«Հայ գործարարների 78%-ը մեկնում է արտասահման՝ բիզնես նպատակներով տարվա մեջ առնվազն մեկ անգամ. դա ցույց է տալիս bmi (British Midland International) կողմից անցկացված հարցումը»,- տեղեկանում ենք bmi-ից ստացած հաղորդագրությունից: Համաձայն դրա՝ «ավելի քան 100 մասնավոր եւ հասարակական կազմակերպությունների միջեւ անցկացված հարցումը ցույց է տալիս, որ չնայած տնտեսական ճգնաժամին, հարցվածների 51%-ը պնդում է, որ իրենց բիզնես ճանապարհորդությունների ծավալը չի կրճատվել այս տարի: Հարցվածների 90%-ն ասել է, որ արձակուրդ են գնում տարվա մեջ առնվազն մեկ անգամ, իսկ 55%-ը խոստովանում է, որ իրենք փորձում են համատեղել բիզնես ճանապարհորդությունը եւ հանգիստը ամեն անգամ, երբ դա հնարավոր է: Հարցվածների 76%-ը նույնիսկ կնախընտրեր իրենց տրամադրված առկա բիզնես կարգի տոմսը փոխարինել էկոնոմ կարգի տոմսով՝ փոխարենը շահելով մի քանի օր ավելի հանգիստ գնի տարբերության հաշվին: Սա զարմանալի չէ, երբ տեսնում ենք, որ հարցվածների մոտ նոր փորձը (61%) եւ նոր ծանոթությունները (39%) համարվում են բիզնես ճանապարհորդությունից մնացած լավագույն հետեւանք: Ավելին, հարցվածների 47%-ը կնախընտրեր ավելի շատ ազատ ժամանակ ունենալ բիզնես ճանապարհորդությունների ընթացքում»: