Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

«ԱԴՐԲԵՋԱՆԱՀԱՅՈՒԹՅՈՒՆ»

Հուլիս 31,2010 00:00

\"\"Ծրագիր, որն, ըստ «Ղարաբաղ» կոմիտեի անդամ Աշոտ Մանուչարյանի, տարածաշրջանում կարող է «ինքնուրույն, խաղաղ, ներդաշնակ» զարգացում ապահովել:

– Մեր նախորդ հարցազրույցում Դուք ասացիք՝ «Չկան կուսակցություններ, գործիչներ, որոնք քիչ թե շատ բովանդակային առաջարկ, էլ չեմ ասում՝ ծրագիր ներկայացնեն Արցախի հարցի վերաբերյալ: Էլ չեմ ասում՝ աշխատող իրական տարբերակ»: Ինչո՞վ է պայմանավորված այդ հրամայականը:
– Այն իրականությունը, որ ձեւավորվել է Արցախի շուրջ, հայկական կողմի համար խիստ անբավարար է, քանի որ անգամ ստատուս-քվոյի պահպանումը խարսխված է միայն տարածաշրջանի համար պայքարող տերությունների ուժերի բալանսի վրա, որի ցանկացած խախտումը հնարավոր է հանգեցնի ծանրագույն հետեւանքների:
– Մեկ այլ հարցազրույցում Դուք խոսում եք ավագ Ալիեւի հետ ինչ-ինչ պայմանավորվածությունների մասին, որոնք հնարավորություն էին ստեղծել Արցախի հարցում՝ եւ Հայաստանում, եւ Ադրբեջանում, եւ տարածաշրջանում, հասնել կայուն խաղաղության ու բոլորի համար ներդաշնակ զարգացման: Եվ չնայած փաստում եք, որ այդ ծրագրերն այն ժամանակ խափանվեցին գերտերությունների միջամտությամբ, այսօր դրանք կրկին իրականանալի են դառնում: Իսկապե՞ս այդպես է, եւ որո՞նք են այդ ծրագրերը:
– Իսկապես: Մի շարք նպատակների, սկզբունքների, կոնկրետ գործառույթների վերաբերյալ կային հեռուն տանող համաձայնություններ ավագ Ալիեւի հետ: Այսօրվա ստեղծված վտանգավոր փակուղային իրավիճակը Մինսկի գործընթացում, զուգորդված մի շարք այլ գործոնների հետ, հնարավորություն է ստեղծում, իսկ միգուցե՝ հրամայական դարձնում կրկին անդրադարձն այդ մոտեցումներին: Հրապարակային խոսակցությունն այդ խնդրի շուրջ բացարձակ անհարկի է, քանի որ պարզ չէ՝ ի՞նչ է հաղորդել ավագ Ալիեւը կրտսերին, ի՞նչը վերջինս կցանկանա շարունակել, միգուցե՝ զարգացնել, ինչի՞ մասին կցանկանա հրապարակային խոսել: Պարզ չէ նաեւ, թե ինչի՞ն են տիրապետում եւ ինչքանո՞վ կցանկանան այս խնդիրներով զբաղվել հայկական կողմը ներկայացնող պետական քաղաքական շրջանակները: Այս ամենը լուրջ խոչընդոտներ են, սակայն ոչ անհաղթահարելի, քանի որ խոսքը գնում է տարածաշրջանի ժողովուրդների կողմից ինքնուրույն (՜), խաղաղ, ներդաշնակ զարգացմանը նպաստող ապագա կերտելու մասին:
– Իսկ կա՞ն ծրագրեր, որոնց մասին այսօր կարող ենք բացեիբաց խոսել:
– Անկասկած կան: 1990-91 թվականներին շատերը մշակվել եւ կյանքի են կոչվել՝ մասամբ կամ ամբողջությամբ, մյուսները՝ մնացել թղթի վրա: Եթե դրանց ծանոթանանք՝ շատ կետերում հակասական են թվում, որովհետեւ մշակվել են տարբեր սկզբունքներ ունեցող մարդկանց եւ խմբերի (կուսակցություններ, հ/կ-ներ…) կողմից: Բայց այդ հակասությունը խոչընդոտ չէր վերը նշված ներդաշնակ իրողությունը կերտելու տեսանկյունից: Իրականում ստեղծագործ մարդկանց պատասխանատու գործունեությունը կյանքում հանգեցնում է փոխլրացման, իրականությունը՝ հարստացման, եւ այսօր էլ չեմ կասկածում, որ մի քանի նման նախագծերի հետ ծանոթությունը շատերին կմղի դեպի նոր, փնտրված նախագծեր, նոր գործողություններ: Հենց այդ նպատակով կփորձեմ մի քանի նախագծեր ինքս ներկայացնել՝ խթանելու համար այդ աշխատանքը:
– Որո՞նք են այդ նախագծերը:
– Առաջին ներկայացվող ծրագիրը պայմանական անվանենք «Ադրբեջանահայություն»: Խոսքն ազատագրված տարածքների երկրորդ (իրականում առաջին) տիրոջ՝ ադրբեջանահայության, որպես իրավական, քաղաքական սուբյեկտի ձեւավորման, տարածաշրջանում մի նոր, իրական լիարժեք կյանքով ապրող եւ գործող, իր համար ընդունելի պետական կարգավիճակ փնտրող մի ընդհանրության մասին է: Ադրբեջանահայությունը, որի համակարգումը ծանրակշիռ ներկայացուցչական մարմինների ձեւավորումն արդեն քանի տարի է անտեսվում, իսկ հաճախակի նաեւ խոչընդոտվում է Արցախի եւ Հայաստանի պետական քաղաքական համակարգերի կողմից, իր սաղմնային վիճակում գտնվող ներկայացուցչությունների կողմից բազմիցս հայտարարվել է, որ՝
1. Արցախի ինքնորոշման մտադրության հայտարարման պահից սկսած, Արցախից դուրս ապրող ազգությամբ հայ Ադրբեջանի քաղաքացիները, անգամ Արցախի պահանջներին դեմ հանդես եկողները, հալածանքների (հարձակումների, սպանությունների, խոշտանգումների) են ենթարկվել միայն հայ լինելու, այսինքն՝ ռասիստական, քսենոֆոբիական հիմքերով:
2. Չնայած բազմաթիվ դիմումներին, ոչ նախկին ԽՍՀՄ եւ Ադրբեջանական ԽՍՀ, ոչ հետագայում Ադրբեջանը, ոչ միջազգային կառույցները, ոչ անգամ Հայաստանը եւ Արցախը չեն ապահովել իրենց որեւէ իրավունք, այդ թվում՝ կյանքի, անվտանգության իրավունքը:
3. Այսօր Ադրբեջանի՝ 88-93թթ. ծավալած ռասիստական պատերազմի հետեւանքով ադրբեջանահայությունը հայտնվել է, մասամբ, Արցախի զինված ուժերի վերահսկողության տակ գտնվող տարածքներում, ինչպես նաեւ Հայաստանում, Ռուսաստանում, Եվրոպայում, Վիջինասիական հանրապետություններում, որպես կանոն՝ խիստ ծանր տնտեսական, սոցիալական, շատ տեղերում՝ նաեւ անվտանգության տեսակետից, խիստ անբարենպաստ պայմաններում:
4. Արցախի զինված ուժերի կողմից վերահսկվող տարածքներն ադրբեջանահայերը համարում են ռասիստական պատերազմի հետեւանքով իրենց հասած երկրի տարածք եւ պատրաստ են այդ տարածքների եւ իրենց՝ Ադրբեջանում նախկին բնակավայրերի ապագայի հարցով բանակցել բոլոր շահագրգիռ կողմերի հետ:
5. Առաջին հերթին Ադրբեջանի ոչ ռասիստական (եւ հակառասիստական) շրջանակների, այն է նրանց, ով՝
ա. դատապարտում է ռասիստական հալածանքներ ծավալողներին, պահանջում եւ իրականացնում է նրանց հետապնդումն ու պատիժը,
բ. պատրաստ է քննարկել ապագա կյանքի (համակեցության) պայմանները, որոնք բացառում են նաեւ ռազմական իրադարձությունների ծավալումն ապագայում՝ Ադրբեջանի ռասիստական շրջանակների շարունակվող սպառնալիքների պայմաններում, շնորհակալ լինելով Արցախի զինված ուժերին՝ իրենց անվտանգությունն ապահովելու համար, Հայաստանի, Արցախի եւ Սփյուռքի կամավորական ազատամարտիկներին՝ պաշտպանական լրացուցիչ ուժեր ստեղծելու եւ անվտանգության նոր շրջանակներ ձեւավորելու առաջարկների համար: Միաժամանակ, այդ քայլերը որպես 100%-անոց երաշխիք իրենց եւ իրենց ընտանիքների համար չհամարելով՝ հատկապես Բաքվի, Սումգայիթի, Կիրովաբադի ջարդերը տեսնելուց հետո, քննարկում են լրացուցիչ քայլերի անհրաժեշտությունը:
– Որո՞նք են այդ քայլերը:
– Քանի որ 1988-94 թվականներին ու մինչ այսօր ադրբեջանահայերը շարունակում են զոհվել, որովհետեւ միջազգային օրենքներով իրենց անվտանգության հիմնական պատասխանատու օղակները՝ Խորհրդային Միությունը եւ նրա ժառանգորդ ՌԴ-ն, ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը, չկատարեցին իրենց պարտականությունները, անվտանգության խնդիրը լուծելու համար, բացի ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդին, ՌԴ-ի լիդերությամբ գործող «Կոլեկտիվ անվտանգության» ուժերից, ցանկանում են դիմել նաեւ ՆԱՏՕ-ին, Չինաստանին, Իրանին՝ խնդրելով երաշխավորել այդ տարածքների եւ նրանցում բնակվողների անվտանգությունը:
– Եթե դա իրականացվի, Արցախի հարցով պայմանավորված, տարածաշրջանային խճանկարում ի՞նչ փոփոխությունների կբերի:
– Փոփոխությունները հսկայական են լինելու: Առաջին հերթին փոխվում է կոնֆլիկտի կառուցվածքը՝ հայ-ադրբեջանականից վերածվում է ներադրբեջանականի: Առավել ցավոտ եւ առաջնային դարձած կնճիռը՝ Ղարաբաղի շուրջ ձեւավորված անվտանգության գոտին, վերադարձնում է իրեն իր հիմնական կարգավիճակը՝ ադրբեջանահայությանը պատկանող, նրա կողմից վերահսկվող եւ կառավարվող տարածք: Դարասկզբին արդեն եղել է այդպիսի իրավիճակ, երբ Ադրբեջանում գործել են երկու պառլամենտ՝ փաստացի հայկական եւ ադրբեջանական: Երկրորդը գտնվում էր Գանձակում, իսկ առաջինը՝ Բաքվում: Ներկայիս իրավիճակն անցյալի կրկնությունն է՝ մի փոքր շտկումով. ադրբեջանական պառլամենտը Բաքվում է, հայկականը՝ Բերձորում կամ Տիգրանակերտում՝ հայերի ընտրությամբ: Այդ պառլամենտների եւ նրանց կողմից վերահսկվող գործադիր մարմինների բանակցությունների եւ հավաստիացումների արդյունքում ինչպիսի՞ եզրակացության կհանգի ադրբեջանահայությունը.
– կրկին ձեւավորել միասնական պետություն ադրբեջանցիների հետ, ուր ամեն մի տեղահանված կվերադառնա իր նախնական բնակավայրը,
– ընդհանուր պետություն, բայց առանձնացված բնակեցմամբ՝ համապատասխան երաշխիքներով եւ կարգավիճակով,
– առանձին պետության ձեւավորում,
– ընդհանուր պետություն՝ մեկ այլ երկրի հետ,
– ժամանակավոր կարգավիճակ՝ որպես ՄԱԿ-ի, ԱՊՀ-ի, ԵՄ-ի ենթամանդատային տարածք, մինչեւ Ադրբեջանի ապառասիստականացումն ու ժողովրդավարացումը:
Այս ամենը հնարավոր զարգացումներ են, բայց առանց պատերազմի սպառնալիքի եւ ներադրբեջանական երկխոսության շրջանակներում:
– Ինչո՞ւ եք կարծում, որ պատերազմի սպառնալիք չի լինի, մանավանդ որ Ադրբեջանից հաճախակի են դարձել ռազմատենչ հայտարարությունները՝ ամենաբարձր մակարդակով:
– Վերը նշված կոնֆլիկտի իրական պատկերի վերականգնումը, այն է՝ Բաքվի ղեկավարության կողմից իրականացված ռասիստական պատերազմ, որի արդյունքում ամեն մի նոր ուժային սպառնալիքը միջազգային իրավունքի տեսակետից գնահատվելու է ոչ թե որպես տարածքային վեճ ունեցող պետությունների ուժային բախում, մետրոպոլիայի ուժային գործողություն ընդդեմ ազատագրական պայքար վարողների (կամ սեպարատիստների) դեմ իրականացվող գործողություն, այլ՝ ցեղասպանություն, էթնիկ ջարդերի սպառնալիք սեփական քաղաքացիների դեմ, ինչը հանցագործություն է մարդկության դեմ: Այս նոր իրողությունը հնարավոր չէ ձեւավորել մեկ-երկու թերթային հրապարակումներով, փախստականների եւ նրանց ներկայացուցչական մարմինների մի քանի նիստերով եւ նմանատիպ այլ քայլերով: Սա հետեւողական աշխատանք է, որի հիմնական օղակը նախադեպ չունեցող արցախահայության արտգործնախարարությունն է. դա աշխարհով մեկ սփռված հայկական համայնքներն են՝ նշված նպատակներն իրականացնելու ուղղությամբ որոշումներ ապահովելու համար իրենց երկրների կառավարությունների, հասարակությունների հետ համապատասխան քայլեր անող:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել