Լրահոս
Օրվա լրահոսը

«Հայերի ատամները հաշվել են»

Օգոստոս 03,2010 00:00

Վրաստան մեկնողներին այս տարի էլ խաբեցին

Այս ամառ էլ Հարավկովկասյան երկաթուղիների (ՀԿԵ) գնացքներով Վրաստանի ծովափնյա քաղաքներ մեկնող հայ զբոսաշրջիկները տհաճ անակնկալի են բախվել: Ինչպես նախորդ տարի, այս անգամ էլ գնացքի միեւնույն կուպեի տոմսերը միաժամանակ մի քանի հոգու են վաճառել, եւ այս մասին մեկնողները տեղեկացել են մեկնումից մի քանի րոպե առաջ: Այս կապակցությամբ «Առավոտն» արդեն մի քանի բողոք է ստացել: Օրինակ՝ Հակոբ Հակոբյանը պատմում էր, որ ՀԿԵ ընկերության ընձեռած անակնկալներից դեռ չի հասցրել ուշքի գալ. «15 օր առաջվա համար տոմսը բրոնյա արեցինք՝ վճարելով 1000 դրամ, մի քանի օր հետո պարզվեց, թե այդ օրվա վրա տոմս չկա, վճարած փողերն էլ չվերադարձրին»: Նրա խոսքով, երկար քաշքշուկից հետո թեեւ իրենց հաջողվեց մի կերպ 3 տոմս ձեռք բերել, բայց ոգեւորությունը կարճ տեւեց, ավելի ուշ պարզեցին, որ իրենց գնած տեղերը այլ տերեր էլ ունեն:
Մեկ ուրիշը պատմում էր. «Գնացք մտանք, որ մեր տեղերը զբաղեցնենք, տեսանք՝ դրանք արդեն զբաղեցված էին անծանոթ մարդկանցով, աշխատակիցներին դիմեցինք, սրանք էլ մեզ հանգստացրին, թե ոչինչ, միասին տեղավորվեք, այսինքն՝ ստացվում է 8 հոգով 4 հոգանոց կուպեո՞ւմ, ուղեղիս մեջ չի տեղավորվում, երբ տեսան՝ մեզ չեն կարողանում համոզել, մեզ մունաթով այլ կուպե առաջարկեցին՝ ապակիները ճաքճքած, ես դրա համա՞ր էի վճարել»: Մեզ բողոքողները շատ էին դժգոհում նաեւ վրացի ուղեկցորդներից. «Հարբեցողների հավաքածու է, անընդհատ գալիս են ու խմելու բան են ուզում, մեկը չկա՞, որ էդտեղ վերահսկի, չեմ հասկանում, մեկնողների համբերությունն են չարաշահում: Ամիսներով պատրաստություն ենք տեսնում մեկնելու համար, փաստորեն, ստացվում է՝ խաբվում ենք նրանց գովազդներից»: Հակոբ Հակոբյանն էլ զայրացած մտաբերեց վագոնների սանիտարահիգիենիկ վիճակը. «Վագոնը խայտառակ վիճակում էր, անհիշելի ժամանակներից մաքրված չէր, ու մի ահավոր աննկարագրելի հոտ էր փչում: Ամբողջ ուղեւորությունն անցավ բաց պատուհաններով՝ չէին փակվում, օդափոխիչն էլ չէր աշխատում: Կարելի՞ է այդքան բարաբարոսաբար վերաբերվել մարդկանց»: Քաղաքացիները նաեւ պատմում էին, որ խնդիրներ են ունեցել նաեւ տոմսարկղերում. «Կասաներն աշխատում են 60-ականների մեթոդով, դեռ ձեռքով են լրացնում տոմսերը, ու հերթեր է, որ գոյանում են, այն դեպքում, երբ նույն կազմակերպությունը մի քանի կիլոմետր այն կողմ նույն գործը մի քանի վայրկյանում է իրականացնում՝ հոյակապ ծառայություններ տրամադրելով: Հայերի ատամները հաշվել են»:
Քաղաքացիների դժգոհությունների հետ կապված «Առավոտը» պարզաբանում խնդրեց ՀԿԵ լրատվության բաժնից: Այնտեղից ասացին. «Այս տարի էլ եղան դեպքեր, երբ սխալմամբ նույն վագոնի նույն տոմսերը միաժամանակ տարբեր անձանց վաճառվեց, նման դեպքեր գրանցվել են, բայց քանի որ դրանք ավանդաբար չեն կրկնվում, հիմա կդժվարանանք տեղեկացնել, թե քանի նման դեպք է գրանցվել, դրանք բացառություններ են, որոնք կապված են զուտ տեխնիկական խնդիրների հետ, եւ տեղում այդ հարցերը շտկվում եւ լուծվում են: Ամեն դեպքում, կարեւորն այն է, որ ովքեր տոմսեր են գնել, մեկնել են Բաթում կամ Քոբուլետի: Բանն այն է, որ թե անցած, թե այս տարի չհասցրինք կազմակերպել տոմսերի էլեկտրոնային վաճառք, տոմսերը տեղում լրացվում են տոմսավաճառների կողմից, հին մեթոդով՝ ձեռքով: Շատերին թվում է, թե, պարզապես, կարելի է այնտեղ տեղադրել համակարգիչներ, եւ այս գործողությունները կատարել համակարգչով, ու այսկերպ խնդիրը կվերացվի, բայց դա այդպես չէ: Այս պահին մի ռուսական ընկերության հետ համաձայնության ենք եկել, որ մյուս ամառ կարողանանք համապատասխան ծրագիր ունենալ, որը հնարավորություն կտա մի քանի անգամ հեշտացնել տոմսերի լրացումը, եւ, բնականաբար, նոր ծրագրի շնորհիվ բոլոր խնդիրները կվերացնենք: Սա լուրջ ծրագիր է, որը մշակվել է ռուս մասնագետների կողմից եւ արժե $400 հազար»: Լրատվության բաժնից բացառեցին, որ 4 հոգու համար նախատեսված կուպեում ավելի թվով մարդկանց են առաջարկել տեղավորվել. «Բացառվում է, նման բան չի կարող լինել: Իրականությանը չի համապատասխանում նաեւ այն, թե կուպեների ապակիները կոտրված կամ ճաքճքված են: Քաղաքացիները չեն կարող տեղափոխվել պլացքարտ վագոնում, միայն այն պատճառով, որ տվյալ տոմսը երկու անգամ է վաճառվել, նրանց կարող են տեղափոխել կողքի կուպե, որը ոչնչով չի տարբերվում, բոլորը ստանդարտ կուպեներ են, մեկը մյուսի նման: Եկեք, ինքներդ տեսեք՝ Երեւան-Բաթում մեկնող գնացքը այսօր ԱՊՀ տարածքում ամենալավ գնացքն է»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել