Հայ ազգային կոնգրեսն իր խորին ցավակցությունն է հայտնել նախորդ շաբաթ ՀՀ զինված ուժերում տեղի ունեցած եւ հայ հասարակությանը ցնցած երկու ողբերգությունների արդյունքում զոհվածների ընտանիքներին եւ հարազատներին: Այդ առնչությամբ իր տարածած հայտարարությունում Կոնգրեսը թեեւ ձեռնպահ է մնացել բանակի թեման արծարծելուց, սակայն իր վրդովմունքն ու խորը մտահոգությունն է հայտնել «բանակում տիրող անառողջ մթնոլորտի ու հանցավոր բարքերի առիթով»: «Նման ողբերգությունները, որ հնարավոր են որպես բացառիկ դիպված, դարձել են սովորական երեւույթ։ Դա վկայությունն է այն բանի, որ մեր երկրում առկա համակարգային ճգնաժամը ամբողջությամբ կլանել է նաեւ զինված ուժերը: Բանակը գլխովին թաղված է հանցավոր ռեժիմի սպասարկման, կոռուպցիայի, անպատժելիության, անպատասխանատվության, ապօրինությունների, թույլին եւ ենթակային ստորացնելու, մարդկային արժանապատվությունը ոտնահարելու մոլագարության ախտերի մեջ։ Բանակում այս ամենի դրսեւորումը տասնապատիկ վտանգավոր է, հղի ոչ միայն հաճախադեպ մարդկային զոհերով, ինչի ականատեսն ենք, այլեւ պետական անվտանգությունն ապահովելուն կոչված կարեւորագույն կառույցի բարոյալքմամբ ու քայքայմամբ: Եվ այս ամենը այն դեպքում, երբ էապես մեծացել է պատերազմի վերսկսման սպառնալիքը»,- ասված է ՀԱԿ-ի հայտարարության մեջ: Կոնգրեսը նաեւ արձանագրել է, որ «ներկա վարչախմբի գոյության պարագայում զինված ուժերում կշարունակեն խորանալ այս իշխանության սերմանած բոլոր ախտերը, ուստի համարում է, որ իրավիճակը արմատապես բարելավելու անհրաժեշտ պայմանը ներկա հանցավոր վարչախումբն օր առաջ իշխանությունից հեռացնելն է» ու «հիշյալ զարհուրելի հանցագործությունների բոլոր մեղավորներին օրենքի ողջ խստությամբ պատժելը»։