Ադրբեջանի շախմատի տղամարդկանց ազգային հավաքականի ավագ Զուրաբ Ազմայփարաշվիլին «Azerisport»-ին տված հարցազրույցում, անդրադառնալով հավակնորդների մրցաշարը Բաքվից Կազան տեղափոխելու՝ ՖԻԴԵ-ի որոշմանը, հայտարարել է, թե առայժմ վաղ է ասել, թե այն հաստատ կկայանա Թաթարստանում, քանի որ դրա համար դեռ եռակողմ պայմանագիր պետք է ստորագրվի ՖԻԴԵ-ի, Ադրբեջանի եւ Ռուսաստանի ազգային ֆեդերացիաների միջեւ: Նրա համոզմամբ, փաստաթուղթն ադրբեջանական կողմը կստորագրի պայմանով, որ Ռուսաստանը ճանաչի իր երկրի երկրորդ ներկայացուցչին ավելի վաղ հատկացված թափուր տեղի իրավունքը: Եվ այս հարցում առաջին քայլը Ռուսաստանն է պարտավոր կատարել:
Լրագրողի հարցին, թե Մագնուս Կարլսենը նույնպես հրաժարվում է ժամանել Բաքու եւ դա անում է Գարրի Կասպարովի թելադրանքով, Ազմայփարաշվիլին պատասխանել է. «Անգամ եթե նա համաշխարհային դասակարգման ցուցակում առաջինն է, դա նրան շատ բան պահանջելու իրավունք չի տալիս: Նորվեգացին, որպես մրցանակային ֆոնդ, նույնիսկ երկու միլիոն եվրո է պահանջել չեմպիոնական մենամարտի եւ հավակնորդների մրցաշարի համար»: