Անգործությունից ժանգոտել է Դատական օրենսգիրքը
«2003թ. փոքր արտադրություն սկսելու համար 1500 դոլար էր պետք: Դիմեցի իմ հարեւան Արամ Միրզաբեկյանին եւ նրա կին Ռուզաննա Ադամյանին՝ ցածր տոկոսադրույքով գումար տվող գտնելու խնդրանքով: Ասացին, որ 1500-ի փոխարեն 3000 կտան, միայն թե ապահովության համար պետք է նոտարական գրասենյակում ձեւական թղթեր ստորագրեմ, տունը ձեւական ձեւակերպեմ իրենց անունով՝ պարտքը հետ ստանալուց հետո տունը վերադարձնելու պարտավորությամբ: Գումար տվողը՝ Ավետիք Ամիրյանը, 20.06.2003թ. գրեց պարտավորագիր. «…6 ամսվա ընթացքում Նորքի 115 տան հետ պարտավորվում եմ ոչ մի գործարք չկատարել, եւ պարտքը հետ ստանալուց հետո տունն անվանափոխել տանտիրոջ անունով»: Ապահովության համար ինձ տարան իրենց մտերիմ (գործակալ) նոտար Հայկազ Մազմանյանի մոտ՝ պարտքի պայմանագիր ստորագրելու համար: Ասացին, թե պայմանագիրը դեռ տպած պատրաստ չէ, ուստի առաջարկեցին ստորագրել մաքուր թղթի տակ՝ հետագայում պայմանագիրը տպելու պայմանով: Քանի որ միջնորդում էին երկար տարիների հարեւաններս, հավատացի եւ ստորագրեցի: Ի՞նչ իմանայի, թե հետագայում այդ թղթի վրա ինչ էին տպելու եւ ինչ տանջալից օրեր էի քաշելու»,- պատմում էր 68-ամյա Ռոբերտ Ամիրյանը եւ շարունակում,-3000-ի փոխարեն տվին 2040 դոլար, իսկ երբ 3 ամսից փորձեցի վերադաձնել գումարը տունը գրավից հանելու համար, Ավետիքը հրաժարվեց ընդունել գումարը՝ պահանջելով կամ 20 000 դոլար կամ էլ տունը (ինչո՞ւ չէ, շուկայականից մոտ տասն անգամ էժան): Դրան, իհարկե, չհամաձայնեցի եւ բողոքարկեցի գլխավոր դատախազին, որտեղից բողոքն ուղարկեցին Կենտրոնի դատախազություն, որտեղ այդ պահին խարդախ հարեւանուհուս՝ Ռուզաննա Ադամյանի դեմ դատախազ Անդրեասյանի սեղանին 15 նմանատիպ գործ կար, բոլորն էլ չնչին գումարներով, խարդախությամբ ուրիշի տների բռնազավթման դեմ բողոքներով»:
Գործն ուղարկում են Կենտրոնի քննչական բաժին, որտեղ քրեական գործի հարուցումը մերժվում է: 2 տարի հետո Ռոբերտ Ամիրյանն իմանում է, որ նոտարական գրասենյակում ստորագրած իր թուղթը վերաբերում է ոչ թե պարտքին, այլ տան առուծախի պայմանագրի, իսկ իրավապահներն այդ հանգամանքը խնամքով թաքցրել են իրենից, քանի որ Ռոբերտ Ամիրյանը կարող էր նոր փաստարկներ բերել, որոնք քննիչները պարտավոր էին ստուգել: Գործը հանգրվանեց դատարաններում («Առավոտը» բազմաթիվ անգամ է անդրադարձել այս տան պատմությանը):
7 տարի տառապած Ռոբերտ Ամիրյանը այլ խնդիր է լուծում, քանի որ վճռաբեկ դատարանը բեկանել է վերաքննիչ դատարանի դատավոր Նոյեմ Հովսեփյանի տխրահռչակ որոշումը, այն է՝ գործը ուղարկել քաղաքացիական դատարան՝ նոր քննության, իսկ վերջինը՝ խաբեությամբ կորզած ստորագրությամբ տան առուծախը համարելով շինծու գործարք՝ անվավեր է ճանաչել վերոհիշյալ տան առուծախի պայմանագիրը եւ տունը վերադարձրել է Ռոբերտ Ամիրյանին, ուստի տուժողն իրավամբ դիմել է իրավապահ մարմիններին՝ անգործությունից ժանգոտած Դատական օրենսգրքի 13 հոդվածի 6-րդ կետով եւ Քրեական օրենսգրքի 352 հոդվածով, ակնհայտ անարդար վճիռ կայացնելու համար, դատավոր Նոյեմ Հովսեփյանին (ինչո՞ւ միայն նրան) քրեական պատասխանատվության ենթարկելու պահանջով:
Ոստիկանության կենտրոնական բաժնի Մարաշի բաժանմունքի պետ Մ. Ստեփանյանը այդ բողոքին պատասխանել է. «Պարզաբանման կարգով հայտնվում է, որ դատավորի՝ շահադիտական կամ անձնական այլ դրդումներով, ակնհայտ անարդար դատավճիռ, վճիռ կամ դատական այլ ակտ կայացնելու փաստի առթիվ քրեական հետապնդում չի կարող իրականացվել, եթե այդ ակտը չի բեկանվել վերադաս դատարանի կողմից, բացի այդ, հետաքննության մարմինը հետաքննության կամ քննչական մարմնի կողմից կայացրած որոշումների օրինականության նկատմամբ հսկողություն իրականացնելու լիազորություն չունի»: Ստացվում է, որ ոստիկանությունում տեսողության պրոբլեմ են ունեցել եւ չեն նկատել, որ Նոյեմ Հովսեփյանի կայացրած դատական ակտը արդեն բեկանվել է վճռաբեկ դատարանի կողմից, իսկ քաղաքացին իրավամբ դիմել է իրավասու մարմնին՝ Հատուկ քննչական ծառայությանը, ուստի իրենց վերադասի հրահանգը ոստիկանությունում պարտավոր են կատարել, այլ ոչ թե քաղաքացու մոտ անզոր ձեւանալ: Իսկ դատական ակտերի օրինականության նկատմամբ հսկողություն իրականացնելու խնդրանքով նրանց ոչ ոք չէր էլ դիմել, այդ արդեն արել էր վճռաբեկ դատարանը: Հարցը վերաբերում էր կոռուպցիայի մեջ դատավորին մեղադրելուն եւ որեւէ դատավորի ով կամ ում բարեկամ լինելը չպետք է կապեր իրավապահների ձեռքերը. սա եւս կոռուպցիա է: Ոչինչ չանելով, ՀՔԾ-ն եւ ոստիկանության քննչական բաժինը ուղղակի կանգնում են ոչ թե Նոյեմ Հովսեփյանի նմանների թիկունքին, այլ հենց կողքին՝ որպես քողարկիչ-հանցակից: