Փարիզում ԱՄՆ դեսպանատան երեք աշխատակիցներ թունավորվել են անհայտ ծագման մի նյութից, որը, ըստ ամենայնի, պարունակել է դեսպանատանը փոխանցված նամակներից մեկը: Աշխատակիցների առողջությանը հասցված վնասի մասին տեղեկություններ, ըստ «Reuters»-ի, չկան. նրանք դեռ բուժզննում են անցնում: Փարիզի ոստիկանությունում պարզաբանել են, որ միայն ԱՄՆ-ի ներկայացուցիչներն են իրավասու մեկնաբանել տեղի ունեցած միջադեպը: Իսկ վերջիններս առայժմ հրաժարվում են հարցերի պատասխանել՝ փոխարենը վստահեցնելով, որ դեսպանատան աշխատակազմի անդամներին ոչինչ չի սպառնում եւ ոչ ոք դեսպանության շենքից չի տարհանվել: Միաժամանակ, դեսպանատուն են այցելել ոստիկանության աշխատակիցներ եւ կրիմինալիստիկայի լաբորատորիայի փորձագետներ, որոնք տեղում պետք է պարզեն թունավորման պատճառները: Առայժմ, նախնական տվյալներով, դեսպանատուն փոխանցված այն փաթեթը, որը բացել են երեք աշխատակիցները, իրենից վտանգ չի ներկայացնում: