Լրահոս
Օրվա լրահոսը

ԼԱ՜Վ ԷԼԻ…

Հուլիս 31,2010 00:00

Քարոզչությունը ճաքեր է տալիս

Օրերս հայկական լրատվամիջոցները մե՜ծ ուրախությամբ, իրարից ձեռքից ձեռք խլելով, տարբեր սոցիալական ցանցերով տարածելով՝ տիրաժավորեցին Լիանա Մամայանի պատմությունն այն մասին, թե ինչպես են Թուրքիայի հանգստավայր Անթալիայում, ավելի կոնկրետ՝ Ալանիայի «Ավենտուրա պարկ» 5 աստղանի հոթելում ծեծել իր որդուն եւ ամուսնուն, ապա տարել ոստիկանություն… Այս սրտաճմլիկ պատմությունը թերթերից մեկը վերաշարադրեց իր ձեւով՝ իբր ծեծին հայ ընտանիքն արժանացել է միայն նրա համար, որ հյուրանոցից պահանջել է իր աստղերին համապատասխան ծառայություններ, թեեւ տիկին Մամայանը մանրամասնորեն նկարագրել էր, թե ինչից է առաջացել վիճաբանությունը: Ահա տիկնոջ պատմությունը. «Aventura park-ի տղամարդ աշխատակիցները անտարբեր չէին անցնում հանգստացող կանանց կողքով, հատկապես ռուս աղջիկների նկատմամբ շատ էին չափերն անցնում, ու նրանց չէր հետաքրքրում՝ աղջիկն ընկերոջ հետ է կամ թե՝ ամուսնացած։ Նաեւ այնպիսի տպավորություն էր ստեղծվում, որ պերսոնալը հատկապես աշխատում էր հաճոյանալ հյուրանոցի տիրոջն ու որդուն, որովհետեւ որ աղջկա հետ որ նրանք ծանոթություն էին հաստատում, նույն աղջիկներին երեկոյան տեսնում էինք հյուրանոցի տիրոջ կամ նրա տղայի հետ(՞)։ Մեզ հետ հանգստանում էին նաեւ երկու ռուսաստանցի աղջիկ, որոնցից մեկը հայուհի էր։ Հյուրանոցի աշխատակիցները նրանց հետ էլ էին փորձել ծանոթանալ, բայց մերժվել էին(՞)։ Հուլիսի 16-ի երեկոյան աղջիկները նստած էին ընդհանուր սրահում եւ իրենց նոութբուքով ինչ-որ գործ էին անում, երբ մատուցողները մոտեցան ու շատ կոպիտ ձեւով սեղանի վրայից քաշեցին սփռոցը, որ քիչ էր մնում համակարգիչը ընկներ գետնին(՞)։ Աղջիկները բնականաբար նկատողություն արեցին, բայց մատուցողները սկսեցին վիճել ու կոպիտ արտահայտությամբ ասացին, որ բերանները փակեն (՞)։ Հաջորդ սեղանին նստած էին 20 տարեկանի մոտ 4 ռուսաստանցի տղաներ, որոնցից երկուսը հայ էին, ցանկացան պարզել, թե ի՞նչ է պատահել։ Տղաների հարցին ի պատասխան, թուրքերը հայերին շատ լավ ծանոթ բառով նրանց ուղարկեցին նստելու իրենց տեղում։ Հաջորդ վայրկյանին քաշքշուկ սկսվեց։ Հյուրանոցի անվտանգության աշխատակիցները ոչինչ չարեցին, որ բաժանեն ծեծկռտուքի մասնակիցներին։ 5 աստղանի «Aventura park»-ի պերսոնալում ինչքան տղամարդ աշխատակից կար, ծեծում էին 4 երիտասարդներին(՞), ու այդ ամենը բոլորի աչքի առաջ էր կատարվում։ Ի վերջո հանգստացողներից ոմանք կարողացան բաժանել նրանց եւ երիտասարդներին տարան ընդհանուր օթյակի խանութներից մեկը։ Այդ ժամանակ ես ու ամուսինս վերադարձանք սենյակ ու միաժամանակ փորձում էինք կապվել մեծ որդուս՝ 15-ամյա Հովհաննեսի հետ։ Այդ նույն պահին Հովհաննեսը, որ դուրս էր եկել հյուրանոցի տարածքից, վերադառնում է ընդհանուր օթյակ։ Ծեծված 4 երիտասարդները, որ մտերմացել էին նրա հետ հյուրանոցում, տեսնելով նրան, խնդրում են, որ ընդհանուր օթյակից բերի վայր ընկած բջջայիններն ու իրերը։ Հովիկը, բնական է, չի մերժում ընկերներին, գնում է, որ վերցնի բջջայինները։ Օթյակում կանգնած հյուրանոցի աշխատակիցներից մեկը կողքով անցնելիս ուսով հարվածում է Հովիկին եւ ագրեսիվ տոնով ավելացնում, թե չե՞ս կարող ուշադիր քայլել(՞)։ Հովհաննեսի պատասխանին, թե ինքն ուշադիր էր, թուրքը սկսում է հրել նրան (՞), ու նորից կռիվ է սկսվում։ 20 հոգով ծեծում են անչափահաս տղայիս(՞)։ Այդ պահին մեզ հետ հանգստացողներից մի ռուսաստանցի տղամարդ, ազգությամբ թաթար, փորձում է Հովիկին բարձրացնել գետնից, բայց նրան էլ են ծեծում ու կոտրում են կողոսկրերը (՞)։ Ծեծկռտուքից հետո, երբ տեսա Հովհաննեսին, չճանաչեցի, որովհետեւ դեմքն ամբողջովին այտուցված էր, ու աչքերը գրեթե փակվել էին, չնայած մինչեւ նրան սենյակ բերելը, արդեն լվացել էին դեմքի արյունը։ Դեպքից հետո ամուսինս՝ Արթուրը, փորձեց պարզել, թե ինչ է պատահել։ Նրան եւ մեզ հետ հանգստացող Խաչիկին հյուրանոցի աշխատակիցները կրկին մոտ 20 հոգով կանչեցին հյուրանոցի տարածքից դուրս ու առանց որեւէ բան բացատրելու կռիվ սարքեցին։ Աշխատակիցներից մեկը դանակ էր հանել, իսկ մյուսը արցունքաբեր գազ էր փչել Արթուրի աչքերին, ու կրկին նույն ոհմակով սկսել էին ծեծել։ Կռիվների շարանից կազմված այդ մղձավանջը տեւեց մոտ 3 ժամ։ Ոչ մեկին չէի կարողանում դիմել ու բացատրություն ստանալ։ Մեզ հետ ամերիկահայ մի կին էր հանգստանում, որ թուրքերեն գիտեր, խնդրեցի, որ նա խոսի հյուրանոցի տիրոջ հետ, ասի, որ իր հյուրանոցի աշխատակիցները անօրինականություն են անում, ասի, որ մենք կբողոքենք։ «Ո՞ւմ եք բողոքելու, Ալանիայի տարածքում ես պրոբլեմ չունեմ, ում ուզում եք՝ բողոքեք»,- ասաց նա, իսկ երբ իմացավ, որ Հայաստանից ենք, հայացքը դարձավ նողկանք արտահայտող ու ասաց՝ «Յալահ, յալահ»… Կեսգիշերին մոտ ժամանեցին թուրք ոստիկանները ու կալանավորեցին 4 ռուսաստանցի երիտասարդներին, ամուսնուս ու մեզ հետ նույն հյուրանոցում հանգստացող Խաչիկին եւ վերջապես եկան համար, որ կալանավորեն Հովհաննեսին։ Թուրք ոստիկանին ասում եմ, որ անչափահաս որդուս չի կարող ձերբակալել, որ իրավունք չունի, իսկ նա թուրքերեն չգիտեմ ինչ է ասում ու առաջ է գալիս, որ ձեռնաշղթաներ անցկացնի Հովիկի ձեռքերին։ Նյարդերս տեղի տվեցին, սկսեցի գոռալ նրա վրա, որ ես նրան ու ամբողջ իրենց ոստիկանությանը դատի կտամ, որովհետեւ նրանք ապօրինի կերպով ձերբակալում են անմեղներին, որ մեղավորները հենց հիմա հյուրանոցի տարածքում իրենց համար ազատ ման են գալիս, որ անչափահասին ձերբակալելը հանցագործություն է… Վերջում ասացի, որ Հովհաննեսի հետ ինձ ու 11-ամյա որդուս էլ ձերբակալի, որովհետեւ ես իմ երեխաներին մենակ չեմ թողնի։ Ոստիկանը մի պահ նայեց ինձ, հետո ետ դարձավ ու լքեց սենյակը(՞)։ Ոստիկանությունում ամուսնուս ու Խաչիկին երկար չպահեցին։ «Tez Tour»-ի աշխատակիցն էլ էր մեկնել ժանդարմերիա ու բանակցել էր, որ Արթուրենց բաց թողնեն։ Արթուրենց բաց էին թողել, բայց փոխարենը գործն ուզեցել էին բարդել 4 ռուսաստանցի տղաների վրա, թե իբր նրանք են կռիվ սարքել, որ հարբած խուլիգանություն են արել։ Արթուրենք չգիտեմ ինչ կերպ, բայց համոզել էին ոստիկաններին, որ տղաներին ազատ արձակեն (՞)… Համոզվել էին»։
Այս նույն պատմությունը ռուսերենով տիկին Մամայանը շարադրել էր նաեւ բավականին հանրահայտ եւ հատկապես հանգստանալու մեկնողների համար շատ օգտակար ռուսական tophotel.ru կայքում: Եվ ահա այդ կայքում նրա, թույլ տվեք նկատել, բավականին խրթին եւ առաջին իսկ հայացքից ոչ այնքան արժանահավատ պատմությանը (հատկապես հարցեր առաջացնող հատվածներում հարցական նշաններ ենք դրել, թեեւ այդ նշանները կարող էինք դնել յուրաքանչյուր նախադասությունից հետո) ի պատասխան հայտնվել է DarinaB ներկայացած մեկի մեկնաբանությունը (տես՝ https://tophotel.ru/main/hotel/al29305/), որը մեջբերում ենք ազատ թարգմանությամբ. «Միանում եմ նախորդ մեկնաբանությանը (նախորդ մեկնաբանության մեջ natali96-ն ասել էր. «Չեմ հավատում եւ ոչ մի բառին»- Մ. Բ.): Ճշմարտությունը զրոյական է: Հորինվածքներ եւ չափազանցություններ: Ես ԱՆՁԱՄԲ նստած էի հարեւան սեղանին, երբ այդ ամենը կատարվեց: Այդ «անուշիկ աղջիկները» հիստերիկություն էին անում եւ կոպտում էին մատուցողներին, որոնք ընդամենն իրենց աշխատանքն էին կատարում եւ ՄԻ ՔԱՆԻ ԱՆԳԱՄ ու ՔԱՂԱՔԱՎԱՐԻ ՁԵՎՈՎ խնդրեցին աղջիկներին իրենց նոութբուքներով անցնել դեպի լոբբի, քանի որ ռեստորանի տեռասը նախատեսված չէ համակարգչով այնտեղ նստելու համար: Դրա համար կա հատուկ հատկացված տարածք: Առավել եւս, որ ռեստորանը բաց է մինչեւ երեկոյան 9-ը: Նրանք կարող էին այնտեղ գտնվել, բայց խանգարել մատուցողներին՝ կատարել իրենց աշխատանքը, ոչ մի իրավունք չունեին: Ինչ վերաբերում է «ռուսաստանցի» տղաներին: Ուշադրություն՝ անակնկալ: Տղաները Դաղստանից էին եւ ուղղակի զզվելի էին իրենց պահում հոթելում, նույնիսկ այդ միջադեպից առաջ էլ: Իրենց թույլ էին տալիս ոտքերը դնել սեղանին՝ ռեստորանում եւ կոպտում էին սպասարկող անձնակազմին: Եվ ահա, երբ այդ աղջիկները սկսեցին հիստերիկությունը, այն բանից հետո, երբ մատուցողները հերթական անգամ նրանց բացատրեցին տարրական բաներ, «ռուսաստանցի» տղաների մոտ հերոսանալու եւ առանց որեւէ մեկին հասկանալի պատճառով «ղժացող» տիկնանց փրկելու անզուսպ ցանկություն առաջացավ: Մատուցողներին հրելուց եւ «աղջկերքին» հանգստացնելուց հետո նրանք սկսեցին հեռանալ՝ այդ ընթացքում սպասակազմի հասցեին այնպիսի բարձրահարկ հայհոյանքներ տեղալով, որ շատ հազվադեպ է հնարավոր լսել (ես, օրինակ, մինչ այդ երբեք չէի լսել): Կարծում եմ, նույնիսկ ռուսերեն չիմացող մարդիկ կարող էին հասկանալ, որ այդ խոսքերով իրենց առողջություն չէին մաղթում: Եվ այդտեղ արդեն տեղի տվեցին մատուցողների նյարդերը, որոնց պատասխանը չուշացավ: Չեմ ասի, թե տեսել եմ, թե ով է ում առաջինը հարվածել, եւ չեմ ուզում որոշել, թե ով է ճիշտ, ով՝ մեղավոր, բայց Դուք (դիմում է Լիանա Մամայանին- Մ. Բ.) քաշքշուկի իրական պատճառը խեղաթյուրել եք անհնարինի չափ: Ձեր պատմությունն այն մասին, թե ինչ է եղել հոթելից դուրս՝ Ձեր խղճին է: Բայց ես ունեմ ծանրակշիռ պատճառներ ձեր ոչ մի բառին չհավատալու»:
Հ. Գ. Այն ջանասիրությունից, թե ինչպես են հայաստանյան որոշ լրատվամիջոցներ փնովում հանգիստն Անթալիայում, բայց ձեռքի հետ համառորեն գովազդում հանգիստը Թունիսում, ենթադրում եմ, որ այդ ամենը հենց այնպես չի արվում…
Հ. Գ-1 Չեմ կարող չանդրադառնալ մյուս «հակաթուրքական» պատմությանը, որը տիրաժավորում են մեր ԶԼՄ-ները՝ կորած աղջկա մասին: Հայաստանցի աղջիկ, որն ընդամենը անցյալ տարի ամուսնացել է եւ հաստատվել Դուբայում, հանկարծ «ընկերոջ հետ» հուլիսի 15-ին մեկնում է հանգստանալու Անթալիա, բայց երկու օրից որոշում է վերադառնալ Դուբայ եւ չգիտես ինչպես՝ հայտնվում է Անթալիայից 546 կմ հեռու՝ Անկարայի հյուրանոցներից մեկում: Այստեղ էլ հենց 6-ամսյա հղիություն ունեցող ամուսնացած հայուհին, որը եղել է ընկերոջ հետ, անհետացել է… Իսկ մայրը մեկնել է Ստամբուլ (Անկարայից 453 եւ Անթալիայից 724 կմ հեռու մի քաղաք)՝ փնտրելու կորած աղջկան, որի անհետացման մեղավորը… դե, իհարկե, թուրքերն են…

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել