Երեկ Մոնղոլիայի մայրաքաղաք Ուլան Բատորում մեկնարկեց ՖԻԴԵ-ի կանանց «Grand Prix»-ի նախավերջին՝ հինգերորդ մրցաշարը, որին մասնակցում են 12 շախմատիստուհիներ: Նրանք են՝ Համփի Կոներու (Հնդկաստան), Հոու Յիֆան, Սյույ Յույհուա,Չժաո Սյուե, Շեն Յան (բոլորն էլ՝ Չինաստան), Տատյանա Կոսինցեւա (Ռուսաստան), Անտուանետա Ստեֆանովա (Բուլղարիա), Մարի Սեբագ (Ֆրանսիա), Մայա Չիբուրդանիձե (Վրաստան), Չժու Չեն (Քաթար), Բեթույագ Մոնգոնտուլ (Մոնղոլիա), Բեթուլ Յիլդիզ (Թուրքիա):
Մեր հանրապետության երկու ուժեղագույն շախմատիստուհիները՝ Էլինա Դանիելյանն ու Լիլիթ Մկրտչյանը, այս փուլին որոշել են չմասնակցել: Երեկ այս առիթով Հայաստանի շախմատի ֆեդերացիայից ասացին, որ, ըստ կանոնակարգի, յուրաքանչյուր շախմատիստ «Grand Prix»-ի վեց մրցաշարից միայն չորսին մասնակցելու իրավունք ունի: Այդ պատճառով էլ Էլինան եւ Լիլիթը նպատակահարմար են համարել հանդես գալ եզրափակիչ մրցաշարում: Այն կայանալու է Չիլիում (Սանտյագո)՝ հոկտեմբերի 27-ից նոյեմբերի 9-ը: