Ահարոն Ադիբեկյանը հայտարարեց, որ սպասում է պատվերի:
Սոցիոլոգի գործունեությունը, Սուրեն Սուրենյանցի գնահատմամբ, բնորոշ է ցանկացած «գրդոնչու»:
Թեպետ դեռ մոտ երկու տարի կա մինչեւ խորհրդարանական ընտրություններ, սակայն սոցիոլոգ Ահարոն Ադիբեկյանն արդեն գործի է անցել եւ շաբաթ օրվա մամուլի ասուլիսում ոչ ավել-ոչ պակաս հայտարարեց, որ ինքը պատրաստ է պատվեր կատարել եւ պատվերի արդյունքները հրամցնել հասարակությանը: Իսկ առայժմ առանց «պատվերի» պարոն Ադիբեկյանը հրապարակեց իր որոշ վերլուծությունների արդյունքներ, ըստ որի՝ առաջիկա խորհրդարանական ընտրություններում ձայների առյուծի բաժինը՝ մոտ 60 տոկոս, «գրել» էր կոալիցիայի վրա (ըստ նրա, պայքարելու են հիմնականում ՀՀԿ-ն եւ ԲՀԿ-ն), իսկ մյուս 40 տոկոսը գցել էր ընդդիմադիր ուժերի առաջ՝ գերապատվություն տալով Դաշնակցությանը: Դեռ էս գլխից պարոն Ադիբեկյանը զգուշացնում է, որ ավելին ընդդիմությունը չի էլ կարող ակնկալել, եւ դեռ հարց է՝ այդ 40 տոկոսի որ մասը միանշանակ բաժին կհասնի ընդդիմությանը: Բացի այդ, պարոն Ադիբեկայնը կարծում է, որ ՕԵԿ-ը, «Ժառանգությունը» եւ ՀԱԿ-ը պետք է քրտնաջան աշխատեն՝ խորհրդարանում հայտնվելու համար: Ամենակարեւորն այստեղ, իհարկե, այն է, որ, ըստ սոցիոլոգի, իշխանական ուժերն արդեն իսկ ունեն մի 60-65 տոկոս, որը, ըստ երեւույթին, իրար հետ մեջ-մեջ կանեն՝ ինչպես կուզեն: Ըստ ամենայնի, սոցիոլոգի այս «կանխատեսմանն» ի պատասխան՝ «Ժառանգություն» կուսակցության պատգամավորական խմբակցության ղեկավար Ստեփան Սաֆարյանը երեկ հայտարարեց, որ նոր խորհրդարանում «Ժառանգությունն» ավելի շատ տեղ է ունենալու, քան ունի այսօր:
«Առավոտի» հետ զրույցում Ազգային ժողովի պատգամավոր Վիկտոր Դալլաքյանը նկատեց, որ սոցիոլոգիան շատ մեկնաբանելի գիտություն է, ոնց ուզես՝ շուռ կտաս՝ կախված այն հանգամանքից, թե որ պատվիրատուն ինչ է ուզում լսել: ԱԺ փոխնախագահ Սամվել Նիկոյանից հետաքրքրվեցինք, թե ինչո՞ւ է սոցիոլոգը հատկապես հիմա ոգեւորվել եւ սկսել է ինչ-ինչ տվյալներ ներկայացնել, երբ դեռ մոտ երկու տարի կա մինչ խորհրդարանական ընտրություններ: ԱԺ փոխնախագահը չթաքցրեց. «Այժմ մի քիչ վաղաժամ է նախընտրական թեմաներով խոսել եւ ներկայացնել 2012 թվականի խորհրդարանական ուժերի պատկերը, բայց, ամեն դեպքում, Ահարոն Ադիբեկյանը գիտնական է եւ փորձում է, ցանկանում է զբաղվել իր գործով: Ինքը շատ հստակ ասում է՝ եթե լինեն պատվիրատուներ, ինքը կիրականացնի այդ պատվերը, աշխատանք կկատարի եւ կներկայացնի: Ինքը գիտնական է, եւ մոտենում է այն ժամանակահատվածը, որից առաջ եւ որի ընթացքում ինքը կարող է ներկայացնել իր գիտությունը: Սա հայտ է քաղաքական ուժերին, որպեսզի պատվերներ ձեւավորվեն: Ինքը սա հստակ ասում է: Ներկայացրել է 2012 թվականի քաղաքական խճանկարը: Կարծում եմ՝ այս պահի դրությամբ դատողություններ անել, թե ինչ կլինի մեկ տարի հետո, երկու տարի հետո, մի քիչ դժվար է, մասնավորապես այն պատճառով, որ ինքը մեծ դեր է հատկացնում այն ուժերին, որոնք ունեն սեփական մամուլը եւ հեռուստաընկերությունները: Կարծում եմ՝ սա եւս տարակուսելի է: Ամեն դեպքում դա իր տեսակետն է: Քաղաքական դաշտում դեռ շատ բան կարող է փոխվել: Այսօր շատ կուսակցություններ ակտիվ շինարարական աշխատանք են կատարում, հանդիպումներ են ունենում, նոր անդամներ են ներգրավում: Եվ այս մեկուկես տարվա ընթացքում պատկերը կարող է բավականին փոխվել»:
Ահարոն Ադիբեկյանը ասել էր նաեւ, որ ՄԱԿ-ը շատ փող ունի եւ քիչ խելք: Սրա մասին մեր զրուցակիցն իր կարծիքն ունի. «Ճիշտն ասած, ես չէի ուզենա, որ որեւէ մեկն այլ քաղաքական ուժի նկատմամբ նման ընդհանրական գնահատական տա: Կարծում եմ, ՄԱԿ նախագահ Արսենյան Գուրգենը ճիշտ կանի, որ պատվեր տա, եւ կարծում եմ՝ դրանից հետո գնահատականը կփոխվի»: Մի տեսակ անհավատալի է, թե ընդդիմությունն Ադիբեկյանին պատվեր կտա: Սովորաբար նման պատվերներ տալիս է իշխանությունը: Մեր այս դիտարկմանը համամիտ չլինելով՝ Սամվել Նիկոյանն ասաց, թե բոլոր քաղաքական ուժերն էլ կարող են լինել պատվիրատու, այլ խնդիր է՝ որ ուժը որ մասնագետին է վստահում:
«Հանրապետություն» կուսակցության քաղխորհրդի անդամ Սուրեն Սուրենյանցը նկատեց. «Ինչքան Ահարոն Ադիբեկյանին լսում եմ, անկախ ինձնից հիշում եմ իմ սիրած ֆիլմերից մեկում՝ «Միմինո»-ում, հնչած մի թեւավոր արտահայտություն՝ «Նրա նմաններ խայտառակել ռեսպուբլիկա»: Ահարոն Ադիբեկյանը վաղուց առաջին հերթին ոտնձգություն է կատարել այն գիտության դեմ, որն ինքը ներկայացնում է եւ հետո՝ իրականության: Ինչո՞ւ, այն պարզ պատճառով, որ նրա արածը բնորոշ է ցանկացած «գրդոնչու»: Երկու տարի հետո տեղի են ունենալու ընտրություններ, հիմա նա փորձում է իր ծառայությունները հրապարակավ առաջարկել ինչ-որ ուժերի՝ նախապես տեղյակ լինելով իշխանական ճամբարում առկա սցենարներին: Սա տեղավորվում է իր «գրդոնային» հոգեբանության մեջ եւ վաղուց արդեն գրեթե ոչ մեկին չի զարմացնում: Ինչ վերաբերում է նրա կանխատեսումներին, դրանցից որեւէ մեկին չեմ անդրադառնա, որովհետեւ հակագիտական որեւէ թեզի քաղաքագիտական կամ գիտական պատասխան տալը համարում եմ հակացուցված»:
Երրորդ ուժի մասին խոսակցություններն անցած մեկ շաբաթվա ընթացքում ավելի ու ավելի են ակտիվացել, «Ժառանգության» նախկին անդամ, այժմ՝ սոցիալ-դեմոկրատական-հնչակյան Վարդան Խաչատրյանն էլ չհապաղեց հայտարարել, որ այդ ուժը հաստատապես ձեւավորվելու է: Այլ գործիչներ մերժեցին երրորդ ուժի ծնունդի մասին խոսակցությունները: Սուրեն Սուրենյանցի կարծիքով՝ երրորդ ուժի ձեւավորման մասին կարծիքները միշտ էլ արհեստական են, որովհետեւ մեր երկրում նախ պիտի կայացած լինեն առաջին երկու ուժերը, որից հետո միայն կարելի կլինի խոսել երրորդի մասին. «Մի երկրում, որտեղ չկա նորմալ իշխանություն, որտեղ ընդդիմությունը լիարժեքորեն չի կարողանում գործել, այսինքն՝ կայացած չէ որպես այլընտրանք, խոսել երրորդ ուժի մասին ուղղակի ծիծաղելի է»: Երրորդ ուժի ձեւավորմանը չի հավատում նաեւ ԱԺ փոխնախագահը. «Ի՞նչ է նշանակում երրորդ ուժ: Եթե նկատի ունեք, որ մի նոր քաղաքական ուժ կձեւավորվի, կգրանցվի, կմասնակցի քաղաքական պայքարին, այո, հնարավոր է: Բայց առանձին ինչ-որ երրորդ ուժ, որը գործոն կլինի ընտրությունների ժամանակ եւ էական ազդեցություն կունենա արդյունքների վրա, հնարավոր չէ: Սա իմ անձնական տեսակետն է»: