«Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի տնօրեն Աշոտ Բլեյանը կարծում է, որ իրական եւ հայաստանյան դպրոցական կյանքի միջեւ անջրպետ կա:
«Նոր տեխնոլոգիաները մեր կյանք մտան շատ արագ ու գրեթե աննկատ, բայց, չգիտես ինչու, դպրոցում դեռ թուղթն ու գրիչն է կիրառվում: Այսինքն՝ հակասություն է ստեղծվում, իրական կյանքում այլ միջավայր է, դպրոցում՝ լրիվ ուրիշ»,- «Առավոտի» հետ զրույցում իր զարմանքը հայտնեց «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի մանկավարժ Սուսաննա Մարկոսյանը: Կրթօջախում երեկ կազմակերպվեց ավանդական դարձած «Նոր տեղեկատվական տեխնոլոգիաները հանրակրթության մեջ» թեմայով քննարկում: Այն, թեեւ նախատեսված էր նաեւ հանրակրթական այլ դպրոցների մանկավարժների համար, բայց հիմնական մասնակիցները «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի մանկավարժական կազմն էր: Տիկին Մարկոսյանը մեզ հետ զրույցում վստահեցրեց, որ դպրոցը պետք է արտահայտի կյանքը. «Թէ չէ, երեխաներից դպրոցում պահանջում են համակարգչով նյութ հավաքել, էլ չեմ ասում՝ համակարգչային ծրագրերի ու հմտությունների տիրապետել, բայց նա դա որտե՞ղ պետք է սովորի, եթե, օրինակ՝ տանը չունի համակարգիչ»:
Կրթահամալիրի մեկ այլ ուսուցիչ էլ կարծիք հայտնեց, թե երեխաները տպագիր կարդալ չեն սիրում, բայց ինտերնետից իրենց պետք եղած նյութը հաճույքով են «քչփորում» ու գտնում. «Նոր սերնդի երեխաներն ավելի հեշտ կապվում են տեղեկատվական տեխնոլոգիաներին, քան՝ գրքին, նրանք ինտերնետում տեղադրված ինֆորմացիան, պատմությունն ավելի արագ են ընկալում եւ տպավորիչ պատմում են: Մի բան է, երբ երեխային ասում ես, որ կաթից կաթնաշոռ են ստանում, մեկ այլ բան է, երբ երեխան համակարգչային ծրագրով այդ պրոցեսը իրականացնում է»:
Նոր դպրոց-պարտեզ ուսուցողական ծրագրի ղեկավար, մանկավարժ Նառա Նիկողոսյանն էլ նկատեց, որ այս ծրագրի պահանջարկը հասարակության շրջանում մեծացել է. «Ի՞նչ է նշանակում նոր տեխնոլոգիաները կրթական դասարանում. դա եւ էլեկտրոնային գրատախտակն է, եւ թվային ֆոտոխցիկը, եւ ձայնագրիչը: Այս ամենը կրթության կազմակերպման նոր ձեւեր են բերում, որոնց շնորհիվ հեշտանում է դասավանդումը, ուստի որքան հնարավոր է շուտ դրանք պետք է ինտեգրենք դպրոց: Տեղին չեն այն մտահոգությունները, թե նոր տեխնիկան խանգարում կամ շեղում է երեխայի ուշադրությունը, այս առումով ոչ մի մտավախություն չունենք»: Նրա խոսքով, օրեր առաջ կրթահամալիրի մի խումբ մանկավարժներ գործուղվել էին Ջավախք՝ նոր տեխնոլոգիաների անհրաժեշտությունը ներկայացնելու նաեւ Վրաստանի հայ գործընկերներին: Կրթահամալիրի տնօրեն Աշոտ Բլեյանն էլ տեղեկացրեց, որ սեպտեմբերին դպրոցի՝ նոր տեխնոլոգիաներով չորս դասարանների շարքը կհամալրվի եւս 20-ով. «Իրական կյանքի ու հայաստանյան դպրոցի միջեւ մեծ անջրպետ կա: Աշխարհում նոր տեխնոլոգիաները սրընթաց զարգանում են, բայց հայաստանյան դպրոցն ապրում է ձեռագիր, տպագիր շրջան: Դպրոցում հին մեթոդներով ուսուցումը 21-րդ դարի երեխայի համար ձանձրալի ու անտանելի է: Նոր տեխնիկայի կիրառումը դպրոցում անհրաժեշտ է, դրա շնորհիվ գյուղում ապրող երեխան իրեն կզգա աշխարհի ու իրադարձությունների կենտրոնում»: Պարոն Բլեյանը նաեւ ընդգծեց, որ նոր ծրագրով ուսուցումը չի ենթադրում ծանրաբեռնվածություն. «Նոր ծրագիրը՝ առարկաները ավելի քիչ ժամանակում ուսումնասիրելու հնարավորություն է տալիս, քանի որ ուսուցումն անցկացվում է ե՛ւ տանը, ե՛ւ դպրոցում»: