Գլուխ քսաներկուերորդ
ՍՈՒՐՃ՝ ԿՆՈՋ ԲՈՒՐՄՈՒՆՔՈՎ
Եվ ես ժպտալով Ռաֆոյին հարցրի՝ «հետո՞», եւ Ռաֆոն մի քիչ մտածեց ու ժպտալով ասաց՝ «էլի մտքիս թելը կտրվավ», եւ ես ժպտալով հիշեցրի՝ «որ զոքանչդ կնոջդ ձեռը բռնած հետ բերեց, ուրբաթ առավոտ էր», եւ Ռաֆոն խորամանկ ժպտալով ասաց՝ «հիշողությունդ եմ ստուգում» եւ մի քիչ էլ մտածեց ու ծիծաղելով ավելացրեց՝ «փաստորեն, ասածներս ուշադիր ես լսում», եւ ես ժպտալով ասացի՝ «շա՜տ ուշադիր եմ լսում», եւ Ռաֆոն մի քիչ մտածեց ու շարունակեց՝ «զոքանչս որ աղջկան բերեց, մի հատ կոֆե խմեցինք, ու ահագին ժամանակ իրար դեմ նստած՝ չէինք իմանում՝ ինչ խոսանք», եւ ես ժպտալով հարցրի՝ «կոֆեն զոքա՞նչդ էփեց, թե՝ կինդ», եւ Ռաֆոն զարմացած ինձ նայեց, մի քիչ մտածեց ու ծիծաղելով ասաց՝ «ավելորդ հարցեր տալու համար խելքդ քոնը չի» եւ մի քիչ էլ մտածեց ու ծիծաղելով ասաց՝ «ի՞նչ կարեւոր ա՝ կոֆեն ով էփեց», եւ ես ժպտալով ասացի՝ «որ կարեւոր չի՝ մի ասա», եւ Ռաֆոն մի քիչ մտածեց ու ժպտալով ասաց՝ «ինչքան հասկացա՝ քեզ մանրուքներն ու երկրորդական բաներն ավելի են հետաքրքրում, քան՝ գլխավոր բաները» եւ մի քիչ էլ մտածեց ու ժպտալով ավելացրեց՝ «չնայած՝ մեր էդ պատմության մեջ մանրուքներ ու երկրորդական բաներ չկան», եւ ես ժպտալով ասացի՝ «ուրեմն, իմ հարցերն էլ ավելորդ չեն», եւ Ռաֆոն մի քիչ մտածեց ու ժպտալով ասաց՝ «գրող մարդ ես. քեզ երեւի մանրուքներն ավելի կհետաքրքրեն», եւ ես ժպտալով ասացի՝ «ձեր էս պատմության մեջ մանրուքներ չկան», եւ Ռաֆոն հիշելով շարունակեց՝ «զոքանչս կուխնյայում դիտմամբ կոֆեն դանդաղ էր էփում, որ ես ու կնիկս ճաշասենյակում հնարավորություն ունենայինք առանձին էրկու բառ խոսանք» եւ մի քիչ մտածեց ու ժպտալով ավելացրեց՝ «առավոտ գիշերով էնքան անսպասելի էին հայտնվել, որ զարմանքից չգիտեի՝ ինչ խոսամ», եւ ես ժպտալով ասացի՝ «պատկերացնում եմ», եւ Ռաֆոն մի քիչ մտածեց ու շարունակեց՝ «հետո զոքանչս իրա կոֆեն արագ-արագ խմեց ու գնաց», եւ ես ժպտալով ասացի՝ «երեւի հասկացել ա, որ ինքն ավելորդ ա», եւ Ռաֆոն ժպտալով ասաց՝ «դրա համար եմ ասում, որ զոքանչս շատ խելոք ու շատ հասկացող կնիկ ա» եւ մի քիչ մտածեց ու ավելացրեց՝ «իրա կոֆեն արագ-արագ խմեց ու գնաց. փաստորեն, իրանից ինչ հասնում էր՝ արդեն արել էր», եւ ես ժպտալով հարցրի՝ «հետո՞», եւ Ռաֆոն մի քիչ մտածեց ու ասաց՝ «հետո որ զոքանչս գնաց, ահագին վախտ էլի չէինք կարում խոսակցություն սկսեինք» եւ մի քիչ էլ մտածեց ու ավելացրեց՝ «ինչքան հիշում եմ՝ առաջինը ես խոսակցությունը բացեցի», եւ ես հարցրի՝ «ի՞նչ ասեցիր» եւ մի քիչ մտածեցի ու ավելացրի՝ «եթե, իհարկե, գաղտնիք չի», եւ Ռաֆոն ժպտալով ասաց՝ «գաղտնիք չի» եւ մի քիչ մտածեց ու ավելացրեց՝ «իրան ընդամենը մի հարց տվի», եւ ես հարցրի՝ «ի՞նչ հարց», եւ Ռաֆոն ասաց՝ «հարցրի՝ ուզո՞ւմ ես էսօր իրիկուն գնանք հավաքատեղի», եւ ես հարցրի՝ «ի՞նչ հավաքատեղի», եւ Ռաֆոն պատասխանեց ու ասաց՝ «մեր եղբայրների ու քույրերի էդ հավաքվելու տեղին հավաքատեղի ենք ասում» եւ մի քիչ մտածեց ու ավելացրեց՝ «Եղբայր Հովակիմի բառն ա», եւ ես հարցրի՝ «կինդ ի՞նչ ասեց», եւ Ռաֆոն ինքնագոհ ժպտալով ասաց՝ «իսկական հայ կնոջը վայել պատասխան տվեց», եւ ես հարցրի՝ «ի՞նչ ասեց», եւ Ռաֆոն ինքնագոհ ժպտալով ասաց՝ «ասեց՝ դու ոնց որոշես, ըտենց էլ կանենք. էս ընտանիքում որոշողը դու ես» եւ մի քիչ էլ մտածեց ու ժպտալով ավելացրեց՝ «էդ վերջին բառերը ժպտալով ու կարմրելով ասեց» եւ մի քիչ էլ մտածեց ու կարմրելով ասաց՝ «որ էդ վերջին բառերը կարմրելով ու ժպտալով ասեց, էդ պահին զգացի ու հասկացա, որ առանց իրար, փաստորեն, կյանք չունենք», եւ ես ժպտալով հարցրի՝ «հետո՞», եւ Ռաֆոն ժպտալով ասաց՝ «էդ նույն իրիկուն մարդ ու կնիկ հագածկապած գնացինք հավաքատեղի» եւ մի քիչ մտածեց ու ժպտալով ավելացրեց՝ «տաքսիով», եւ ես ժպտալով հարցրի՝ «բա հետները խռով չէի՞ր», եւ Ռաֆոն մի քիչ մտածեց ու ժպտալով ասաց՝ «ի՞նչ խռով. ես ընդհանրապես խռով պահելու սովորություն չունեմ» եւ մի քիչ էլ մտածեց ու ժպտալով ավելացրեց՝ «ում հետ որ խռով էի, առաջինն էդ հոգավորին մոտեցա ու ձեռով բարեւեցի» եւ մի քիչ էլ մտածեց ու ժպտալով ասաց՝ «էդ հոգավորն ուզում էր ներողություն խնդրեր, բայց չթողեցի» եւ մի քիչ էլ մտածեց ու ժպտալով ավելացրեց՝ «մեր հայտնվելու վրա մեր եղբայրներն ու քույրերն էնքան էին ուրախացել, որ էդ օրվա մեր հավաքն իսկական քեֆի ու կերուխումի վերածեցին», եւ ես ժպտալով հարցրի՝ «հավատացյալները խմում ե՞ն», եւ Ռաֆոն մի քիչ մտածեց ու ժպտալով ասաց՝ «չափավոր խմում են» եւ մի քիչ էլ մտածեց ու ավելացրեց՝ «հիմնականում գինի են խմում» եւ մի քիչ էլ մտածեց ու ժպտալով ասաց՝ «մեր բախտից՝ էդ օրերին տանտիրոջն իրանց Եղեգնաձորից չտեսնված տնական գինի էին ուղարկել» եւ մի քիչ էլ մտածեց ու ավելացրեց՝ «չորս թե հինգ հատ էլ սիգա ձուկ ունեին» եւ մի քիչ էլ մտածեց ու ժպտալով ասաց՝ «եղբայր Հովակիմը սեղանն օրհնեց, ու էդ Եղեգնաձորի գինու հսկայական շտոֆը լրիվ դատարկեցինք», եւ ես ժպտալով ասացի՝ «փաստորեն, չափն անցել եք» եւ մի քիչ մտածեցի ու ժպտալով ավելացրի՝ «երեւի լավ հարբել եք», եւ Ռաֆոն զարմացած հարցրեց՝ «խի՞ պիտի հարբեինք», եւ ես ծիծաղելով ասացի՝ «զակուսկին քիչ ա էղել», եւ Ռաֆոն մի քիչ մտածեց ու ասաց՝ «հինգ թե վեց հատ խոշոր սիգաներ էին», եւ ես ժպտալով հարցրի՝ «քանի՞ հոգով էիք», եւ Ռաֆոն մի քիչ մտածեց ու ասաց՝ «տանտերերն էլ հետները՝ ութ», եւ ես ժպտալով հարցրի՝ «գինի՞ն քանի լիտր կըլներ», եւ Ռաֆոն մի քիչ մտածեց ու ասաց՝ «երեւի՝ չորս», եւ ես ծիծաղելով ասացի՝ «փաստորեն, զակուսկին քչություն ա արել», եւ Ռաֆոն զարմացած ինձ նայեց ու հարցրեց՝ «բայց ինչի՞ ես ծիծաղում», եւ ես ծիծաղելով ասացի՝ «ձկան բազմացումը հիշեցի», եւ Ռաֆոն մի քիչ մտածեց ու լրջանալով ասաց՝ «դրա համար էլ քեզ հարգում եմ», եւ ես զարմացած հարցրի՝ «ինչի՞ համար ես հարգում», եւ Ռաֆոն մի քիչ մտածեց ու գոհունակությամբ ասաց՝ «մեր գրողներից հազարից մեկն ա երեւի Ավետարանը կարդացել», եւ ես ժպտալով ասացի՝ «փաստորեն, ձկան բազմացում ա տեղի ունեցել», եւ Ռաֆոն մի քիչ մտածեց ու ժպտալով ասաց՝ «մենակ սիգաները չէին. ահագին էլ կարտոշկա կար» եւ մի քիչ էլ մտածեց ու ավելացրեց՝ «կինս էդ սիգաներն ու կարտոշկեքը խաշեց ու սեղանը գցեց» եւ մի քիչ էլ մտածեց ու ասաց՝ «քույրիկ Փառանձեմի հետ», եւ ես հարցրի՝ «քույրիկ Փառանձեմն ո՞վ ա», եւ Ռաֆոն պատասխանեց ու ասաց՝ «տանտիրոջ կինը» եւ մի քիչ մտածեց ու ավելացրեց՝ «ութ հոգով շատ իմաստավոր ընթրիք արինք», եւ ես ժպտալով ասացի՝ «շատ խորհրդավոր ընթրիք ա էղել», եւ Ռաֆոն մի քիչ մտածեց ու ժպտալով ասաց՝ «լավ ա, որ որոշ գրողներ Ավետարանից որոշ գաղափար ունեն, բայց շատ վատ ա, որ էդ բաներին ցինիզմով են վերաբերվում», եւ ես մեղավոր ժպտալով ասացի՝ «ցինիզմով չեմ վերաբերվում» եւ մի քիչ մտածեցի ու արդարանալով ասացի՝ «ուղղակի՝ էդ էրկու ընթրիքներն իրար հետ համեմատեցի», եւ Ռաֆոն մի քիչ մտածեց ու ներողամտորեն ժպտալով ասաց՝ «շատ սխալ արեցիր, որ համեմատեցիր», եւ ես արդարանալով ասացի՝ «անկախ ինձանից ստացվեց», եւ Ռաֆոն մի քիչ մտածեց ու ասաց՝ «էդ էրկու ընթրիքներն իրար հետ ոչ մի կապ չունեն», եւ ես մեղքս գիտակցելով ասացի՝ «պարզ ա», եւ Ռաֆոն մի քիչ մտածեց ու ասաց՝ «համեմատության ոչ մի եզր չունեն», եւ ես մի քիչ մտածեցի ու ժպտալով ասացի՝ «բայց էրկուսն էլ խորհրդավոր են», եւ Ռաֆոն զարմացած նայեց ինձ ու ծիծաղելով ասաց՝ «գելի գլխին Ավետարան կարդացին, ասեց՝ ոչխարը փախավ» եւ մի քիչ մտածեց ու ժպտալով ավելացրեց՝ «քեզ բացատրում եմ, որ էդ թեմաներով չի կարելի հանաքներ անել, բայց դու էլի քո էշն ես քշում», եւ ես ժպտալով ասացի՝ «որովհետեւ կիսատ ես թողում՝ չես շարունակում», եւ Ռաֆոն զարմացած հարցրեց՝ «ի՞նչն եմ կիսատ թողում», եւ ես ժպտալով ասացի՝ «ձեր էդ ընթրիքի պատմությունը», եւ Ռաֆոն խորամանկ ժպտալով հարցրեց՝ «խորհրդավո՞ր», եւ ես ժպտալով ասացի՝ «չի կարելի էդ թեմաներին ցինիզմով վերաբերվել», եւ Ռաֆոն մի քիչ մտածեց ու մեղավոր ժպտալով ասաց՝ «ցինիզմը շատ վարակիչ երեւույթ ա» եւ մի քիչ էլ մտածեց ու ծիծաղելով ավելացրեց՝ «մարդուն որ շան հետ կապում ես՝ կամ հաչալ ա սովորում, կամ՝ կծել» եւ մի քիչ էլ մտածեց ու ծիծաղելով ասաց՝ «հեռու մեզանից», եւ էդ պահին հանրահավաքը վարողը ձայնը տվեց ժողովրդական դերասան Կարեն Ջանիբեկյանին, եւ ես ժպտալով հարցրի՝ «էս Կարենի՞ն խի ես էս գործերին խառնել», եւ Ռաֆոն մի քիչ մտածեց ու ասաց՝ «խառնողն ա խառնել» եւ մի քիչ էլ մտածեց ու ավելացրեց՝ «ես էս միտինգի համար ոչ մի պատասխանատվություն չեմ կրում» եւ մի քիչ էլ մտածեց ու ասաց՝ «ես մենակ ժողովրդի ներկայությունն եմ ապահովել», եւ ես ժպտալով ասացի՝ «հեչ չէի սպասում, որ էսքան ժողովուրդ կհավաքվի», եւ Ռաֆոն հոգոց հանելով ասաց՝ «մինչեւ էսքանին իրար գլխի հավաքեցի, հոգիս դուս էկավ», եւ երբ Կարեն Ջանիբեկյանը բարձր տոնայնություն վերցրեց, ես ժպտալով ասացի՝ «Կարենն էլ որ քաղաքական գործիչ դառնա, ամեն ինչ տեղը կընկնի», եւ Ռաֆոն ժպտալով հարցրեց՝ «վատ ա՞ խոսում», եւ ես ժպտալով ասացի՝ քաղաքական գործիչներից լավ ա խոսում», եւ Ռաֆոն ժպտալով ասաց՝ «բա դու գիտեիր՝ սովորական դերասան ա՞» եւ ես ժպտալով ասացի՝ «համ հայրենասեր ա, համ էլ՝ դեմոկրատ», եւ Ռաֆոն ինքնագոհ ժպտալով ասաց՝ «մենակ ինքը չի. Քոթանջյանն էլ ա միացել», եւ ես հարցրի՝ «ի՞նչ Քոթանջյան», եւ Ռաֆոն պատասխանեց ու ասաց՝ «Ռաֆայել» եւ մի քիչ մտածեց ու ավելացրեց՝ «ինքն էլ ա միացել», եւ ես հարցրի՝ «ո՞ւմ ա միացել», եւ Ռաֆոն պատասխանեց ու ասաց՝ «ժողովրդին», եւ ես ժպտալով ասացի՝ «մալադեց Ռաֆո», եւ Ռաֆոն մի քիչ մտածեց ու ժպտալով հարցրեց՝ «իրան մալադե՞ց, թե՝ ինձ. էրկուսս էլ Ռաֆո ենք», եւ ես ժպտալով ասացի՝ «էրկուսդ էլ շատ ապրեք», եւ էդ պահին արդեն Քոթանջյանն էր իր ելույթն սկսել, եւ ես Քոթանջյանի ելույթի սկիզբը լսելով ասացի՝ «պարզվում ա՝ Քոթանջյանն էլ պակաս հայրենասեր չի», եւ Ռաֆոն ժպտալով հարցրեց՝ «բա դու գիտեիր՝ սովորական կոմիկ ա՞», եւ ես ժպտալով ասացի՝ «իզուր էլ մեր դերասանները քաղաքականությամբ չեն զբաղվում», եւ Ռաֆոն մի քիչ մտածեց ու ծիծաղելով ասաց՝ «փոխանակ մեր դերասանները քաղաքականությամբ զբաղվեն, մեր քաղաքական գործիչներն են դերասանությամբ զբաղվում» եւ մի քիչ էլ մտածեց ու հոգոց հանելով ավելացրեց՝ «արդեն հոգնել եմ», եւ ես հարցրի՝ «ինչի՞ց ես հոգնել», եւ Ռաֆոն պատասխանեց ու ասաց՝ «էս միտինգներից», եւ ես ասացի՝ «ահագին վախտ ա՝ միտինգ չէր էղել», եւ Ռաֆոն մի քիչ մտածեց ու ասաց՝ «բայց ոչ մի նորություն չկա. էս ամեն ինչը հազար անգամ ասվել ա», եւ ես մի քիչ մտածեցի ու ժպտալով ասացի՝ «շատ հետաքրքիր ա», եւ Ռաֆոն զարմացած հարցրեց՝ «ի՞նչն ա շատ հետաքրքիր», եւ ես ժպտալով ասացի՝ «համ էս միտինգները կազմակերպում ես, համ էլ դժգոհում ես», եւ Ռաֆոն մի քիչ մտածեց ու նեղացած ասաց՝ «քեզ հազար անգամ ասեցի, որ ես մենակ ժողովրդի գործոնն եմ ապահովել», եւ ես ժպտալով ասացի՝ «կարեւորը ժողովրդի գործոնն ա», եւ Ռաֆոն մի քիչ մտածեց ու ասաց՝ «պարզվում ա՝ ժողովրդի գործոնն էլ ամենակարեւորը չի», եւ ես հարցրի՝ «բա ամենակարեւորն ի՞նչն ա», եւ Ռաֆոն բավական երկար մտածեց ու մտահոգ ասաց՝ «վսյո ժե՝ պետք ա կառավարություն կազմվի», եւ ես ժպտալով հարցրի՝ «ի՞նչ կառավարություն», եւ Ռաֆոն միանգամայն լուրջ պատասխանեց ու ասաց՝ «ստվերային» եւ մի քիչ մտածեց ու ավելացրեց՝ «ստվերային, բայց՝ ազգային համաձայնության», եւ ես ժպտալով հարցրի՝ «ստվերային կառավարությունը ո՞րն ա», եւ Ռաֆոն մի քիչ մտածեց ու ժպտալով հարցրեց՝ «չգիտե՞ս, թե՞ ինձ ես ստուգում», եւ ես ժպտալով ասացի՝ «ստվերային շատ եմ լսել, բայց իմաստը չգիտեմ», եւ Ռաֆոն ժպտալով հարցրեց՝ «չես էլ փորձե՞լ իմանալ», եւ ես ժպտալով ասացի՝ «հիմի կփորձեմ», եւ Ռաֆոն մի քիչ մտածեց ու ասաց՝ «չիմանալն ամոթ չի. չհարցնելն ա ամոթ», եւ ես ժպտալով ասացի՝ «հիմի հարցնում եմ. ասա», եւ Ռաֆոն մի քիչ մտածեց ու ծիծաղելով հարցրեց՝ «կարող ա՞ մտածել ես՝ ստվերային կառավարությունը ստվերոտ՝ հով տեղ ա», եւ ես ծիծաղելով ասացի՝ «ոչ մի բան էլ չեմ մտածել», եւ Ռաֆոն ժպտալով ասաց՝ «շատ իզուր» եւ մի քիչ մտածեց ու ժպտալով ավելացրեց՝ «մտածելը շատ օգուտ ա», եւ ես ժպտալով հարցրի՝ «ինչի՞ն ա օգուտ», եւ Ռաֆոն ժպտալով պատասխանեց ու ասաց՝ «առողջությանը», ու էդ պահին, հիշում եմ, ծխում էի, եւ Ռաֆոն ծխախոտիս նայելով հարցրեց՝ «էդ զիբիլը չես կարո՞ւմ թարգես», եւ ես ասացի՝ «մի քանի անգամ փորձել եմ՝ չի ստացվել», եւ Ռաֆոն ժպտալով ասաց՝ «ավելի լավ ա մտածես, քան՝ ծխես», եւ ես ժպտալով ասացի՝ «ծխելով եմ մտածում», եւ Ռաֆոն մի քիչ մտածեց ու ծիծաղելով ասաց՝ «դրա համար էլ լավ չի ստացվում», եւ ես ծիծաղելով հարցրի՝ «ծխելս լավ չի ստացվո՞ւմ», եւ Ռաֆոն ծիծաղելով պատասխանեց ու ասաց՝ «մտածե՛լդ լավ չի ստացվում», եւ էդ պահին, հիշում եմ, Քոթանջյանը ելույթն ավարտեց, եւ ժողովուրդը բուռն ծափահարեց Քոթանջյանին, եւ Ռաֆոն ժպտալով ասաց՝ «Քոթանջյանն էլ ա մտածող դերասան», եւ ես ժպտալով ասացի՝ «որովհետեւ չի ծխում» եւ մի քիչ մտածեցի ու ժպտալով ավելացրի՝ «դրա համար էլ ըսենց ուժեղ ելույթ ունեցավ», եւ Ռաֆոն ժպտալով հարցրեց՝ «կարող ա՞ դու Նապոլեոնն ես», եւ ես հարցրի՝ «խի՞ եմ Նապոլեոնը», եւ Ռաֆոն ժպտալով ասաց՝ «համ հետս խոսում ես, համ էլ Քոթանջյանի ելույթն ես լսում» եւ մի քիչ մտածեց ու ծիծաղելով ավելացրեց՝ «համ էլ ծխում ես», եւ ես ժպտալով ասացի՝ «ձեր ընթրիքի պատմությունը կիսատ թողիր», եւ Ռաֆոն մի քիչ մտածեց ու ժպտալով ասաց՝ «որովհետեւ խանգարում ես. չես թողում պատմեմ», եւ ես զարմացած հարցրի՝ «ո՞նց եմ խանգարում», եւ Ռաֆոն մի քիչ մտածեց ու ժպտալով ասաց՝ «մի գլուխ ծխում ես ու ծուխն էլ վրես ես փչում», եւ ես ծխախոտս գետնին գցելով ու տրորելով ասացի՝ «էլ չեմ ծխի» եւ ժպտալով ավելացրի՝ «ձեր ընթրիքի պատմությունը շարունակի», եւ Ռաֆոն ծխախոտիս տրորված մնացուկին նայելով՝ մի քիչ մտածեց ու ժպտալով հարցրեց՝ «էս հրապարակում ինչքա՞ն ժողովուրդ կըլնի», եւ ես ժպտալով ասացի՝ «քո հավաքած ժողովուրդն ա. դու պիտի քանակությունն իմանաս», եւ Ռաֆոն ժպտալով հարցրեց՝ «ես քո կարծիքն եմ ուզում իմանամ», եւ ես մի քիչ մտածեցի ու ասացի՝ «երեւի քսանհինգ հազար», եւ Ռաֆոն մի քիչ մտածեց ու ասաց՝ «իրականում հիսուն հազար ա, բայց քսանհինգ հաշվենք», եւ ես հարցրի՝ «ինչի՞ ես հարցնում», եւ Ռաֆոն նախ գետնին թափված ծխախոտներիս մնացուկներին նայեց, հետո նայեց ժամացույցին ու ասաց՝ «էս ժամուկեսի ընթացքում արդեն յոթ հատ ծխել ես», եւ ես զարմացած հարցրի՝ «հաշվել ե՞ս», եւ Ռաֆոն ժպտալով ասաց՝ «հենց նոր հաշվեցի», եւ ես զարմացած հարցրի՝ «ո՞նց հաշվեցիր», եւ Ռաֆոն ժպտալով ասաց՝ «շատ հեշտ. սաղ ծխածներդ դեմներս՝ էս ասֆալտին թափած ա», եւ ես հաշվելով ասացի՝ «յոթից շատ են», եւ Ռաֆոն ժպտալով ասաց՝ «յոթ հատն են քոնոնք. մնացածներն ուրիշների ծխածն ա», եւ ես զարմացած հարցրի՝ «ի՞նչ գիտես», եւ Ռաֆոն ժպտալով ասաց՝ «քո ծխածների սպիտակ ֆիլտրները մյուսների ծխածներից տարբերվում են» եւ մի քիչ մտածեց ու ժպտալով հարցրեց՝ «մի բան որ ասեմ՝ հո չե՞ս նեղանա», եւ ես ժպտալով ասացի՝ «ասա», եւ Ռաֆոն մի քիչ մտածեց ու ժպտալով հարցրեց՝ «էս քսանհինգ հազարից ամեն մեկը որ յոթ հատ սիգարետի մնացորդ թափի էս հրապարակի գետնին, քանի՞ հատ կստացվի», եւ ես մտքիս մեջ հաշվելով ասացի՝ «հարուր յոթանասունհինգ հազար հատ», եւ Ռաֆոն մի քիչ մտածեց ու ժպտալով ասաց՝ «համ քաղաքն եք կեղտոտում, համ էլ առողջություններդ եք փչացնում», եւ ես մի քիչ մտածեցի ու ծիծաղելով ասացի՝ «կազմակերպիչներն են մեղավոր», եւ Ռաֆոն զարմացած հարցրեց՝ «ի՞նչ կազմակերպիչներ», եւ ես ասացի «էս միտինգի կազմակերպիչները», եւ Ռաֆոն զարմացած հարցրեց՝ «ինչո՞վ են մեղավոր», եւ ես ժպտալով ասացի՝ «պիտի էս հրապարակում աղբամաններ դնեք, որ ժողովուրդը սիգարետներն աղբամանների մեջ գցի», եւ Ռաֆոն մի քիչ մտածեց ու նեղսրտելով ասաց՝ «քեզ հազար անգամ ասեցի, որ ես մենակ ժողովրդին վերաբերող հարցերով եմ զբաղվել», եւ ես մի քիչ մտածեցի ու ծիծաղելով ասացի՝ «էդ հարցն էլ ա ժողովրդին վերաբերում», եւ Ռաֆոն ավելի նեղսրտելով ասաց՝ «ես մենակ ժողովրդի ներկայությունն ու մասնակցությունն ապահովելու հարցերով եմ զբաղվել», եւ ես ժպտալով ասացի՝ «ժողովրդի մասնակցության հարցն ամենակարեւորն ա», եւ Ռաֆոն մի քիչ մտածեց ու ժպտալով ասաց՝ «ուր էր թե՝ վերեւներում էլ ըտենց մտածեին», եւ ես զարմացած հարցրի՝ «ո՞ր վերեւներում», եւ Ռաֆոն ժպտալով պատասխանեց ու ասաց՝ «ընդդիմության վերեւներում», եւ ես ծիծաղելով հարցրի՝ «ընդդիմությունն էլ վերեւներ ունի՞», եւ Ռաֆոն մի քիչ մտածեց ու ժպտալով ասաց՝ «շատ չխորանանք» եւ մի քիչ էլ մտածեց ու ժպտալով ավելացրեց՝ «ավելի լավ ա՝ դու քո առողջության մասին մտածես ու ծխելդ գոնե մի քիչ պակասացնես» եւ մի քիչ էլ մտածեց ու ժպտալով ասաց՝ «եթե քաղաքի մաքրության մասին չես մտածում, գոնե առողջությանդ մասին մտածի» եւ մի քիչ էլ մտածեց ու Թումանյանի արձանը ցույց տալով ասաց՝ «գոնե էս մեծ բանաստեղծի արձանի շուրջը մի մխտռեք» եւ մի քիչ էլ մտածեց ու ծիծաղելով ավելացրեց՝ «ոչ բարով՝ իրա թանգարանի տնօրենն ես», եւ ես ժպտալով ասացի՝ «արդեն էրկու տարուց ավել ա՝ իրա թանգարանի տնօրենը չեմ», եւ Ռաֆոն հարցրեց՝ «բա հիմի որտե՞ղ ես աշխատում», եւ ես պատասխանեցի ու ասացի՝ «ոչ մի տեղ», եւ Ռաֆոն հարցրեց՝ «բա ո՞նց ես տուն պահում», եւ ես պատասխանեցի ու ասացի՝ «թարգմանություններ եմ անում», եւ Ռաֆոն հարցրեց՝ «ի՞նչ ես թարգմանում», եւ ես պատասխանեցի ու ասացի՝ «սերիալներ», եւ Ռաֆոն զարմացած հարցրեց՝ «ի՞նչ սերիալներ», եւ ես ասացի՝ «որ իրիկունները տելեվիզորով ցույց են տալիս», եւ Ռաֆոն մի քիչ մտածեց ու հարցրեց՝ «բրազիլակա՞ն», եւ ես ժպտալով ասացի՝ «կամ էլ՝ մեքսիկական ու կոլումբիական», եւ Ռաֆոն մի քիչ մտածեց ու ասաց՝ «էդ սերիալները չեմ նայում» եւ մի քիչ էլ մտածեց ու ժպտալով ավելացրեց՝ «բայց կնիկս ու զոքանչս նայում են», եւ ես ժպտալով ասացի՝ «որովհետեւ լավ եմ թարգմանում», եւ Ռաֆոն մի քիչ մտածեց ու հարցրեց՝ «էս՝ որ ժամը վեցին տելեվիզորով ցույց են տալիս, քո թարգմանածն ա՞», եւ ես պատասխանեցի ու ասացի՝ «հա», եւ Ռաֆոն ժպտալով հարցրեց՝ «անունն ինչ է՞ր», եւ ես ասացի՝ «Սուրճ՝ կնոջ բուրմունքով», եւ Ռաֆոն ժպտալով ասաց՝ «աղջկա՛ անունն եմ հարցնում», եւ ես ժպտալով ասացի՝ «Գավիոտա», եւ Ռաֆոն նայեց ժամացույցին, մի քիչ մտածեց ու ժպտալով ասաց՝ «փաստորեն, գործիս խփում ես», եւ ես զարմացած հարցրի՝ «ո՞նց եմ գործիդ խփում», եւ Ռաֆոն նորից նայեց ժամացույցին, մի քիչ մտածեց ու ժպտալով ասաց՝ «որ էդ սերիալը չըլներ, հիմի էս միտինգին էրկու անգամ շատ մարդ էկած կըլներ» եւ մի քիչ էլ մտածեց ու ավելացրեց՝ «մարդիկ փոխանակ միտինգի գան, հիմի նստել՝ էդ ապուշությունն են նայում», եւ ես ժպտալով հարցրի՝ «հիմի ժամը քանի՞սն ա», եւ Ռաֆոն նորից ժամացույցին նայելով ասաց՝ «արդեն յոթն անց ա», եւ ես ծիծաղելով ասացի՝ «էդ ապուշությունն արդեն պրծել ա», եւ Ռաֆոն մի քիչ մտածեց ու փռթկացնելով ասաց՝ «մի քանի րոպեից էս ապուշությունն էլ կպրծնի», եւ ես ժպտալով ասացի՝ «ժողովրդի մի մասն է՛ն ապուշությունն ա նայում, մյուս մասը՝ էս», եւ Ռաֆոն մի քիչ մտածեց ու ասաց՝ «ես էս միտինգի բովանդակային կողմի հետ ոչ մի կապ չունեմ», եւ ես ժպտալով ասացի՝ «ես էլ էդ սերիալի բավանդակային կողմի հետ ոչ մի կապ չունեմ», եւ Ռաֆոն ինձ խեթ նայելով ասաց՝ «էլի պապիրոս կպցրի՞ր», եւ ես ժպտալով ասացի՝ «ընենց բան ասեցիր, որ ծխելս էկավ», եւ Ռաֆոն զարմացած հարցրեց՝ «ի՞նչ եմ ասել», եւ ես ժպտալով ասացի՝ «մեղադրում ես, որ իմ պատճառով ա միտինգին քիչ ժողովուրդ էկել», եւ Ռաֆոն մի քիչ մտածեց ու ժպտալով ասաց՝ «քիչը քիչ չի, բայց որ էդ սերիալը չըլներ, առնվազն էրկու անգամ շատ ժողովուրդ կգար», եւ ես ժպտալով ասացի՝ «դրա համար էլ ծխում եմ», եւ Ռաֆոն մի քիչ մտածեց ու ժպտալով հարցրեց՝ «բա մինչեւ է՞դ ինչի էիր ծխում», եւ ես ժպտալով ասացի՝ «էնքան հուզիչ բաներ էիր պատմում, որ չէի կարա չծխեմ», եւ Ռաֆոն զարմացած հարցրեց՝ «ի՞նչ հուզիչ բաներ եմ պատմել», եւ ես ժպտալով ասացի՝ «ձեթի ու դաշնամուրի մասին», եւ Ռաֆոն մի քիչ մտածեց ու ժպտալով ասաց՝ «մեկին պիտի պատմեի՝ քեզ պատմեցի» եւ մի քիչ էլ մտածեց ու ժպտալով հարցրեց՝ «կարող ա՞ դժգոհ ես», եւ ես ժպտալով ասացի՝ «շատ դժգոհ եմ», եւ Ռաֆոն զարմացած հարցրեց՝ «հետաքրքիր չէ՞ր», եւ ես ասացի՝ «շա՜տ հետաքրքիր էր», եւ Ռաֆոն զարմացած հարցրեց՝ «բա ինչի՞ց ես դժգոհ», եւ ես ժպտալով ասացի՝ «դժգոհ եմ, որ պատմությունդ կիսատ թողիր», եւ Ռաֆոն մի քիչ մտածեց ու ժպտալով հարցրեց՝ «որտե՞ղ էինք հասել», եւ ես մի քիչ մտածեցի ու ժպտալով ասացի՝ «հասել էինք այնտեղ, որ կինդ ու տանտիկինը սիգաներն ու կարտոշկեքը խաշեցին» եւ ժպտալով հարցրի՝ «հետո ի՞նչ էղավ», եւ Ռաֆոն մի քիչ մտածեց ու ծիծաղելով ասաց՝ «իշտը՝ կերանք, կշտացանք, լմնցավ», եւ ես ժպտալով հարցրի՝ «հետո՞», եւ Ռաֆոն մի քիչ մտածեց ու ժպտալով ասաց՝ «հետո կյանքը շարունակվեց» եւ մի քիչ էլ մտածեց ու ծիծաղելով ավելացրեց՝ «մինչեւ էսօր էլ շարունակվում ա», եւ ես ժպտալով հարցրի՝ «ո՞նց ա շարունակվում», եւ Ռաֆոն մի քիչ մտածեց ու ինքնագոհ ժպտալով ասաց՝ «մեր ուզած ձեւով», եւ ես ժպտալով ասացի՝ «փաստորեն, կյանքից գոհ ես», եւ Ռաֆոն մի քիչ մտածեց ու ինքնագոհ ժպտալով ասաց՝ «մենակ անձնական վիճակներից եմ գոհ», եւ ես ժպտալով հարցրի՝ «բա ո՞ր վիճակներից ես դժգոհ», եւ Ռաֆոն բավական երկար մտածելուց հետո ասաց՝ «հասարակական ու քաղաքական»:
Շարունակությունը՝ հաջորդ շաբաթ