Լրահոս
Օրվա լրահոսը

ՈՒՄԻ՞Ց, ԻՆՉՊԵ՞Ս ԵՎ ԻՆՉՈ՞Ւ ԵՆ ՊԱՇՏՊԱՆԵԼՈՒ

Օգոստոս 03,2010 00:00

\"\"Ռուսական ռազմաբազաների պայմանագրի թարմացումը հավելյալ
պայմաններով իրարամերժ մեկնաբանությունների տեղիք է տալիս:

Ուրբաթ օրն Interfax գործակալությունը տեղեկություն էր տարածել, որ Ռուսաստանն ու Հայաստանը պատրաստվում են արձանագրություններ ստորագրել, որով փոփոխություններ են մտցվելու Հայաստանի տարածքում ռուսական ռազմաբազայի մասին 1995 թվականին ստորագրված հայ-ռուսական պայմանագրում։ Մասնավորաբար, հիշյալ պայմանագրի գործողության ժամկետը երկարաձգվելու է՝ հասնելով 49 տարվա, ներկայիս 25-ի փոխարեն, եւ եթե պայմանագրի ժամկետը լրանալուց վեց ամիս առաջ կողմերից որեւէ մեկը չառարկի, այն մեխանիկորեն կերկարաձգվի եւս 5 տարով: Եվ որ ոչ պակաս կարեւոր է՝ «Հայաստանի տարածքում ռուսական ռազմական բազան, բացի ՌԴ շահերի պաշտպանության գործառույթը կատարելուց, Հայաստանի զինված ուժերի հետ ապահովում է այդ հանրապետության անվտանգությունը»,- նշվում է արձանագրության նախագծում։ ՀՀ պաշտպանության նախարարությունը հաստատել է Interfax-ի տարածած տեղեկատվությունը, որ վերոնշյալ պայմանագրում կատարվելիք փոփոխությունների նախագիծը ներկայումս հայ-ռուսական բանակցությունների առարկա է։ Հայաստանի ներքաղաքական դաշտում սույն փաստը տարաբնույթ ընկալում է ստացել, հետեւաբար՝ նաեւ իրարամերժ մեկնաբանությունների տեղիք տվել: Թեմայի շուրջ «Առավոտի» հետ զրույցում Հայաստանի կոմունիստական կուսակցության կենտկոմի առաջին քարտուղար Ռուբեն Թովմասյանը նշեց, որ իրենք ոգեւորությամբ են ընդունել լուրը, քանի որ Կոմկուսը միշտ էլ կողմ է եղել հայ-ռուսական ամուր կապերին: Ասաց, որ կոմկուսի տեսանկյունից մեր երկրի, հայ ժողովրդի համար բավականին մեծ նշանակություն ունի ռուսական բանակի կողմից իրականացվող Հայաստանի պետական սահմանների պաշտպանությունը. «Հայաստանի աշխարհագրական դիրքը, ոչ բարեկամական տրամադրություններով հարեւանների առկայությունը, իսկ Ադրբեջանի հետ նաեւ չավարտված պատերազմը եւ այդ երկրից ամեն րոպե հնչող ուժի կիրառման մասին հոխորտանքները մեկ անգամ եւս հաստատում են նման քայլի անհրաժեշտությունը: Այդ արձանագրությունները մեկ անգամ եւս ի ցույց են դնելու Հայաստանի նկատմամբ Ռուսաստանի հետաքրքրությունները: Կոմկուսը ոչ միայն ողջունում է, այլեւ պատրաստ է ամեն գնով աջակցել, որ պայմանագիրը կյանքի կոչվի»:
Հայաստանի լիբերալ կուսակցության նախագահ, ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախկին ղեկավար Հովհաննես Հովհաննիսյանն էլ շատ լուրջ անհանգստություն է հայտնում եւ այդ առիթով լուրջ վտանգներ է տեսնում: Գտնում է, որ պայմանագրի ոչ ժամկետի երկարացումը, ոչ հավելյալ՝ պաշտպանական լիազորությունների տրամադրումը մեր ազգային ու պետական շահերից չի բխում: Նախ, նա համարում է, որ նման ժամկետը չափազանց երկար է. «Ակնհայտ դինամիկ փոփոխությունների ենթարկվող Կովկասի համար, մանավանդ, ղարաբաղյան հարցի առկայության պարագայում, մեր ազգային անվտանգությունը այդպես կոշտ կապել մի երկրի հետ չարժե: Չի բացառվում, որ ԼՂՀ հարցով պայմանավորված փոփոխությունների արդյունքում մենք 10 տարի հետո Կովկասում միանգամայն այլ իրավիճակ ունենանք. պատկերացնում ե՞ք չէ, ինչ կստացվի: Այդ 49 տարին ես համարում եմ այսօրվա վարչախմբի՝ իր աթոռները պահպանելու համար ՌԴ-ին վճարվող գինը»: Պարոն Հովհաննիսյանն անկեղծորեն խոստովանում է, որ երկար է մտածել, բայց չի գտել մի բան, որն այս իշխանությունը կկարողանար վճարել աթոռի դիմաց, քանի որ կարծում էր, թե հնարավոր ամեն բան արդեն տրված է, բայց՝ «պարզվեց, որ կա. այս պայմանագիրը»: Իսկ պայմանագրով նախատեսվող նոր գործառույթը պարոն Հովհաննիսյանը համարում է մեր «ինքնության եւ սուվերենության էլեմենտների» կորուստ: «Ես փորձեցի ուսումնասիրել, բայց այդպես էլ այլ որեւէ երկրում համանման համաձայնագիր չգտա, որ սուվերեն երկիրը մի ինչ-որ երրորդ երկրի ռազմաբազային տա «իր ներքին հարցերին» միջամտելու իրավունք: Սա շարունակությունն է օտարալեզու դպրոցների նախաձեռնության: Հասկանո՞ւմ եք, այս պայմանագրով Հայաստանը չի վերածվում Կրասնոդարի երկրամասի. Հայաստանի քաղաքական կարգավիճակն այդպիսով շատ ավելի ցածր է դառնում: Ոչ ոք իրավունք չունի մի ստորագրությամբ, մի պայմանագրով մասամբ կամ ամբողջական վաճառել մի ժողովրդի անկախությունը, այն էլ այդ գնով ձեռք բերված: Ոչ ոքի դա տրված չէ, առավել եւս ոչ լեգիտիմ պառլամենտին ու նախագահին»,- ասում է Հովհաննես Հովհաննիսյանը: Այս հարցը եւս համարելով համաժողովրդական քննարկման խնդիր՝ նա կոչ է անում հայ հանրությանն իր խոսքն ասել այնպես, ինչպես օտարալեզու դպրոցների հարցում, մանավանդ, իր կարծիքով, օտարալեզու դպրոցների խնդիրը ռազմաբազաների խնդրի հետ համեմատած՝ «շատ փոքր հարց էր»:
Մեր զրուցակիցը բացառում է նաեւ, որ այսպիսով Ադրբեջանին կամ Թուրքիային սանձելու փորձ է արվում. «Աստված մի արասցե, բայց եթե հայ-ադրբեջանական կամ ղարաբաղաադրբեջանական սահմանագծում կոնֆլիկտ լինի, ռուսական զորքերը չեն միջամտելու: Ադրբեջանին եւ Թուրքիային սանձելու համար պետք է նորմալ երկիր կառուցել ու սեփական ռեսուրսներով սանձել նրանց՝ ստիպելով բարիդրացիական հարաբերություններ կառուցել: Երրորդ երկրի բանակով սուվերեն երկիրը ինչպե՞ս է սանձելու մեկ այլ երկրի: Դա ռազմաքաղաքական, բարոյական նոնսենս է»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել