Առողջապահության նախարարությունը միջազգային կառույցների հետ 1 ամսվա հետազոտությունների արդյունքում արձագանքում է «Առավոտ» օրաթերթի «Պատվաստել են՝ դարձել է էպիլեպսիկ» հրապարակմանը:
«Առավոտի» հուլիսի 8-ի համարում տպագրել էինք 5 ամսական Անահիտ Իսաջանյանի մասին մի նյութ, որը կասկածի տակ էր դրել մի ամբողջ ազգային ծրագրի պիտանելիությունը: Ծնողները եւ մանկաբույժը վստահեցրել էին, որ երեխան 3 ամսականում լիովին առողջ է եղել, բայց հնգավալենտ պատվաստանյութը ստանալուց հետո փոքրիկին հիվանդանոցների վերակենդանացման բաժիններից տուն չեն բերում: Երեխան անընդհատ ընկնում է ցնցումների մեջ, եւ ծնողները միայն ուժեղ հոգեմետ դեղերով են կարողանում փոքրիկին նորից ուշքի բերել: Վերջնական ախտորոշմամբ՝ Անահիտը էպիլեպսիա ունի, ախտահարվել է ուղեղը: Քանի որ երեխայի ծնողները, հարազատները բժիշկներ են՝ նրանք վստահեցնում են, որ իրենց փոքրիկը էպիլեպսիկ է դարձել հենց պատվաստվելու պատճառով, ուստի նյութում կոչ էին անում այլ ծնողներին հրաժարվել երեխաներին պատվաստելուց:
Հայաստանում սա առաջին դեպքը չէ, որ պատվաստվելուց հետո երեխաներն առողջական խնդիրներ են ունենում, նույնիսկ մանկական մահեր են գրանցվել, թեեւ բժիշկները չէին ընդունում, որ դա պատվաստանյութից է: Ուստի պետք էր հստակ ու ամբողջական հետազոտություն անցկացնել՝ պարզելու՝ արժե՞, արդյոք, շարունակել մեր երեխաներին պատվաստել, թե՞ ոչ:
Հրապարակումից հետո նախարարությունը հանրապետության լավագույն մասնագետներից եւ Առողջապահության համաշխարհային կազմակերպության ներկայացուցիչների կազմով մի մեծ աշխատանքային խումբ է ստեղծել, որը մանրամասն ուսումնասիրել է Անահիտ Իսաջանյանի հիվանդության պատմությունը եւ եկել է եզրակացության, որ «փոքրիկի էպիլեպսիայի պատճառը պատճառահետեւանքային կապ չունի պատվաստանյութի հետ»: Սակայն ամբողջ խնդիրն այն է, որ դա բժիշկների ենթադրությունն է եւ 100%-ոց չէ:
«ԳլաքսոՍմիթԿլայն» ընկերությունը, որն արտադրել է այդ հնգավալենտ պատվաստանյութը, վստահեցնում է, որ այդ պատվաստանյութը կարող է առաջացնել ջերմային ռեակցիաներ՝ մինչեւ 40 աստիճան, կոլապս (երբ մի պահ երեխայի ուշադրությունը շեղվում է, ցրված լինում ու պատասխաններին դանդաղ է արձագանքում), երկարատեւ լաց՝ 3 ժամ եւ ավելի, ջերմությամբ կամ ոչ ջերմությամբ ուղեկցվող ցնցումներ, սակայն այս բոլոր երեւություները կարող են դրսեւորվել ու անցնել 48 ժամվա կամ առավելագույնը՝ 3 օրվա ընթացքում: Տվյալ դեպքում, Անահիտը պատվաստվելուց հետո 5 օր ջերմել էր, որից հետո տեղափոխվել հիվանդանոց:
Էպիլեպսիայի առաջացման պատճառների վարկածներից մեկն այն է, որ երեխայի մայրը շրթունքին հերպես է ունեցել, վարակն անցել է երեխային, ինչն էլ դարձել է էպիլեպսիայի պատճառ: Մայրը՝ Արմինեն, չէր ժխտում, որ հերպես ունեցել է, սակայն նրա պնդմամբ՝ պատվաստանյութն իր փոքրիկի իմունիտետը 0 է դարձրել, ու նա սովորական հերպեսից այդպիսի ծանր բարդություն է ստացել: Սակայն նախարարության մոր եւ մանկան առողջության պահպանման բաժնի պետ Կարինե Սարիբեկյանը մեզ հետ զրույցում վստահեցրեց, որ պատվաստանյութը չի կարող իմունիտետը գցել. «Ճիշտ հակառակը՝ պատվաստման արդյունքում երեխայի օրգանիզմում հակամարմինները շատանում են՝ դիմադրողականությունը բարձրանում է, եթե, իհարկե, երեխան չունի բնածին իմունադեֆիցիտային խնդիր: Այդ դեպքում, իսկապես, հակացուցված է իմունադեֆիցիտ ունեցող երեխային պատվաստել»: Ինչպես տեղեկացանք ԱՆ իմունականխարգելման ազգային ծրագրի ղեկավար Գայանե Սահակյանից, Անահիտը կարող էր հերպես վիրուսի նկատմամբ բնածին իմունադեֆիցիտային խնդիր ունենալ, սակայն այսօր դա չեն կարող ապացուցել. «Ֆրանսիայում մանկական նեւրոլոգիական ասոցիացիա կա, որը հետազոտություններ է անում հենց հերպես վիրուսային էնցեֆալիտների ուղղությամբ, նրանք աշխարհի տարբեր անկյուններից պատրաստ են վերցնել նմուշներ՝ մաշկի բիոպսիա, արյան նմուշ եւ լիարժեք պատասխան տալ: Սկզբնական շրջանում երեխայի հարազատները համաձայնել էին այդ նմուշներն ուղարկել, բայց իմանալով, որ դա երեխայի բուժման վրա որեւէ ազդեցություն չի ունենալու եւ ճանապարհին էլ կարող են տեղափոխման համար պահանջվող հատուկ պայմանները չպահպանվել, արդյունքում ռեալ պատասխան չունենանք, իրենք հրաժարվեցին նմուշներն ուղարկել Ֆրանսիա, ուստի դա այսօր մնաց վարկած, որ հնարավոր է Անահիտն ունեցել է այդ խնդիրը»:
Մասնագետների առաջ քաշած հիմնական վարկածը հերպես վիրուսի ազդեցությունն է, որը կարողացել է հաղթահարել երեխայի ուղեղային պատնեշն ու ախտահարել այն: Գիտական հետազոտությունները ցույց են տվել, որ սովորական հերպես վիրուսը կարող է էպիլեպսիա առաջացնել: Հավանական է, որ Անահիտի մոտ էլ վիրուսային էնցեֆալիտների արդյունքում էպիլեպտոգեն օջախներն ակտիվացել են, եւ երեխայի մոտ զարգացել է էպիլեպսիա: Ըստ մասնագետների՝ հազվադեպ է պատահում, որ հերպես վիրուսը հաղթահարում է ուղեղային պատնեշը, այս դեպքում գուցե պատահել է: Մեր հարցին՝ դա ծնողի՞ անտարբերության արդյունքն է, թե՞ բժիշկների՝ Գ. Սահակյանը պատասխանեց. «Ծնողը մեղք չունի, որովհետեւ երեխայի ջերմությունը կարող էր տարբեր պատճառներից բարձրանալ, ախորժակի վատացումը, երեխայի ցրվածությունը, թուլությունը, վարքի փոփոխությունը կարող էին տարբեր պատճառներից լինել, միակ բանը, որ չեմ կարողանում հասկանալ, այն է, թե ինչո՞ւ են ծնողները 3-4 ամսական երեխային 5 օր շարունակ տանը ջերմությամբ պահել: Ընդ որում, Անահիտը չափազանց բարձր ջերմություն է միշտ ունեցել՝ 39-40 աստիճան, բժշկական փաստաթղթերում էլ նշված է, որ ջերմիջեցնողները չեն օգնել, զարմանալի է, որ ծնողները նրան հիվանդանոց շուտ չեն տարել, մանավանդ, որ երեխան «նըվնըվ» չի եղել, լավ զարգացած եւ որեւէ խնդիր չունեցող երեխա է եղել, պետք է ծնողներին հուզեր, որ երեխան միանգամից սկսել է շատ բարձր ջերմություն ունենալ, դա արդեն սուր ընթացող վիրուսի նշան է եւ մտահոգեցնող փաստ: Փոքր երեխայի հետ չի կարելի խաղ անել, եթե Անահիտին արագ տեղափոխեին հիվանդանոց եւ 72 ժամվա ընթացքում տային ացիկլովիր (ես ճշտել եմ, որ դա հանրապետությունում կար ու դժվար չէր ճարելը)՝ երեխայի մտավոր զարգացումը չէր տուժի, բայց շատ ցավով եմ նշում, որ այս դեպքում Անահիտի մոտ ախտահարվել է ամբողջ ուղեղի քունքային հատվածները, 5 օրվա բարձր ջերմությունն իր սեւ գործն արել է, եւ այլեւս հնարավոր չէ որեւէ բան փոխել»:
Մասնագետները նաեւ եզրակացրել են, որ հնարավոր է հերպեսի 1-ին գրոհը եղել է մարտին, երբ 2 ամսականում փոքրիկը դեմքի հատվածներում մաշկի վրա ցան է ունեցել: Մեր հարցին՝ գուցե մանկաբույժի մե՞ղքն էլ կա, որ ժամանակին չի կարողացել ճիշտ ախտորոշել, որ հերպես է, Գ. Սահակյանը վստահեցրեց. «Մանկաբույժը չէր կարող իմանալ, նրա մեղքը չկա, նա ցան է տեսել՝ ուղարկել է նեղ մասնագետի՝ ալերգոլոգի մոտ»: Մեր դիտարկմանը՝ ուրեմն ալերգոլոգի մեղքն է, Գ. Սահակյանը նրան նույնպես արդարացրեց. «Ալերգոլոգը ախտորոշել է «Ատիպիկ դերմատիտ»: Նա նույնպես չէր կարող հստակ իմանալ, որովհետեւ այսօր լաբորատոր ախտորոշումը շատ բարդ է, այսօր շատ զարգացած երկրներում դա չկա, ուր մնաց, թե Հայաստանում: Մենք Անահիտի հետ կապված այսօր ինչ էլ ասենք՝ «գուցեներով» ենք խոսելու, մենք հիմնվում ենք միայն մեր վերադասների՝ միջազգային կառույցների գիտաշխատողների տրամադրած տեղեկատվության վրա, որովհետեւ անցած դեպք է եւ չենք կարող վիճակը ճշգրիտ գնահատել, պարզապես ներկայացնում ենք վարկածներ: Մանկաբույժների եվրոպական ասոցիացիայի, Ֆրանսիայի նեւրապաթոլոգների գիտական կլինիկական ասոցիացիայի, Շվեյցարիայի նեւրապաթոլոգների կլինիկայի մասնագետների տեղեկատվությունից եզրակացնում ենք, որ դերմատիտի ցանն այդքան շուտ չի անցնում, եւ որ էպիլեպսիան դժվար է կապել պատվաստանյութերի հետ»: