Ուրբաթ օրը՝ երեկոյան 23:23-ի սահմաններում, ահազանգ ստացանք, որ հրդեհ է բռնկվել Երեւանի Մյասնիկյան փողոցում գտնվող «Արքայաձոր» ռեստորանային համալիրի հարակից տարածքում: Երբ փորձում էինք լուսանկարել տեղի ունեցած հրդեհը, «Արքայաձորից» հայտնվեցին մի քանի երիտասարդներ, որոնց մեջ իր ագրեսիվությամբ փայլում էր լուսանկարում պատկերված լայնաթիկունք սափրագլուխը: Նա հրահանգներ էր տալիս մյուսներին, թե դուրս հանեք նկարողին այս տարածքից: Նրանց ասացի, որ լրագրող եմ եւ իմ աշխատանքն եմ կատարում: «Ի՞նչ անեմ լրագրող ես, ընչի՞ ես մուննաթ գալիս, դավայ-դավայ, տղա ջան, դուրս արի…»,- այս ցուցումից հետո նրա ենթակաները գործի անցան եւ ինձ հրելով ու սպառնալով չթողեցին, որ կատարեմ իմ աշխատանքը: Կրակի մարումը ուղեկցվում էր «Պատրոնդաշս կապել եմ» երգի հնչյուններով: Իմ աշխատանքներին խոչընդոտելու մասին նույն օրը ահազանգեցի ոստիկանության 1-02 ծառայություն: Ինձանից վերցրեցին իմ տվյալներն ու հեռախոսահամարը: Սակայն երրորդ օրն է՝ դեռ ոստիկանությունից արձագանք չկա, չնայած նույն օրը կայացած խորհրդակցության ժամանակ ոստիկանապետ Ալիկ Սարգսյանը հրահանգել էր օպերատիվ արձագանքել քաղաքացիների դիմումներին:
«Առավոտի» տեղեկություններով՝ հաճելի արտաքինով սույն երիտասարդը իրեն «դրսեւորել էր» նաեւ այն ժամանակ, երբ այս տարվա ապրիլին «ՀայՌուսգազարդի» բարձրաստիճան պաշտոնյա Վարդան Հարությունյանը Բաղրամյան 3 նրբանցքում սկսել էր կառուցել իր առանձնատունը՝ առաջացնելով շրջակայքում ապրող բնակիչների բողոքը:
ԳԱԳԻԿ ՇԱՄՇՅԱՆ
Լուսանկարը՝ հեղինակի