Լրահոս
Օրվա լրահոսը

«ՆԵՐԵՔ ԻՆՁ, ՇՈՒՇԱՆԻԿ ԵՎ ԱՍՏՎԱԾ»

Օգոստոս 03,2010 00:00

\"\"Ամուսինը արտաշիրիմում էր պահանջել

Հուլիսի 30-ի առավոտյան ժ. 9-ին Եղվարդի գերեզմանատուն եկան ոստիկանության Նաիրիի քննչական բաժանմունքի աշխատակիցները, քննիչ Արտակ Բունիաթյանը, ՀՀ առողջապահության հանրապետական դատական բժշկության գիտագործնական կենտրոնի փորձագետները, շտապօգնության աշխատակիցները:
75 օր առաջ կնոջը կորցրած Սահակ Արմենակյանը պահանջել էր արտաշիրիմում կատարել: Քննիչը, մինչ կփորվեր Շուշանիկ Ղարիբյանի գերեզմանաթումբը, թույլ տվեց, որպեսզի Սահակ Արմենակյանը խոսք ասի: Սահակը ներողություն խնդրեց հանգուցյալ կնոջից եւ Աստծուց, ասաց, որ ստիպված է գնում այս քայլին, քանի որ ասեկոսեներին վերջ չի տրվում, իսկ որ սարսափելի է, կնոջ հարազատները տարածել են, թե Շուշանիկն իր բնական մահով չի մահացել…
Մայիսի 16-ի առավոտյան ժ.09.30-ի սահմաններում Եղվարդ քաղաքի իր տանը, երկրորդ հարկում զուգարան գնալուց հետո, հանկարծամահ է եղել 2 անչափահաս երեխաների մայրը՝ 33-ամյա Շուշանիկ Ղարիբյանը: Նախնական տվյալներով, նա ընկել էր զուգարանում՝ ոտքերը մնալով այնտեղ, մարմինը՝ միջանցքում: Մահվան մասին բժշկական վկայականի համաձայն, երիտասարդ կնոջ մահը կապված էր աթերոսկլերոզի, սրտի անոթներում արյան շրջանառության խանգարման հետ: Սակայն լրատվամիջոցներից մեկում տեղեկացվեց, որ Շուշանիկը մահացել է մայիսի 15-ի գիշերը՝ կասկածելի հանգամանքներում: Ըստ այդ նույն աղբյուրի, «Շուշանիկի հարազատներին նրա մահը սկսել է տարօրինակ թվալ արդեն թաղման հաջորդ օրը՝ «Էքնահողին»: Շուշանիկի մայրը պահանջել էր արտաշիրիմում, ապա հրաժարվել դրանից: Ի դեպ, արտաշիրիմման ժամանակ մայրն այնտեղ չէր: Իսկ երբ Շուշանիկի դիակը տեղափոխեցին տեղի դիահերձարան, հայրը չէր եկել, եղբայրն էլ հրաժարվեց մտնել դիահերձարան:
(Այնտեղ Շուշանիկի հարազատների անունից մտան Եղվարդի բժիշկ Վոլոդյա Սարգսյանը, մոր ազգականներից «Նաիրի բերրիություն» ՍՊԸ տնօրեն Բաղդասար Մեսրոպյանը- Ռ. Մ.):
Ամուսինների հարազատների հարաբերությունները Շուշանիկի մահվանից հետո սառել են: Որ դա այդպես էր՝ երեւաց նաեւ հուլիսի 30-ին, երբ երբեմնի հարազատները երկու մասի բաժանված հետեւում էին ոչ քրիստոնեական այդ գործողությանը:
Աղջկա հարազատները պահանջում են գործը Նաիրիի շրջանից տեղափոխել ոստիկանության Կենտրոնականի քննչական բաժին:
Շուշանիկի ամուսինը՝ Սահակ Արմենակյանն իր հերթին վրդովված է: Նա ասում է, որ իր պատիվն են վիրավորել, որ խռովված է իր 3-ամյա տղայի, 11-ամյա դստեր եւ իր ընտանիքի հոգին:
Հուլիսի 6-ին այդ իսկ պատճառով նա դիմել էր ՀՀ ոստիկանության ՔԳՎ Կոտայքի քննչական բաժնի Նաիրիի քննչական բաժանմունքի պետ Ա.Մարգարյանին. «Հայտնում եմ Ձեզ, որ հանգուցյալ Շուշանիկ Ղարիբյանը, 11 տարի լինելով իմ կինը, մայիսի 16-ին մահացել է իր մահով, սակայն հիսուն օր է, չեն դադարում սուտ ասեկոսեները, իբր կինս մահացել է ոչ իր մահով, խեղդել են, ծեծել, սպանել են, անբարոյական է եղել, եւ բազում խոսակցություններ իմ եւ իմ ընտանիքի մասին: Ի դեպ, խնդրում եմ, որ կնոջս դիակը հանվի, եւս մեկ անգամ գնա փորձաքննություն, իսկությունը եւս մեկ անգամ պարզվի, որ իմ կինն իր բնական մահով է մահացել, որպեսզի հետագայում իմ երկու երեխաների մեջ մութ բան չմնա, որպեսզի կնոջս նամուսն ու պատիվը եւ իմ հեղինակությունը չխաթարվի»:
Իսկ հուլիսի 19-ին Կոտայքի մարզի դատախազ պարոն Է. Անդրիկյանին դիմելով՝ Սահակ Արմենակյանը գրել էր. «Հայտնում եմ Ձեզ, որ ես հանդիսանում եմ հանգուցյալ Շուշանիկ Ղարիբյանի ամուսինը: Վերջինիս հարազատներն իրենց անհիմն հայտարարությունների շնորհիվ խայտառակ են արել իմ բարի անունն ու պատիվը, երեխաներիս հանգիստ չեն տալիս իրենց կեղծիքներով, թե իբր իրենց մայրը իր մահով չի մահացել, այլ հակառակը՝ հայրն է սպանել: Նաեւ կնոջս պատիվն են փորձել պախարակել: Ուստի պահանջում եմ պարզել կնոջս մահվան իրական պատճառը, որպեսզի չխաթարվի իմ բարի համբավը եւ երկու երեխաներիս մեջ մութ բան չմնա»:
ՀՀ առողջապահության նախարարության հանրապետական դատական բժշկության գիտագործնական կենտրոնի 17.05.2010թ. թիվ 141 փորձագիտական եզրակացության համաձայն՝ «Շ. Ղարիբյանի մահը վրա է հասել սրտի պսակաձեւ անոթներում արյան շրջանառության սուր խանգարումից, որը բերել է սրտամկանի ծանր սնուցախանգարման»:
Գերեզմանատանը հավաքված հարազատներից շատերը հուզված էին: Նրանք խոստովանեցին, որ առաջին անգամ են տեսնում, թե ինչպես է իրականանում արտաշիրիմումը: Շատերը հուզվեցին հատկապես այն ժամանակ, երբ դագաղը դուրս հանվեց հողի տակից ու տարվեց փորձագիտական կենտրոն:
Արմենակյանի հարազատները պաշտել են Շուշանիկին եւ ասում էին, որ ամուսնական այս զույգը Եղվարդում երջանիկներից մեկն է եղել:
Մոտ 2 ժամ տեւած փորձաքննությունից հետո վերահուղարկավորություն եղավ: Տեր Հովնանը իր խոսքում ասաց. «Այս դեպքը եղվարդցիների համար թող լինի խրատ: Նրանք, ովքեր ասեկոսեներ են տարածում, պատասխան են տալու Աստծո առաջ: Ամոթ նրանց»:
Երեկ մենք դիմեցինք քննիչ Արտակ Բունիաթյանին, թե փորձաքննության եզրակացությունը ե՞րբ պատրաստ կլինի, նա ասաց, որ նախաքննության գաղտնիք է եւ չի կարող որեւէ տեղեկատվություն տրամադրել: Ապա զարմացավ, որ արտաշիրիմման ժամանակ ինչո՞ւ իրեն չենք մոտեցել:
Հ. Գ. Փորձագիտական եզրակացությունը պատրաստ լինելուն պես «Առավոտը» կտեղեկացնի իր ընթերցողներին:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել