Ճապոնիայում երկրի երկարակյացի շուրջ մեծ սկանդալ է ծագել: Երբ մայրաքաղաքի իշխանություններն այցելել են Սոգեն Կատոյի՝ Տոկիոյի ամենաերկարակյաց բնակչի, 111-ամյակը շնորհավորելու, պարզել են, որ նա վաղուց արդեն մահացել եւ վերածվել է մումիայի: Կասկածները ծագել են այն բանից հետո, երբ նրա թոռնուհին պապին այցելած պաշտոնյաներին հայտարարել է, թե Կատոն ոչ մեկին տեսնել չի ուզում: Ընտանիքի մյուս անդամները եւս նախկինում էլ կասեցրել էին սոցիալական ծառայության աշխատակիցների որեւէ հանդիպումը երկարակյացի հետ: Տոկիոյի իշխանությունների հայտարարությունից հետո ոստիկանությունն այցելել էր Կատոյի տուն եւ նրան հայտնաբերել էր անկողնում գիշերազգեստով պառկած եւ սավանով ծածկված վիճակում: Զննությամբ պարզվել էր, որ նա արդեն վաղուց մոմապատված է: Կեղծ երկարակյացի ընտանիքի անդամները ստիպված էին եղել խոստովանելու, որ Կատոն մահացել է դեռ 30 տարի առաջ եւ «դարձել է կենդանի Բուդդա», թեեւ այդ տարիների ընթացքում նրա ընտանիքի անդամները շարունակել էին ընդհանուր առմամբ 9,5 մլն իեն՝ ավելի քան 100 հազար դոլար թոշակ ստանալ: