Օրգանական քիմիայի ինստիտուտի գիտաշխատողները ստիպված սեփական ուժերով են վերանորոգում գիտական լաբորատորիաները:
ՀՀ ԳԱԱ ենթակայության տակ գտնվող ինստիտուտների շենքային անմխիթար վիճակին «Առավոտը» բազմիցս անդրադարձել է: Այս անգամ հյուրընկալվեցինք Ազատության 26 հասցեում տեղակայված Մնջոյանի անվան նուրբ օրգանական քիմիայի ինստիտուտում, որը վթարային վիճակում գտնող ինստիտուտների շարքում է: Կենտրոնական մասնաշենքի առաջին հարկը վերանորոգված էր, սակայն միայն մուտքը, միջանցքն ու հաշվապահությունը, այլ ոչ՝ բոլոր սենյակները: Նուրբ օրգանական քիմիայի ինստիտուտի, Օրգանական եւ դեղագործական քիմիայի գիտատեխնոլոգիական կենտրոնի տնօրեն Վիգեն Թոփուզյանն «Առավոտին» ասաց, որ այդ հատվածը նոր է վերանորոգվել՝ 6 միլիոն դրամ պետական ֆինանսավորման եւ ինստիտուտի կողմից 1-1,5 միլիոն դրամ հատկացումների շնորհիվ: Վ. Թոփուզյանը նկատեց. «Վերանորոգված եւ փոքր-ինչ բարվոք վիճակում է գտնվում ինստիտուտի տարածքի ընդամենը 10 տոկոսը»:
Գիտության պետական կոմիտեի՝ գիտական ինստիտուտների «օպտիմալացման» քաղաքականության արդյունքում, նախկինում Քանաքեռում գտնվող Օրգանական քիմիայի ինստիտուտն այժմ տեղափոխվել է Նուրբ օրգանական քիմիայի ինստիտուտ: Ուստի Օրգանական քիմիայի ինստիտուտին «ժառանգություն» մնացած, անմխիթար վիճակում գտնվող երկու մասնաշենքերը գիտնականներն իրենց ուժերով են փորձում կարգի բերել, որպեսզի այնտեղ կարողանան աշխատել: Այս մասին Վ. Թոփուզյանն ասաց. «Տեղափոխման համար հատկացվել է շուրջ 9.7 միլիոն դրամ, ինչը նախատեսված է ջուր բերող եւ ջրահեռացման, էլեկտրականության, օդամաքրիչ համակարգերը վերականգնելու համար, բայց ոչ պատերի, հատակի եւ պատուհանների վերանորոգման համար: Ուստի մեր՝ դեղերի արտադրությունից գոյացած գումարներից հատկացումներ ենք կատարել, որպեսզի կատարվեն որոշ վերանորոգման աշխատանքներ: Համամիտ չեմ գիտական ինստիտուտներին եւ գիտնականներին վերաբերող վարչապետի որոշ մտքերի հետ, քանի որ, օրինակ, մենք, լինելով պետական կազմակերպություն, անում ենք ամեն ինչ, որ միայն պետության հույսին չմնանք, չնայած ընդունված է, որ գիտական համակարգը պիտի լինի պետության հոգսը, բայց մենք չենք ուզում այդպիսին լինել եւ սեփական արտադրությամբ փորձում ենք ինքնուրույն որոշ հարցեր լուծել»:
Վերանորոգման կարիք ունեն բոլոր քիմիական, կենտրոնական մասնաշենքի 2-4-րդ հարկերում գտնվող կենսաբանական մասնաշենքերը: Ինստիտուտն ունի նաեւ տարածքի հետ կապված խնդիրներ: Ժամանակին տարածքի որոշ հատված օտարվել է, որտեղ այժմ գործում է ձկնարան եւ երկհարկանի մի շինություն: Ձկնարանի փոխարեն, իբր, պիտի կառուցվեր դեղատուն, սակայն դեղատունը գործել է շատ կարճ ժամանակահատված, այնուհետեւ՝ վերածվել ավտոպահեստամասերի կենտրոնի եւ այլն: իսկ Վերահսկիչ պալատի ստուգումները ցույց են տվել, որ այդ հատվածը անօրինական է օտարվել ինստիտուտից:
Ինստիտուտի քիմիական արտադրությունից ընդամենը 500 մետր հեռավորության վրա էլ՝ ՀՀ կառավարության որոշմամբ, կկառուցվի երկու բնակելի շենք՝ երիտասարդ գիտնականների համար, որտեղի բնակիչներին քիմիական վնասակար արտանետումներից ցանկապատն արդեն ի զորու չի լինի փրկել: Իսկ թե ի՞նչ ճակատագիր կունենա Քանաքեռում գտնվող Օրգանական քիմիայի ինստիտուտի նախկին 5,5 հա տարածքը՝ դժվար է ասել, հաշվի առնելով այն, որ արդեն լուրեր են պտտվում, թե այնտեղ մի էլիտար համալիր է նախատեսվում կառուցել: