Շահումյան 4-րդ փողոցի 1-ին նրբանցքի բնակիչներն իրենց աղբի ձեռքը կրակն են ընկել: Բնակիչների պատմելով, աղբատար մեքենաները չեն բարեհաճում աղբը հավաքելու համար փողոցի երկայնքով շրջել. «Ասում են, փողոցը նեղ է, ինչպե՞ս ներս գանք, բարի եղեք, ազդանշանի ձայնը լսել ու աղբը բերել: Էլ չենք ասում, թե ինչքան երկար է այդ փողոցը ու ամեն անգամ ինչքան անհարմար է աղբ կրելը»: Ծայրամասում բնակվողներն էլ դժգոհում են, որ ազդանշանի ձայնն իրենց մոտ չի հասնում. «Եթե սկզբնամասի բնակիչները մեզ չեն տեղեկացնում, մեր աղբը մեզ է մնում, ոչ մեկը ոչ մեկին ոչինչ պարտավոր չէ, մարդ են՝ չեն զգուշացնում, ի՞նչ անենք մեր աղբը»: Դա է պատճառը, որ ձորաբերանի մի հատվածում իսկական աղբակույտ է գոյացել ու ամեն անգամ աղբատարին «չբռնացնելով», բնակիչները ձորաբերանում են թափում: Այդ տարածքի սանմաքրման պատասխանատվությունն ստանձնել է «Կռունկ» ՓԲԸ-ն:
Ընկերության տնօրեն Հրաչ Պետրոսյանը «Առավոտի» հետ զրույցում վստահեցրեց. «Այդ փողոցում երկկողմանի աղբահանություն է իրականացվում՝ վերեւից-ներքեւ մեքենաները շրջում են, փողոցի չափազանց նեղ լինելու պատճառով չեն մտնում միջնամաս, որտեղ մնում է միայն 8-10 բնակարան, որոնց բնակիչները պետք է չալարեն ու աղբը տանեն դնեն մեքենայի մեջ, աղբահանությունը բարձր որակով է իրականացվում: Երկար տարիներ նույն ձեւով է աղբահանությունն իրականացվել, թե հիմա ինչ թեմա կա, որ բողոքում են, չգիտեմ, անձամբ կգնամ՝ տեսնեմ ինչ է պատահել»: Պարոն Պետրոսյանը բացառեց, թե մեքենաների ազդանշանի ձայնը ծայրամասի բնակիչներին չի հասնում. «Մեքենաներն այնպիսի հռնդյունով են ժամանում, որ չլսել հնարավոր չէ»: