Լրահոս
Օրվա լրահոսը

ԼՃԱՑԱԾ ԿԻՆՈՅԻՑ ՄԻՆՉԵՎ «ՀԱՐԱԲԵՐԱԿԱՆ ՊՐՈԴՅՈՒՍԵՐՆԵՐ»

Հուլիս 31,2010 00:00

\"\"Կամ ինչպես ապահովել ազատ, արդար մրցակցության դաշտ, որպեսզի ստեղծվեն նորմալ ֆիլմեր, որոնք պահանջարկ կունենան եւ «ներսում», եւ «դրսում»:

Արդեն քանի տարի է խորհրդային ժամանակների գործելաոճին հատուկ՝ պաթոսով եւ հպարտությամբ, ներկայացվում են տեղեկություններ, հաշվետվություններ հայ կինոյի ներկա վիճակի եւ սպասվող «նվաճումների» մասին, միաժամանակ լռելով ամենակարեւորի՝ հանդիսատեսի բացակայության փաստի մասին: Վերջինի առումով, բերվում են մի շարք արդարացումներ, որոնցից են՝ «Մեզ պետությունը փող է տալիս, որպեսզի ստեղծենք արվեստի արժեքներ եւ հետո մտածենք այն վաճառելու մասին» (Գեւորգ Գեւորգյան՝ Ազգային կինոկենտրոնի տնօրեն): Նման արդարացումը կամ պատճառաբանությունը հակասում է շուկայի կանոններին, որովհետեւ արտադրողը, մինչ արտադրելը, նախ պետք է մարկետինգ իրականացնի, իմանալու համար՝ ինչ արտադրի, ինչպես, ում համար եւ որտեղ այն իրացնի, ինչ խնդիրներ դրված լինեն թեմայի ընտրության հարցում: Կինոն, այո, արվեստ է, բայց միեւնույն ժամանակ ապրանք, ֆիլմի արժեքը բացի մասնագետների գնահատումից, պետք է գնահատվի, հատկապես, հանդիսատեսի կողմից, որի տված գնահատականն է ամենակարեւոր արդյունքը: Հաճախ պատճառաբանվում է, թե «մենք չունենք կինոցանց, կինոթատրոններ, ինչպե՞ս ներկայացնենք…»: Կա, ներկա դրությամբ, հանրապետությունում 3,5 կինոթատրոն, արդյոք այնտեղ ներկայացված ֆիլմերը հավաքե՞լ են թեկուզ այնքան հանդիսատես, որքան շնորհանդեսներում, զորամասերում անվճար ցուցադրման ժամանակ: Ցավոք, ոչ: Առավել եւս, հաճախ ֆիլմերը դեռ մեծ էկրաններին չցուցադրված, փութաջանորեն հաջողացնում են ցուցադրել հեռուստատեսությամբ, այն էլ հիմնականում գիշերվա ժամերին, որ երբեք, ոչ մի ժամանակ, եւ ոչ մի տեղ այդպես չեն անում: Պարզ է՝ շտապում են արձանագրել, որ նկարվել է հերթական ֆիլմ-միավորը: Հաճախակի բողոքում են, թե մեր հեռուստաընկերությունները փող են ուզում եթերում ֆիլմերը ցուցադրելու համար: Չկա աշխարհում մի հեռուստաընկերություն, որ հրաժարվի, այն էլ անվճար, ֆիլմ ցուցադրելուց… իհարկե, եթե ֆիլմը լավն է: Ի դեպ, արդարացման նոր տարբերակ էլ է շրջանառվում՝ թե Փարաջանովի ֆիլմերն էլ հանդիսատես չունեին: Ոչ մի կերպ Մաեստրոյի հանճարը հանգիստ չի տալիս բոլոր ժամանակների միջակություններին: Ասում են նաեւ, թե հանդիսատես ունենալ-չունենալը դեռ ֆիլմի արժեքի գնահատում չէ: Լավ, միթե՞ հեղինակից, ստեղծողներից, իրենց յուրայիններից, փառատոների ժյուրիներից, շնորհանդեսների, գաղութների, զորամասերի հանդիսատեսից բացի, ֆիլմը չունի՞ սովորական, կիրթ հանդիսատես, որը ցանկություն ունի դիտել (նաեւ իր՝ հարկատուի, փողերով ստեղծված) ֆիլմը, իր իսկ փողով գնված տոմսով, ու փորձի գնահատել ստեղծված արվեստի արժեքը: Գո՞ւցե հարկավոր է սկսել նկարել ֆիլմեր ոչ միայն ներքին շուկայի հանդիսատեսի համար, այլ նաեւ ֆիլմեր, որոնք կլինեն մրցունակ արտաքին շուկայում: Կամ էլ հավատալ հայ կինոյի մերօրյա «աքսակալներից» Ռուբեն Կեւորկով-Գեւորգյանցի համոզիչ նկատառմանը, թե «լավ ֆիլմը հարաբերական է, կարող է գնահատվել միայն մի 25-30 տարի հետո»… Որ այդպես է, թող Աստված իրեն այդչափ էլ կյանք տա ապրելու, որ այն ժամանակ էլ մեկ այլ հանճարեղ խաբսային միտք ասի, որպես արդարացում:
Հաշվետվությունների ժամանակ ներկայացվում է «որպես նվաճում» այս կամ այն ֆիլմի՝ փառատոնին մասնակցելը: Որպես կանոն, դրանք մասնակցում են հիմնականում 2-րդ, 3-րդ,4-րդ, 5-րդական փառատոների եւ ապահովում միայն մասնակցություն՝ օլիմպիական նշանաբանով: Մեղք չգործելով ասեմ, որ կա ավարտված 1-2 ֆիլմ, որոնք արդեն որոշ հաջողություններ ունեցել են եւ դեռ շարունակում են մասնակցել փառատոներին, ու հուսանք, որ, գոնե, նրանք հետո կհասնեն հանդիսատեսին: Կան նաեւ մեծ սպասումներ սկսված, բայց դեռ ավարտի չհասցված որոշ ֆիլմերից: Նշածս ֆիլմերի հաջողությունների գրավականն այն է, որ նրանք բոլորն էլ ունեն իրենց անկախ, մասնավոր պրոդյուսերները, որոնք մեր պետության մասնակի, փոքր աջակցությունից բացի, կարողացել են ապահովել նաեւ այլ երկրներից ստացված դրամաշնորհներ, ընդգրկելով արտերկրների գործընկերներին նույնպես: Դա արդյունք է այն բանի, որ նրանք՝ ձեռնամուխ լինելով ֆիլմերի ստեղծմանը, այն համոզմունքին չէին, ինչպիսին ներկայացնում են հայաստանյան երկու պետական կենտրոն-ստուդիաների ղեկավարները, որոնց պետությունը վստահում է այս ոլորտը շուրջ 20 տարի, տալով իրավասություն՝ ֆիլմարտադրության եւ միաժամանակ (՞) աջակցություն ցուցաբերելու այլ կինոարտադրողների ներկայացրած նախագծերին: Եթե այդ կենտրոն-ստուդիաները իրավունք ունեն նաեւ ֆիլմեր արտադրելու՝ իրենց համարյա անփոփոխ հեղինակների մասնակցությամբ, որոնց մեծամասնությունը հանդիսանում է նաեւ այդ կենտրոն-ստուդիաների այսպես կոչված գեղարվեստական խորհուրդների ղեկավարներ, անդամներ, որքանո՞վ շանսեր կունենան ստանալու պետական աջակցություն այլ մասնավոր կինոարտադրողները: Արդյունքը լինում է այն, որ, լավագույն դեպքում, ընդհանուր բյուջեի ընդամենը 20-30 տոկոսն է բաժին հասնում աջակցություն հասկացողությանը, իսկ առյուծի բաժին գումարը տրամադրվում է այն հեղինակների ֆիլմերին, որոնք շարունակաբար, ստեղծում են ձախողված ֆիլմեր: Վերջին 20 տարվա ընթացքում նշված պետական ստուդիաներում ստեղծվել են մի շարք ֆիլմեր, պետությունից ֆինանսավորվելով, երեւի թե, մի 10 միլիոն դոլարին համարժեք դրամով, եւ դրա արդյունքում չի ստացվել գոնե 1%-ի չափով եկամուտ:
Չգիտեմ, թե որտեղ է տրամաբանությունը, որ հիմնականում ֆիլմարտադրությունը վստահվում է պետական այն կազմակերպություններին, որոնց կանոնադրության մեջ ամրագրված է, որ նրանք հանդիսանում են «Պետական ոչ առեւտրային, շահույթ չհետապնդող կազմակերպություն»: Անտրամաբանական է, էլ ի՞նչ արտադրություն, որ շահույթ չի հետապնդելու: Եթե այդպիսի կինոարտադրողների շահագռգռվածությունը սահմանափակվելու է միայն հեղինակների անձնական ամբիցիաները բավարարելով եւ արտադրության պրոցեսից ստացած նյութական դիվիդենտներով, ապա կուզեի իմանալ, թե այդպիսի մոտեցում ունեցողները, եթե նրանք վստահ են, որ ստեղծում են արժեքավոր կինոգործեր, ինչո՞ւ չեն փորձում ներդնել նաեւ իրենց սեփական կամ իրենց պատասխանատվությամբ հայթայթած դրամական միջոցները:
Այո, կինոարտադրության գործում կա նաեւ ռիսկի գործոնը, դրա համար է, որ մասնավոր պրոդյուսերները մինչ ֆիլմի արտադրությունը սկսելը, արդեն գիտեն, կանխատեսում են, թե ինչպիսի՞, ինչպե՞ս, ո՞ւմ համար եւ ի՞նչ ասելիքով են ստեղծում տվյալ ֆիլմը: Ոչ մի մասնավոր պրոդյուսեր իրեն թույլ չի կարող տալ ֆիլմի համար նախատեսված գումարներն անվերադարձ ծախսելու, ինքն առաջին շահագրգիռ անձն է ֆիլմից շահույթ ստանալու խնդրում:
Հայաստանի ազգային կինոկենտրոնի տնօրեն պարոն Գեւորգ Գեւորգյանը հարցազրույցներից մեկում ասում է. «Մեզ մոտ պրոդյուսերը հարաբերական է…»: Երեւի, նա նկատի ուներ իրենց, որ հանդիսանում են պետական կենտրոն-ստուդիաներում նկարված ֆիլմերի պրոդյուսերներ, որոնք մշտապես չունեն ամենակարեւորը՝ ֆիլմերի ծախսերի համար գումարների հայթայթման եւ պատասխանատվություն կրելու հոգսը: «Հարաբերական պրոդյուսերները» նրանք են, որոնք չունեն ոգեւորվելու եւ ոգեւորելու ունակություն, ստեղծագործական եւ կոմերցիոն հոտառություն, մարկետինգ իրականացնելու իմացություն եւ նույնիսկ, իրենց բնույթով, վատ հանդիսատես են: Եթե մեր հարգարժան կառավարությունը եւ մշակույթի նախարարությունը չընդունեն, որ հայկական կինոարտադրության «մասով» նման քաղաքականությունը վաղուց բերել է հայ կինոյի լճացմանը, ու եթե մոտ ապագայում չընդունվի կինոյի մասին օրենքը, չկատարվեն բարեփոխումներ՝ օգտվելով այլ երկրների հաջողությամբ կիրառվող մոդելներից, ապա իրական զարգացում սպասելն ինքնախաբեություն է:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել