Լրահոս
Օրվա լրահոսը

Բնապահպանական մրցանակ

Օգոստոս 03,2010 00:00

Վերջերս հեռուստատեսությամբ շատ հետաքրքիր գովազդային հոլովակներ են հեռարձակվում, որ հեռուստադիտողին անտարբեր չեն թողնում: Օրինակ, մի հոլովակում երիտասարդ աղջիկը կամ տղան անփութորեն ինչ-որ առարկաներ են նետում այգում, անտառում՝ աղտոտելով ու վնաս հասցնելով բնությանը: Մեկ րոպե չանցած այդ առարկաները նրանց գլխին են հարվածում: Այսինքն՝ այդ գովազդի նպատակն է քարոզել, որպեսզի հասարակությունը բնությանը վերաբերվի այնպես, ինչպես կվերաբերվեր ինքն իրեն: Օրերս «ՓիԱր-ի Զարգացման Հայկական Կենտրոն»-ի կազմակերպած հատուկ միջոցառման շրջանակներում «Լավագույն բնապահպանական նախագիծ» անվանակարգում հաղթող են ճանաչվել ՎիվաՍել-ՄՏՍ-ի «Վերաբերվիր բնությանն՝ ինչպես ինքդ քեզ» կորպորատիվ գովազդի հեռուստատեսային հոլովակները՝ արժանանալով մրցանակի: Ըստ ընկերության պատասխանատուների, ՎիվաՍել-ՄՏՍ-ի բնապահպանական հոլովակները ինքնանպատակ չեն եւ ուղղված չեն ընկերության որեւէ ծառայության առաջխաղացմանը, այլ ընկերության առաքելության հիմքում ընկած շրջակա միջավայրի հանդեպ հոգատար վերաբերմունքն իր արտահայտումն է գտնում ընկերության գործունեության բոլոր ասպարեզներում: Բնությանը սպառնացող վտանգը դառնում է հանրության առջեւ ծառացած առավել սուր խնդիր, եւ բնության պատասխանը կենցաղային աղբը բնության գրկում թափող մարդկանց, որ նկարագրվում է ՎիվաՍել-ՄՏՍ-ի կորպորատիվ տեսահոլովակում, ուղերձ է առ այն, որ բնությունը չի հանդուրժի դրա անխնա աղտոտումը մարդկության կողմից, եւ եթե մարդիկ չդադարեն վնաս հասցնել բնությանը, ապա հետեւանքներն աղետալի կլինեն: «Այս շարքով ՎիվաՍել-ՄՏՍ-ը նպատակ ուներ մեկ պարզ ուղերձ հղել բոլորին, եւ մենք հուսով ենք, որ այն գտավ իր հասցեատիրոջը եւ կծառայի իր նպատակին: Այս մրցանակը եւս մեկ խթան պետք է դառնա աշխատելու ավելի մեծ եռանդով, որպեսզի մեր արշավները լինեն առավել ստեղծագործական եւ հետաքրքիր: Պատասխանատվությունը շրջակա միջավայրի հանդեպ Հայաստանի առաջատար բջջային օպերատորի առաքելությունն է, եւ մենք հպարտ ենք, որ կարող ենք առաջնորդել՝ օրինակ ծառայելով»,- նշեց ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը:
Օրերս էլ ընկերությունը հերթական ակցիայով է հանդես եկել՝ Հայկաձոր գյուղում Հայաստանի հին մայրաքաղաքներ Անիի եւ Դվինի, ինչպես նաեւ Ուսանագյուղի մասին տեղեկատվական վահանակներ տեղադրելով: Վահանակները մի քանի լեզվով են եւ մաս են կազմում ԱՄԱՓ-ի «Հայոց թագավորներ, թագուհիներ եւ իշխաններ» նոր երթուղու, որը թույլ կտա զբոսաշրջիկներին ճանաչել Հայաստանի թագավորական նշանավոր տոհմերը: Սա ԱՄԱՓ-ի 2010թ. 6-րդ շնորհանդեսն է: Ճանաչողական երթուղիները, հանրաճանաչ լինելով այլ երկրներում, միավորում են հուշարձանները, առօրյա եւ թեմատիկ շրջագայությունները: Այն վայրից, որտեղ տեղադրվել են վահանակները, հեռվում ուրվագծվում է աշխարհի երբեմնի ամենաբարգավաճ քաղաքներից մեկը՝ Անին: «ՎիվաՍել-ՄՏՍ-ի շարունակական աջակցությունը ԱՄԱՓ-ին վերահաստատում է մեր հավատը: Մեր պատմությունը մեր հարստությունն է, եւ մենք պարտավոր ենք սովորեցնել մեր երեխաներին՝ ինչպես եւ ինչու պետք է գնահատել եւ պահպանել այն: Այսօր, այս վայրում, մենք եւս մեկ անգամ շեշտում ենք մեր փառավոր անցյալի կարեւորությունը: Բացի առօրյա աշխատանքից եւ ընտանիքի մասին հոգ տանելուց, մենք պետք է նաեւ ջանանք փոխանցել մեր երեխաներին իրական արժեքներ, որոնց համար պայքարել են մեր մեծ նախնիները»,- նշեց ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը:
ԱՄԱՓ-ի ծրագրերն իրականացվում են բջջային կապի առաջատար օպերատոր ՎիվաՍել-ՄՏՍ-ի, Հայաստանում Միացյալ Նահանգների դեսպանատան մշակութային հիմնադրամի, USAID/CAPS-ի, Գյումրիում Իտալիայի պատվո հյուպատոսի, ինչպես նաեւ Նորվեգիայի արտաքին գործերի նախարարության աջակցությամբ:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել