«Ռեգնում» գործակալության փոխանցմամբ, Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի ղեկավար, խորհրդարանի պատգամավոր եւ հայտնի գործարար Ռուբեն Հայրապետյանը գործակալության հետ զրույցում՝ մեկնաբանելով հայ քաղաքական գործիչների՝ «Կոսովոյի օրինակով Ղարաբաղի անկախությունը գնելու» կոչերը, հայտարարել է, թե Հայաստանում չկա մի մարդ, ով պատրաստ չէ հանուն Լեռնային Ղարաբաղի անկախության զոհողության գնալ: «Ես պատրաստ եմ վաճառել նույնիսկ սեփական տունս»,- հայտարարել է Հայրապետյանը: Ավելի վաղ, «Ռեգնումի» հետ զրույցում Հայաստանի խոշոր հարկատուներից մեկի՝ «Ալեքս-Գրիգ» ընկերության սեփականատեր, պատգամավոր Սամվել Ալեքսանյանն էր հայտարարել, թե եթե հնարավոր է անկախություն գնել, ապա ինչո՞ւ դրա համար փող չտալ: «Կգտնենք, կքցվենք, կառնենք»,- հայտարարել է Սամվել Ալեքսանյանը:
«Ռեգնումը» հիշեցրել է, որ Աշխարհաքաղաքական հիմնախնդիրների ռուսական ակադեմիայի նախագահության անդամ Արայիկ Սարգսյանը Երեւանում տեղի ունեցած իր ասուլիսում հայտարարել էր, թե Կոսովոյի անկախությունը ալբանական նարկոմաֆիայի եւ երկրի վարչապետ Խաշիմ Տաչիի համար 250 մլն դոլար է արժեցել: «Գագիկ Ծառուկյանը կամ Միշա Բաղդասարովը միանգամայն ի վիճակի են նման գումար հատկացնել: Նրանք կարգին մարդիկ են, հայրենասերներ. ուղղակի ժողովուրդը կամ պետությունը պետք է նրանց այդ մասին խնդրի: Հայերը ալբանացիներից պակաս հայրենասեր չեն»,- հայտարարել էր Սարգսյանը: