Լրահոս
Օրվա լրահոսը

Հովանավորում է կոռուպցիոներին

Օգոստոս 03,2010 00:00

2010թ. մարտին Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակը հաղորդում էր ներկայացրել Լոռու մարզի դատախազություն՝ Լոռու մարզի Լեռնապատ համայնքի ղեկավարի անօրինական գործողությունների վերաբերյալ:
Ընդհանուր առմամբ, համայնքի ղեկավարի կողմից համայնքի բյուջեին պատճառվել էր 11 մլն 665 հազար դրամ գումարի վնաս:
Կազմակերպության կողմից ներկայացված հաղորդման հիման վրա, համայնքի ղեկավարի նկատմամբ հարուցվել է քրեական գործ՝ առանձնակի խոշոր չափերով յուրացման, պաշտոնեական լիազորությունների չարաշահման, պաշտոնեական կեղծիքի հիմքով: Նրա նկատմամբ խափանման միջոց է ընտրվել ստորագրությունը չհեռանալու մասին, սակայն մինչ օրս նա շարունակում է պաշտոնավարել որպես Լեռնապատ համայնքի ղեկավար:
Ըստ Հելսինկյան գրասենյակի, համագյուղացիները փաստում են, որ, շարունակելով պաշտոնավարումը՝ համայնքի ղեկավարը լիազորություններն օգտագործում է իր կողմից թույլ տրված քր. օրենսգրքով արգելված արարքները թաքցնելու, դրանք վերացնելու համար:
Մասնավորապես, փորձում է ազդել գյուղացիների վրա, ովքեր գործով ներգրավված են որպես վկաներ եւ իր դեմ ցուցմունքներ են ներկայացրել:
Նախաքննության ընթացքում պաշտոնավարումը շարունակող համայնքի ղեկավարի կողմից դրսեւորվող վարքագիծն իր ազդեցությունն է թողնում քրեական գործի ընթացքի վրա:
Հելսինկյանների կարծիքով, տրամաբանական էր (ելնելով կոնկրետ գործի շահերից)՝ կասեցնել համայնքի ղեկավար Վանո Եղիազարյանի լիազորությունները, քանի որ նախաքննություն իրականացնող մարմինը անգործություն է դրսեւորում՝ սատարելով կոռուպցիայի մեջ մեղադրվող գյուղապետին:
Հելսինկյան գրասենյակը պահանջում է անհապաղ հանդես գալ միջնորդությամբ՝ Լեռնապատ համայնքի ղեկավար Վանո Եղիազարյանի պաշտոնեական լիազորությունները կասեցնելու կամ դադարեցնելու նպատակով:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել