դոլար տան ինքնաթիռի տոմս գնենք ու ընտանիքներով գնաք այստեղից, թող հողն էլ իրենց մնա: Ուզում են՝ թող պարսիկներին տան, ուզում են՝ արաբներին, թող գան ցեխեր, խանութներ, կազինոներ դնեն: Թե չէ սա կյանք չի, որ մենք ապրում ենք, բոլորս ջրի գողեր ենք դարձել»:
«Իրենք իշխանություն են, հնարավորություն ունեն մեզ դատի տալու, եթե պայմանագիրը խախտենք եւ ջրի վարձը չտանք, ապա մենք ու՞մ դատի տանք, որ մեր ներդրած վարկային գումարները, որ բարձր տոկոսադրույքներով վերցրել ենք բանկից եւ ներդրել հողի մեջ, արդեն կորչում են: Ո՞նց ենք տալու այդ վարկերը, հողի, ջրի վարձերը, եթե բերքը մեր աչքի առաջ փչանում է: Ես 1,5 հեկտար հողը իմ ձեռքերով, իմ պատրաստած գութանով եմ վարել, քրտինքով եմ վարել, բայց արցունքով եմ ջրում: Ասում են՝ մի շաբաթից հարցերը կլուծվի: Զատիկից հետո կարմիր ձուն ի՞նչ ենք անում: Բերքը փչանալուց հետո էլ ինչի՞ս է պետք իրենց տված ջուրը: Եթե այսօր էլ չջրեմ, արդեն կարող եմ ձեռքերս լվանալ իմ բերքից»,- ասում է աֆղանական եւ արցախյան պատերազմի մասնակից Սողոմոն Պիճիկյանը:
Գյուղացիները պահանջում են հանձնաժողով, որը գա եւ տեղում տեսնի հողատարածքների վիճակը, արձանագրի մարդկանց կրած վնասները, որպեսզի հետագայում ջրի գումար չպահանջեն:
Բնակիչներից մեկը, ում հողամասի մոտ՝ խողովակների բացակայության պատճառով, ջուրը կուտակվել եւ ճահճացել է, «Առավոտին» ասաց. «Մի առու եմ բացելու, որ ջուրը գնա հոսի Արտաշատ տանող մայրուղիով, որով երթեւեկում են մեր նախարարներն ու թագավորները: Այ, որ նրանց ոտի տակի ասֆալտը քանդվի, նոր կիջնեն իրենց ջիփերից, կասեն՝ տեսնենք էս ինչո՞ւ քանդվեց, էս ի՞նջ ջուր էր: Միգուցե այդ ժամանակ այդ ջրի խողովակները փոխվեն»:
Գյուղի ջրբաժան Գագիկ Հովհաննիսյանն էլ է ջրի երեսից կրակն ընկել: «Ջուրը գյուղ հասնում է ընդհատումներով, ու գրաֆիկը խախտվել է: Ես չգիտեմ՝ ի՞նչ անեմ, ո՞ւմ ջուր տամ, ո՞ւմ չտամ: Ջուրը չի բավարարում: 100%-ից 30%-ն էլ չի գալիս»,- ասում է Գագիկ Հովհաննիսյանը:
Այնթապցիների առայժմ վերջին բողոքի օրը գյուղապետարան էր եկել նաեւ «Երեւան» ՋՕԸ-ի տնօրեն Մերուժան Ասատրյանը: Նրա այցելությունն առանձնապես չէր հուսադրում գյուղացիներին, քանզի ամեն բողոքից հետո այնթապցիներին խոստանում են, որ ջուր կլինի, մեկ-երկու օր կիսատ-պռատ տալիս են, նորից դադարեցնում: «Առավոտի» հարցին, թե ինչո՞ւ եւ ինչի՞ հետեւանքով է ստեղծվել նման իրավիճակ, տնօրենը ասաց, որ գյուղում ջուր կա, մարդիկ իրենց հողատարածքները նորմալ ջրում են: Հարցին, թե այդ դեպքում ինչո՞ւ են այսքան հողագործներն իրենց բան ու գործը թողել ու եկել գյուղապետարան՝ ջուր պահանջելու, «Երեւան» ՋՕԸ-ի տնօրենն ասաց, որ շատերն ուղղակի լսել են, որ բողոքողներ կան, եկել են, որ ցույց տան, թե, իբր, իրենք էլ են վնաս կրում, որպեսզի ջրի վարձը չվճարեն: Տնօրենի համար գյուղում առկա ջրի խնդիրները մանր-մունր խնդիրներ են, որոնք կլուծվեն առաջիկա օրերին:
«Երեւան» ՋՕԸ-ի տնօրեն Մերուժան Ասատրյանը բողոքավոր այնթապցիների ներկայությամբ հանձնարարեց իր տեղակալ Իսրայել Հովհաննիսյանին եւ Այնթապի տեղամասի պետ Սամվել Մուրադյանին՝ գյողացիների հետ գնալ դաշտերը եւ տեղում տեսնել, թե ինչ իրավիճակ է: Ըստ գյուղացիների, սակայն վերջիներս, մեղմ ասած արհամարհել են վերադասի կարգադրությունը: «Եկան, հեռվից նայեցին դաշտերին, ասացին՝ «Լավ էլ կանաչ է», ու թողեցին գնացին, առանց մոտենալու եւ մոտիկից տեսնելու այրվող մշակաբույսերը»,- պնդում են այնթապցիները:
Հ. Գ. Այնթապը մայրաքաղաք Երեւանին «կպած» գյուղ է: Եթե մայրաքաղաքի քթի տակ ապրող գյուղացու ձայնը լսելի չէ, ապա դժվար չէ հասկանալ, թե ինչու են ամայանում մայրաքաղաքից հեռու գյուղերը: