Երեկ առավոտյան լրատվամիջոցները ահազանգել էին, որ Վրաստանում ձերբակալվել է Հայաստան ցորեն բերող մի նավ: Օրվա երկրորդ կեսին տեղեկացանք, որ Վրաստանի առափնյա պահակախմբի կողմից հուլիսի 29-ին ձերբակալված ուկրաինական «Ակկորդ» բեռնատար նավի ցորենը բեռնաթափվել է եւ տեղափոխվում է Հայաստան։ Այս մասին tert.am-ին տեղեկացրել է ՀՀ արտգործնախարարի մամուլի քարտուղար Տիգրան Բալայանը՝ նշելով, որ այդ հարցով անձամբ զբաղվում է Բաթումում Հայաստանի գլխավոր հյուպատոսը։ Նավն այժմ գտնվում է «Փոթի» նավահանգստում։ «Գործով վարույթ է հարուցվել, որը քննում է «Փոթիի» պահակախումբը»,- ասաց Բալայանը։ Հիշեցնենք, որ նավի ձերբակալումը պատճառաբանվել էր Աբխազիայի ջրային տարածք դրա ապօրինի մուտքով: