Ընտրություններից մոտ 2 տարի առաջ վստահեցնում է Ստեփան Սաֆարյանը
«Հայաստանի բանակում տեղի ունեցող սպանության դեպքերը հետաքննության լուրջ կարիք ունեն, եւ պարտադիր է, որ հասարակությունն իմանա հետաքննության ողջ ու իրական պատկերը: Նման սահմռկեցուցիչ միջադեպերը խարխլում են հասարակության վստահությունը բանակի նկատմամբ, որի հանդեպ վստահությունը մշտապես եղել է շատ բարձր, եւ որը հասարակության կողմից ընկալվել է որպես պետության կայացած ինստիտուտներից մեկը: Եթե մենք նույն ձեւով շարունակենք, ապա ես մեծ վախեր ունեմ, որ դա մեզ լավ տեղ չի տանի. մեկ վատ օրինակը կարող է ջուրը լցնել արված հազարավոր լավ աշխատանքները»,- անդրադառնալով հուլիսի 28-ին Մարտունու N զորամասում տեղի ունեցած միջադեպին՝ երեկ հրավիրված ասուլիսում ասել է ԱԺ «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ստեփան Սաֆարյանը: Լրագրողները հարցրին՝ այս տխուր դեպքերի արդյունքում արդյոք ճիշտ չի՞ բանակում որոշակի կադրային փոփոխություններ կատարել: Ստեփան Սաֆարյանը նկատեց, որ դրա կարիքը կա. «Մենք միշտ ասում էինք՝ վերջ տվեք ուժային պետություն կառուցելու ձեր մոլուցքին: Որովհետեւ ուժեղ պետությունը դա ուժային պետությունը չէ: «Դեդավշչինան», բանակում արմատացած այլանդակ բարքերը պետք է արմատախիլ արվեն: ՊՆ-ն պետք է միջոցներ ձեռնարկի՝ բանակի ստորաբաժանումների (այն ստորաբաժանումները նկատի ունի, որտեղ տեղի են ունեցել այս տխուր դեպքերը- Մ. Ե.) սպայական կազմին աշխատանքից ազատելու կամ էլ այդտեղ կանոնադրական հարաբերություններ հաստատելու առումով»:
Բանակում տեղի ունեցած՝ արդեն հայտնի ողբերգական դեպքերից բացի, պատգամավորը խոսել է նաեւ «Ժառանգության» ընտրազանգվածի մասին, հպարտորեն հայտարարելով, որ «Ժառանգությունն» ունի այնքան վստահություն, որ կհաղթահարի անհրաժեշտ շեմը. «Ժառանգությունն» իր խնդիրը լուծել է հազար անգամ պակաս ռեսուրս օգտագործելով, քան շատ այլ կուսակցություններ: Մեր հաջողությունը ապահովված կլինի, եթե քարոզարշավն էլ ճիշտ կազմակերպենք»,- վստահ է Ստեփան Սաֆարյանը: