Ամառ է: Անտանելի շոգ: Անգամ տարվա այս եղանակին հարաբերական մեղմ եղանակային պայմանների սովոր երկրներում մարդիկ չեն դիմանում սնդիկի սյան՝ իրենց չափանիշներով ռեկորդային բարձր ջերմաստիճաններին: Ինֆորմացիոն լրատվամիջոցներն էլ, որպես կանոն, ամենօրյա հաղորդագրություններում պատմում են փափուկ ու կանոնակարգված կյանքի սովոր մարդկանց բնության տարերքների պատճառով հաճախ ողբերգական ավարտ ունեցած դեպքերի մասին: Մենք զարմանում ենք՝ լսելով, որ այս կամ այն երկրում ոմանք չեն դիմացել, ասենք, 37 աստիճանին, ու… հայաստանցիներին անակնկալի բերել անգամ բնությունն ի զորու չէ: Մենք ոչ միայն դիմանում ենք շոգին, այլեւ համարժեք ցրտին: Այն էլ՝ առանց ձմռանը տաքանալու նվազագույն միջոցի: Ավելին ասենք՝ հայաստանցի հայերս ի վիճակի ենք ջերմությունն ու հաճույքը նույնիսկ պատկերացնելով ավելին զգալ ու ապրել, քան այլոք իրականում վայելում են: Ու դա Աստծուց, գուցե, միայն հային տրված շնորհներից է:
Հայը ոչ միայն կարող է տարրական միջոցներ չունենալու պատճառով տարիներ շարունակ իր բնակության վայրից դուրս չգալ, այլեւ լիուլի բավարարվել ուրիշների պատմածները պատկերացնելով, նույնիսկ, եթե պատմածը ամռան այս հանգստի սեզոնում հարեւան երկրներում (թեկուզ՝ ոչ բարեկամ) անցկացրած մեկ-երկու շաբաթի մասին է: